Պատերազմում բոլոր մարդկային տկարությունները բնական են

Պատերազմում բոլոր մարդկային տկարությունները բնական են

Օրեր առաջ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր հանրային խոսքում անդրադարձավ կրկին կամավորագրությանը։ Ընդհանուր գծերով, Արցախի հոգեւոր առաջնորդի խոսքը հետեւյալն էր՝ առաջին գծում զինվորի պակաս չկա։ Առաջնագծում կանգնածի համար պետք է ամուր թիկունք։

Հիմք փորձենք վերլուծել, հասկանալ։ Վերջին մեկ ամսվա մարտական գործողությունների փորձառությունը, ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներով հանդես եկող լուրջ փորձագետների ու վերլուծաբանների ընդհանուր մոտեցումն այն է, որ ադրբեջանաթուրքական տանդեմը հիմա Հայաստանի դեմ վարում է 21-րդ դարի պատերազմ, որը նույնիսկ 10-15 տարի առաջվա պատերազմը չէ։ Սա բարձր տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված սպառազինությունների պատերազմ է՝ անօդաչու թռչող սարքերի պատերազմ է, գերճշգրիտ հարվածների ընդունակ գերժամանակակից սպառազինությունների պատերազմ է, որտեղ հետեւակը առաջնային դերակատարություն չունի։

Հետեւաբար մեզ հիմա առաջին հերթին օդի եւ ջրի պես անհրաժեշտ են նման սպառազինություններ եւ ճիշտ կազմակերպված թիկունք, որովհետեւ ճակատագծին համազոր կարեւոր է նաեւ թիկունքի դերակատարությունը, կենսունակ տնտեսության դերակատարությունը։ Պատերազմը արհավիրք է, որը եթե վերանանք ամեն ինչից մարդու մոտ առաջացնում է գոյապահպանման կենդանական բնազդը նույնիսկ։

Հետեւաբար այդ իրավիճակում մարդկային բոլոր տկարությունները, ներառյալ վախը, երկմտանքը, կասկածը, բնական է, որ կարող են լինել։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, պաշարված Ստալինգրադի պայմաններում օպերային թատրոններ էին կառուցվում, մշակույթի տներ էին բացվում խորը թիկունքում, որովհետեւ Խորհրդային ղեկավարությունը հասկանում էր՝ թիկունքը կարեւոր է նույնքան, որքան ճակատագիծը։

21-րդ դարի պատերազմներում, փաստորեն, ինչի հետ առերեսվեցինք, բոլորը չէ, որ զինվոր են եւ սովորական մի քանի օրվա պատրաստություն անցած կամավորը ինչ կարող է անել հրետանու, կասետային եւ այլ տեսակի արկերի ու ռումբների դեմ։ Սա պարզ իրականություն է, որը որքան էլ չուզենանք, սակայն ուշ կամ շուտ գիտակցվելու է եւ որքան շուտ գիտակցվի, այդքան ավելի լավ։ 21-րդ դարը պրոֆեսիոնալ բանակների դար է, իրեն հատուկ բոլոր առանձնահատկություններով։