Հերթական միլիոնները՝ իշխանությունների վոյաժների համար

Հերթական միլիոնները՝ իշխանությունների վոյաժների համար

Հայաստանի նոր իշխանությունների մոտ երկու բան է լավ ստացվում՝ մարդկանց սեփական քմահաճույքների համար քաղաքական հետապնդումների ենթարկելն ու անձնական հաճույքների համար վոյաժներ կազմակերպելը։ Փաշինյանն ու նրա թիմը, ամեն օր հիշելով ու քննադատելով նախկիններին բյուջեն թալանելու, բյուջեի բարիքներից անխնա օգտվելու, բյուջեի հաշվին ֆռֆռալու եւ այլ մեղքերի մեջ, իրենք են, փաստացի, նույնն անում։

Տպավորություն է, թե Փաշինյանն ու իր թիմակիցներն իշխանության են եկել բացառապես մեր հարկերի հաշվին ճամփորդելու, տարբեր երկրներ վոյաժներ ու տուրեր կազմակերպելու, «պադավատներից» ու առանձնատներից լիուլի օգտվելու համար։

Այս ամենի սիրահար են նախեւառաջ երկրի առաջին դեմքը՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը, որոնց ԱՄՆ կատարած աննախադեպ չարթերային թռիչքի սկանդալը դեռ չի մարել, երբ 400 հազար դոլարով բիզնես-ջեթ վարձեցին, որ արքայական պայմաններում թռչեն ԱՄՆ, որ ինքնաթիռը «պադավատի» նման սպասի ամեն քաղաքում եւ տեղափոխի հաջորդ քաղաք, ֆռֆռան ու հետ գան։ Դրա մի քիչ ավելի համեստ՝ ոչ արքայական «կայֆերի» սիրահար են նաեւ «Իմ քայլի» մյուս ներկայացուցիչները՝ պատգամավորներ, նախարարներ, նրանց օգնականները, տեղակալները, խոսնակները, եւ այսպես շարունակ։ Այս մարդիկ տարին 12 ամիս գործուղումների մեջ են։ Երբ տեսնում ես՝ դրսերում սելֆի են անում, իսկ ո՞րն է նրանց արած գործի անունը, ի՞նչ օգուտ են տվել երկրին, որ բյուջեի հաշվին երկրե-երկիր են թռչում, հայտնի չէ։ Բայց ամենապախարակելին այն չէ, որ մարդիկ ձգտում են ամեն հնարավոր առիթով օդանավ նստել ու որեւէ տեղ թռչել՝ սելֆի անելու։ Ողբերգականն այն է, որ որքան շատ են քննադատում նրանց այս ամենի համար, այնքան ավելի շատ են կրկնում նույն սխալը։ Կարծես ասելով՝ թքած ունենք մարդկանց կարծիքի վրա էլ, ժողովրդի վրա էլ, այդ ժողովրդի վճարած հարկերից գոյացած բյուջեի վրա էլ։ Եկել ենք իշխանության, որ օգտվենք պետության բարիքներից եւ լիարժեք օգտագործենք մեզ տրված հնարավորությունները։

Ասվածի վառ օրինակը կառավարության վերջին նիստում մի չզեկուցվող հարցի ընդունումն էր, որով կառավարությունը հերթական անգամ գումար հատկացրեց արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար։ Եվս 90 միլիոն էլ հատկացրին արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների միջոցառումների համար, այսինքն՝ հյուրերին ընդունելու, պատիվ տալու, ինչը, ի տարբերություն գործուղումների, շատ ավելի տրամաբանական ծախս է՝ ի վերջո մենք հյուրընկալ երկիր ենք։

Ըստ էության, 100 մլն դրամն էլ մեծ թիվ չէ պաշտոնական գործուղումների համար, եթե, իհարկե, միայն այդ 100-ը լինի ողջ տարվա ընթացքում։ Բանն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի կեսերին, կառավարությունը եւս 250 մլն դրամ էր հատկացրել արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար։ Բայց սա դարձյալ վերջը չէ։ Դրանից որոշ ժամանակ առաջ էլ, կառավարության որոշմամբ, 300 մլն դրամ էր հատկացվել ԱԺ պատգամավորների գործուղումների համար, որ նորաթուխ երեսփոխանները մեկնեն արտերկիր։ Անցած տարվա բյուջեով հատկացված գումարներն արդեն ծախսվել էին, եւ լրացուցիչ գումարի կարիք կար։ Երեկ էլ տեղեկացանք, որ հոկտեմբերի 26-ին Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը եւ ԼՀԿ-ական Աննա Կոստանյանը կառավարության կողմից մեկնում են ԱՄՆ՝ Վաշինգտոն, «Արվեստի եւ մշակույթի կառավարումը՝ ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակներում։