Այնուամենայնիվ

Այնուամենայնիվ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից եզրահանգել է, որ Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւած է Մյունխենում,  այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է, այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է եւ ձեւակերպել չորս հարց,
 1. Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից եւ վատ անգլերենով ձեւակերպումներից անդին)։
2. Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն։
3. Ինչպե՞ս է այդ նոր «բովանդակությունը» ձեւակերպվելու միջազգային զեկույցներում, բանաձեւերում։
4. Ի՞նչ խմբագրությամբ են Հայաստանի պատվիրակությունները եւ ԱԳՆ-ն առաջ մղելու Արցախին վերաբերող ձեւակերպումները միջազգային ասպարեզում։ Ես Աշոտյանի եւ Փաշինյանի միջեւ «հաշտարար դատավոր» չեմ, բայց այնուամենայնիվ զարմանում եմ, թե ինչու՞ է նախկին իշխանությունն այդքան մտասեւեռված Արցախի հարցում վարչապետի, թույլ տամ ինձ այսպես ձեւակերպել՝ նորարարության վրա: Երբ 1998թ. հունվարին Անվտանգության խորհրդի երկու օր տեւած նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ համոզել, որ կարգավորման «փուլային» տարբերակն ամենաօպտիմալ լուծումն է եւ երկու շաբաթ անց հրաժարական տվեց, հեռացած իշխանության եւ ոչ մի ներկայացուցիչ չքննադատեց կարգավորման ոչ «ընդհանուր պետության» տարբերակը, ոչ Քիուվեսթը, ոչ «փարիզյան սկզբունքները»: Նոր իշխանությունը կատարելապես ազատ էր՝ գտնելու ԼՂ հարցի «հաղթական լուծման» տարբերակը: Հիմա  Փաշինյանը գտնում է, որ հակամարտության կարգավորումը «մադրիդյան սկզբունքներով» կամ դրանց մոդիֆիկազված տարբերակով հնարավոր չէ, դա չի համապատասխանում մեր ազգային շահերին եւ փորձում է առաջ մղել այլ հայեցակարգ: Նախկին իշխանությունն ինչու՞ է դրանից տագնապում: Կա՞ն ռիսկեր, իրենք ինչ-որ կոնֆիդենցիալ ինֆորմացիա ունեն, որ իրավիճակը կարող է սրվե՞լ: Թե պարզապես չեն ուզում, որ Արցախի հարցում Փաշինյանը հաջողի, քանի որ դա կամրապնդի նրա իշխանությու՞նը: Եթե գործ ունենք առաջին տարբերակի հետ, ապա նախկին իշխանությունը պարզապես պարտավոր է բացել կոնֆիդենցիալ ինֆորմացիան, հանրությանը ներկայացնել հիմնավոր փաստարկներ, որ կարգավորման հայեցակարգի փոփոխության ջանքերը հղի են լայնածավալ ապակայունացման վտանգով: Իսկ եթե Փաշինյանի նորարարության քննադատությունը սոսկ քաղաքական չուզողություն է, դա արդեն բոլորովին այլ «ձայնասկավառակ» է: Անձամբ տպավորություն ունեմ, որ նախկին իշխանությունն ուզում է ասել, որ կարգավորման «ոսկե միջինը» ԵԱՀԿ ՄԽ ներկայացրած տարբերակն է, բայց քաջությունը չի բավարարում, որովհետեւ այդ դեպքում նրան «դեմ կտան պատին» եւ կհարցնեն. «Եթե այդ այդպես է, ինչու՞ վիժեցրիք 1997թ. արդեն գրեթե լիովին համաձայնեցված տարբերակը»: Ես էլ, անկեղծ ասած, իմ նախկին գործընկեր Աշոտյանից այս հարցի պատասխանը կուզեի լսել: Ինչպես ինքն է ասում՝ աչքս տեսնի, թե չէ մնացածը, դարձյալ իր ձեւակերպումն օգտագործեմ՝ «քամի է»: