Ինչո՞ւ են հենց Մհեր Գրիգորյանն ու Համբարձում Մաթևոսյանը հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցակում 

Ինչո՞ւ են հենց Մհեր Գրիգորյանն ու Համբարձում Մաթևոսյանը հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցակում 

«Սա ցուցակ չէր, սա համալիր մեթոդաբանության օրինակ էր, թե ինչպես կարելի է խցանը տեղահանելուց հետո ժամանակավոր այս անցման շրջանի համար հավասարակշռություն բերել։ Դա մի մեթոդաբանական օրինակ է, և ասեմ՝ ոչ մեկի հետ չեմ խոսել, որևէ մեկին հարվածի տակ չեմ վերցրել»։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր հրապարակած Ազգային վստահության խորհրդի ցուցակը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Համբարձում Մաթևոսյանի՝ այդ ցուցակում ընդգրկվելն ինչո՞վ էր պայմանավորված, երբ որ նրանք Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ են հանդիսանում, ինչո՞վ են նրանք աչքի ընկել որպես բացառիկ հայրենասեր, Հայաստանի շահը սպասարկող անձինք։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ ինքը հիմա մեկ առ մեկ չպիտի գնահատի մարդկանց արժանիքները կամ բաց կողմերը, ամեն մեկը մարդ է, ամեն մեկն ունի հետագիծ․ «Եւ, իմ կարծիքով, դա համալիր մեթոդաբանության արդյունք է։ Եւ յուրաքանչյուրս կարող է ունենալ իր մոտեցումը, իր համաձայնությունը, իր վերապահումը, Դուք ևս կարող եք ունենաք Ձեր 15-ը կամ 25-ը, դա մի մարդու մեթոդաբանական առաջարկն էր, և համապարփակ առաջարկ, բայց դա ցուցակ չէ, դա ժամանակավոր կառավարություն չէ, դա ազգային վստահության խորհրդի համապարփակ մեթոդաբանության օրինակ է։ Եվ որ հիմա գրում են այդ ստատուսները և այլն, դա ուղղակի ցույց է տալիս որոշ մարդկանց նախապաշարումները, հատվածական մոտեցումները»։

Հարցրինք՝ այդ նույն մարդկանց պես կարո՞ղ են իր այդ ցուցակում լինել, օրինակ, Արայիկ Հարությունյանի, Ալեն Սիմոնյանի, Արսեն Թորոսյանի, Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանի և այլ ՔՊ-ականների անունները, կամ ինչո՞ւ իրենք չկան, իսկ Մհեր Գրիգորյանն ու Համբարձում Մաթևոսյանը կան։

«Իմ այդ 45 րոպեանոց ասուլիսից վերցրել եք էդ վերջին 3-4 րոպեն։ Ես ասում եմ՝ դա ամբողջական մեթոդաբանական օրինակ է, թե ինչպես կարելի է մեծ խցանը հաղթահարելուց հետո անցման շրջանի համար հավասարակշռություն բերել, հաղթահարել ներքին բևեռացումները, հայհոյախոսությունները և առաջարկել ընդհանուր համահանրային այլընտրանք։ Հիմա փորձել ինձ հետ առանձին քաղաքացիների ընդգրկումը քննարկել՝ կարծում եմ, թե շահեկան մոտեցում չէ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։