Պետք է այնպես անել, որ ներդրողի ու բնակիչների շահերը համընկնեն Կոնդում

Պետք է այնպես անել, որ ներդրողի ու բնակիչների շահերը համընկնեն Կոնդում

Մեկնարկել է Երեւանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթը: Կազմակերպիչը ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է։ Հայտերի գրանցման վերջնաժամկետն ապրիլի 20-ն է, իսկ մինչեւ հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը:

Երկու փուլով անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն ՀՀ դրամ: 1-ին փուլում լինելու է 1-7 մրցանակ: Ընտրված 7 հայեցակարգերի հիման վրա հայտարարվելու է քաղաքաշինական-ճարտարապետական էսքիզի նախագծային մրցույթ (2-րդ փուլ)։ 2-րդ փուլում մրցանակային տեղերը կլինեն 3-ը։ Ընդ որում՝ առաջին մրցանակ շահած աշխատանքը ենթակա չէ պարտադիր իրականացման։

Մրցույթի ժյուրիի կազմում ներառված է 32 մասնագետ՝ Հայաստանից եւ արտերկրից: Նախագահն ակադեմիկոս, ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն է։  

Մրցութային առաջարկները ժյուրին գնահատելու է մի քանի չափորոշիչով, այդ թվում՝ այն չափորոշիչով, թե ինչքանով են դրանք համապատասխանելու ՀՀ օրենսդրական դաշտին եւ պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։  

Ժյուրիի նախագահ, ճարտարապետ Հրաչյա Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հնարավոր արդիականացնել Կոնդը՝ պահպանելով թաղամասի մշակութային շերտը։ «Պետք է հնարավորինս պահպանել գոյություն ունեցող թաղամասը, հին կառուցապատման հմայքը եւ դարձնել նոր, հարմար թաղամաս, բայց հիմա կանխատեսումներ պետք չէ անել, որովհետեւ դրա համար մրցույթ է հայտարարված, որպեսզի ճարտարապետները իրենց կոնցեպցիան մշակեն եւ իրենց կանխատեսումներն անեն, որից հետո կնայենք, թե որն է լավ, որը՝ վատ, եւ կընտրենք այն տարբերակը, որը մեզ հարմար կլինի»։

Որպեսզի Կոնդը «Հին Երեւանի» ճակատագրին չարժանանա, ինչպե՞ս կարելի է այն պահպանել՝ իր կենդանի միջավայրով։ «Ես գիտեմ, թե ինչպես կարելի է, բայց չեմ ասի, որովհետեւ մրցույթ է հայտարարված, երբ ճարտարապետները կանեն, կգնանք կնայենք, արդյունքում կա՛մ կուրախանանք, կա՛մ հակառակը»,- ասում է Պողոսյանն ու նշում, որ կենդանի միջավայրի պահպանությունը վերին աստիճանի բարդ գործ է․ «Որովհետեւ, մի կողմից, ուզում ենք պահպանենք, մյուս կողմից՝ արդիականացնենք։ Դրանք մի քիչ իրար հակառակ բաներ են, բայց ոչ անհնար»։

Թե միջազգային պրակտիկայում սովորաբար ինչպես է դա արվում, Պողոսյանն ասաց․ «Բազմաթիվ տարբերակներ կան աշխարհում, կա տարբերակ, երբ հին կառուցապատումը՝ ինքը, արդեն ամբողջական է, օրինակ՝ Սանտորինի կղզին կամ Կիպրոսը։ Եվ ամեն անգամ խնդիրը լուծվում է իր ուրույն ձեւով՝ տվյալ տեղի համար։ Ինչ վերաբերում է Կոնդին, այդ թաղամասը շատ անմխիթար վիճակում է, որովհետեւ տարիների ընթացքում՝ լինի բնակելի թե հուշարձանային շենք, դրանց վրա այնքան կցակառույցներ են ավելացվել, որ հարկավոր է դրանցից գլուխ հանել։ Դրա համար 2 փուլով է արվում այս մրցույթը։ Առաջին փուլն  ուսումնասիրություններ են եւ առաջարկություններ, երկրորդ փուլում՝ ճարտարապետական նախագիծ՝ այդ ուսումնասիրությունների հիման վրա, որովհետեւ պետք է այնտեղ լուրջ ուսումնասիրություններ անել, տեսնել, թե ինչն է պահպանվելու, ինչը՝ ոչ, եւ որոշել, թե ինչպես պետք է այդ բոլոր բաներն անել»։

Ստացվում է՝ մի կողմից պետք է պահպանվի Կոնդը, մյուս կողմից, ինչպես գրված է փաստաթղթում, այնտեղ պետք է լինեն հասարակական տարածքներ, զարգացվի փողոցային ցանցը։ Կոնդն ունի՞ այդ ռեսուրսը։ Հարցին ի պատասխան, Հ․ Պողոսյանը նշեց, որ փողոցային ցանցը պետք է հնարավորինս պահպանել, իսկ մյուս խնդիրների լուծումն իրենց առաջ պետք է դնեն հենց մրցույթի մասնակից ճարտարապետները։ «Կոնդը Երեւանի ամենահին եւ մինչեւ օրս պահպանված թաղամասն է, որի շունչը եւ այդ հնության գեղեցկությունը մենք ուզում ենք պահպանել եւ, բնականաբար, ուզում ենք, որ այն նաեւ աշխատի եւ լինի նորմալ, հասարակական տարածքներով գոտի, որովհետեւ եթե խոսքը գնա միայն բնակիչների մասին, չի ստացվի․ բնակիչների մի մաս կա, որ ուզում է այնտեղից հեռանալ, բայց կան բնակիչներ էլ, որ ուզում են այնտեղ մնան եւ ապրեն։ Այդ բոլորը պետք է ուսումնասիրվի, մարդկանց հետ խոսվի եւ հետո նոր ինչ-որ որոշում ընդունվի»։

Մրցութային փաստաթղթում, որպես խնդիր, ձեւակերպված է՝ «մշակել արդի եւ ռացիոնալ ճարտարապետական եւ քաղաքաշինական լուծումներ, որոնք համայնքը գրավիչ կդարձնեն իր բնակիչների, զբոսաշրջիկների եւ ներդրողների համար»։ Արդյոք ներդրողի ու բնակիչների շահերը կհամընկնե՞ն Կոնդում։ «Պետք է հասնել նրան, որ համընկնեն, եւ այնպես անել, որ վատ օրինակները չկրկնվեն, բնակիչները չտուժեն, եւ միեւնույն ժամանակ քաղաքը չտուժի, որովհետեւ, բացի բնակիչներից, կան նաեւ համաքաղաքային շահեր»,- ընդգծում է Պողոսյանը։