Զինծառայողի մահվան պատճառ հանդիսացել են անձնակա՞ն հանգամանքները. ՀՀ-ում հետաքննում են ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները

Զինծառայողի մահվան պատճառ հանդիսացել են անձնակա՞ն հանգամանքները. ՀՀ-ում հետաքննում են ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները

Երեկ Գյումրիում հայտնաբերվել է  ռուս զինծառայողի դի: 20-ամյա Սալիխովի դին ոստիկանները կախված վիճակում հայտնաբերել էին Գյումրու Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում: Սալիխովը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում: Բնակարանը վարձակալել էր հենց նա: Մեզ հետ զրույցում Մուշ թաղամասի բնակիչները  ասացին, որ երիտասարդ զինծառայողին մի քանի անգամ նկատել են՝ զինվորական հագուստով ելումուտ է արել, մոտակա մթերային խանութից առևտուր է արել եւ տարօրինակ վարքագիծ չի դրսևորել: Զինծառայողի մահը  գյումրեցիների համար ցավալի է, միաժամանակ՝ անհասկանալի:

Նշենք, որ Ռուսական լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են դեպքին: Ռուսաստանցի զինծառայողի դին հայտնաբերվել է շաբաթ օրը՝ Հայաստանի Գյումրի քաղաքում վարձակալած բնակարանում. ստորաբաժանման հրամանատարությունը և իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում, տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգից: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«2020 թվականի հուլիսի 4-ին Գյումրի քաղաքում՝ զորամասի սահմաններից դուրս՝ վարձակալված բնակարանում գտնվել է 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային ծառայության զինծառայողի դին: Բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների՝  զինծառայողի մահվան պատճառ հանդիսացել են անձնական հանգամանքները», - ասվում է հաղորդագրության մեջ: