Ժամանակին ուրիշի անվան տակ զանգում էին տնօրեններին, հիմա՝ ոստիկանական տեռորը չեն նկատում

Ժամանակին ուրիշի անվան տակ զանգում էին տնօրեններին, հիմա՝ ոստիկանական տեռորը չեն նկատում

Դանիել Իոաննիսյանի «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ևս մշտադիտարկում է արել։ Համացանցում հայտնվեց Իոաննիսյանի եւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի ընդհարումը, իսկ Իոաննիսյանը շտապեց գրառում կատարել նշելով, թե՝ Կարեն Համբարձումյանը Սիսիանի 34/06 տեղամասում առավոտվանից ակնհայտ արհամարհական պահվածք է ցուցաբերում Ընտրական օրենսդրության նկատմամբ՝ «օրենքի խախտմամբ շարունակականորեն գտնվում է տեղամասի մուտքի մոտ, ստեղծում կուտակումներ, անտեսում ոստիկանների` մեքենան հանելու պահանջը»։ Գրել էր, որ իշխանական պատգամավորը համարյա ամբողջ օրը անցկացրել է տեղամասի մուտքի մոտ (մի քանի ժամը` մուտքի մոտ կայանած իր մեքենայում), ուր լսում էր ընտրողներին ուղեկցող անձանց («տասովշիկների») «զեկույցները»։ 

Տպավորություն է, թե իշխանությունների միակ «հանցանքն» այս ընտրություններում Կարեն Հովհաննիսյանի մեքենան կայանելու հարցն էր եւ չփարատված կասկածները, թե «տասովշիկների» զեկույցներն է նա լսել: Այսինքն, այնքան իդեալական են եղել ընտրությունները, որ միակ խնդիրը սույն պատգամավորի վարքագիծն է եղել, որտեղ օրենքով պատժելի ոչինչ չկա: Մենք մի քանի հարց ուղղեցինք Դանիել Իոաննիսյանին:

- «Անկախ դիտորդն» այս անգամ ի՞նչ խախտումներ է արձանագրել:

- Մեր հայտարարության մեջ ամեն ինչ ասված է: Դրանից զատ ավելացնելու այլ բան չունեմ:
(Մենք կարդացինք այդ հայտարարությունը, որտեղ աննշան խախտումներ են արձանագրված, իսկ վերջաբանում նշված է․ «2022 թ․ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են տեղամասերում քվեարկությանը մասնակցած ընտրողների որոշումը: Սակայն այդ որոշումների վրա ազդող հանգամանքների, նաև ոչ իրավաչափ մեթոդների օգտագործման ազդեցության չափի գնահատումը, նաև իրարից էականորեն տարբերվող համայնքներում ընտրությունների գնահատումը պահանջում են երկարաժամկետ դիտորդության վերջնական ամփոփում, ինչպես նաև դիտորդների կողմից արձանագրված խախտումների հանգամանքների և նկարագրությունների ուսումնասիրություն»):

- Նախկինում` ՀՀԿ-ի իշխանության տարիներին աղմկոտ բացահայտումներ էիք անում: Օրինակ, զանգահարում էիք դպրոցի տնօրեններին, այլ անձի անունից էիք հանդես գալիս և պատռում էիք ՀՀԿ-ականների «դիմակը»: Հիմա ինչո՞ւ նման բացահայտումներ չեք անում:

- Ո՞վ ասաց, որ հիմա նման քայլեր չեն արվում:

- Իսկ ի՞նչ քայլեր են արվում:

- Արվում են, հիմա ես, որ պատմեմ դրանց մասին, այդ քայլերը կիմաստազրկվեն:

- Արդյունքում` ի՞նչ եք «ջրի երես» հանել:

- Ինչ արվում է, հրապարակվում է: Եթե բացահայտումներ լինեին` կհրապարակեինք:

- Ի՞նչ գնահատական կտաք վերջին ՏԻՄ ընտրություններին:

- Ամեն ինչ ասել եմ, ավելացնելու բան չունեմ այդ մասով: Մենք ունենք մեր դիրքորոշումը, որը հայտնել ենք մեր հայտարարության մեջ: Դրանից ավել էլ ի՞նչ ասեմ: Կոնկրետ կարող եմ ասել, որ պագամավոր Կարեն Համբարձումյանի դեպքի հետ կապված դիմելու ենք ԱԺ էթիկայի կանձնաժողով, որպեսզի քննվի նրա պահվածքը:

- Կարծում եք նրա մեքենա կայանելու վայրն այդքան վճռորո՞շ է եղել....

- Այո, վճռորոշ է, երբ պատգամավորն օրենք է ոտնահարում: Սա շատ կարևոր իրադարձություն է: 

- Օրինակ` Բերդ խոշորացված համայնքում աննախադեպ թվով ոստիկաններ են եղել: Չե՞ք փորձել իրավիճակին գնահատական տալ:

- Նման բան լինել չի կարող: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոստիկանները համաչափ են բաշխվել տարբեր համայնքներում: Էնպես չի, որ մի տեղ շատ են եղել, մի տեղ` քիչ:

- Գիշերվա ժամը 11-ին ձերբակալությունները, վախի մթնոլորտ ստեղծելը մտահոգիչ չէ՞:

- Ձերբակալությունները կապված են ենթադրաբար ընտրական հանցագործությունների հետ: Սա է իրողությունը:

- Ընտրական հանցագործություններ իշխանական թևից չե՞ք արձանագրել:

- Եթե արձանագրեինք, այդ մասին հաղորդում կներկայացնեինք հանցագործության մասին, չի եղել, չենք ներկայացրել, հո զոռով չի: Ասեմ, որ այս ընտրությունների ամենամեծ պրոբլեմն ադրբեջանական ագրեսիան էր: Դա ընտրությունների ընթացքին շատ խանգարեց:

- Իսկ այն, որ ընտրություններից օրեր առաջ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում առաջադրված «Հանուն ժողովրդի» դաշինքի 23 հոգանոց ցուցակից 19 հոգի մեկ գիշերվա մեջ ինքնաբացարկ է հայտնել, եւ ԿԸՀ-ն սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ անվավեր է ճանաչել այս ուժի մասնակցությունը, մտահոգիչ չէ՞։ Փորձե՞լ եք պարզել, թե ինչպես է ստացվել, որ մի գիշերվա մեջ 19 ինքնաբացարկ է ներկայացվել նույն դաշինքից:

- Գյուլագարակում ինքնաբացարկների մասով, այո, կար տարափ, սակայն ես դրա վերաբերյալ չունեմ ինֆորմացիա, առ այն, որ այդ թեկնածուների նկատմամբ ճնշում է գործադրվել: Մենք նման ինֆորմացիա ունենք, օրինակ, Սիսիանում «Ապրելու երկիր» կուսակցության հետ կապված: Սիսիանում «Ապրելու երկիր» կուսակցությունից շատերին ճնշել են, որպեսզի մարդիկ ներկայացնեն ինքնաբացարկ: Ընդգծեմ, որ այս մասով ևս չունեմ ապացույց, սակայն ունեմ նման ինֆորմացիա: Այս մասով ահազանգեր էլ ենք ստացել, ընդ որում` տարբեր ճնշումների մասին: Առողջապահական հիմնարկներում և բուժհաստատություններում եղել է աշխատակիցների նկատմամբ ճնշում: Մեր աղբյուրները նշում էին հենց պատգամավոր Կարեն Համբարձումյանի անունը: Գյուլագարակում տեղի ունեցածը տալիս է կասկածի տեղիք, սակայն մենք չունենք ինֆո, որ եղել է ճնշում: Միամիտ պետք է լինել` որոշակի կասկածներ չունենալու համար:

- Ընտրացուցակները ԿԸՀ-ում բաց են։ Այսինքն՝ երեւում է, թե ով է ընդգրկվել՝ աշխատավայրը, բնակության հասցեն։ Եվ գրանցումից հետո սկսվում են ճնշումներ թեկնածուների դեմ, որպեսզի դիմում գրեն, հրաժարվեն։

- Միշտ էլ էդպես է եղել, շատ պարզ պատճառով` ընտրողը պետք է իմանա ով է ընտրվողը: Իշխանությունը եթե ցանկանա իմանալ, թե ընդդիմադիր ուժերից ով է առաջադրված թեկնածուն և որտեղ է աշխատում, կարծում եմ` խնդիր չէ: Բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանությունների համար դա պարզելը խնդիր չէ: Այդ պարագայում բոլորի համար` ընտրողի, շարքային քաղաքացու, լրագրողի համար նման ինֆորմացիա պարզելը գուցե դժվար լինի, սակայն իշխանությունների համար դժվար չի լինի: Այնպես որ եղանակ չի փոխում սա:

- Իսկ չե՞ք փորձել Գյուլագարակում ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների հետ խոսել:

- Փորձել ենք: Մեր դիտորդները բոլոր դեպքերի հետքերով գնում են, խոսում են, սակայն թեկնածուները մեր դիտորդներին չեն պատմում: Երբեմն կիսատ-պռատ են խոսում, երբեմն չեն խոսում ընդհանրապես: Օրինակ` Սիսիանում` մեր դիտորդները գնացել են դեպքի հետքերով և «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները որոշ բաներ պատմել են: Մենք որոշակի միջոցառումներ ենք ձեռնարկել, որպեսզի ապացույցներ ձեռք բերենք, թե որքանով են ճիշտ Սիսիանից հնչող ահազանգերը, սակայն չի ստացվել ապացույցներ հավաքել: Գյուլագարակում մարդիկ ևս չեն խոսում: Դիտորդը գնում է` հարցնում ինչո՞ւ ես ինքնաբացարկ ներկայացրել, մարդիկ չեն ասում.... մարդիկ որ չեն խոսում, դժվար է ինչ-որ բան անելը: