Եթե այսօր դիմենք ՀԱՊԿ-ին, վաղը ձերբակալենք գլխավոր քարտուղարին, դա հեռանկարային հարաբերություն չէ

Եթե այսօր դիմենք ՀԱՊԿ-ին, վաղը ձերբակալենք գլխավոր քարտուղարին, դա հեռանկարային հարաբերություն չէ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան։ «ՀԱՊԿ-ում եւ նմանատիպ այլ կառույցներում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Այսինքն՝ այն պարագայում, երբ մենք տեսնենք, որ անհերքելի փաստեր կան, որոնք դժվար կլինի ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում կասկածի տակ դնել, այդ քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ այն կստանա միանշանակ դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանի վտանգի պարագայում, ես վստահեցնում եմ, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն թողնի, որ այդ իրավիճակը շատ խորանա»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։

Այս թեմայով խոսեցինք ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ հարցնելով, թե չկա՞ն բավարար հիմքեր ՀԱՊԿ-ին դիմելու համար, եւ ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի դիմում Ռուսաստանի Դաշնությանը՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։
«Չէ՞ որ մենք մեր անվտանգության քաղաքական համակարգը պայմանավորել ենք հենց նրանով, որ երկրի եւ ժողովրդի նկատմամբ սպառնալիքի պարագայում այն գործածենք, որպեսզի այն լինի արդյունավետ։ Բա էլ ինչո՞ւ ենք մենք ՀԱՊԿ-ում, բա էլ ինչո՞ւ ենք մենք Ռուսաստանի հետ երկկողմանի պայմանագրի ստորագրող, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք չօգտագործե՞նք այդ հնարավորությունը։

Ոչ մի դեպքում կասկածի տակ չդնելով մեր պանծալի բանակի հնարավորություններն ու կարողությունները՝ այդուհանդերձ, վստահ եմ, որ երկրի բոլոր քաղաքացիները կամ տրամաբանող բոլոր մարդիկ կհամաձայնեն, որ յուրաքանչյուրի կյանքն անգին է, դա պարզ, աքսիոմատիկ ճշմարտություն է, հատկապես այն զինվորի, այն պատանու, այն երիտասարդի, որն այսօր զոհվում է իր պարտքը կատարելիս։ Ինչո՞ւ դա չանել։ Ես Ձեր այդ հարցը ոչ միայն ողջունում եմ, ոչ միայն կուզեմ, որ այն լայնորեն քննարկվի օրակարգում... Դուք՝ ինքներդ էլ բազմիցս հրապարակել եք, եւ ես էլ ասել եմ, որ երբ առաջին անգամ Վարդենիսի ուղղությամբ Հայաստանի տարածքում հայտնվեցին ԱԹՍ-ները, որոնք խոցվեցին, ես հայտարարեցի, որ նախեւառաջ պետք է դիմել, որ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվի, եւ, բնականաբար, մեր ռազմավարական գործընկերոջ հետ պիտի հարցը քննարկվի։ Եթե Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտարարում է, կողմ է, որպեսզի տարածաշրջանում տեղակայվեն ռուսական խաղաղապահ զորքեր, եթե Արցախի Հանրապետության նախագահը պաշտոնապես դիմում է ՌԴ նախագահին, ապա ի՞նչն է խանգարում Հայաստանի Հանրապետությանը դա անել։ Վերջապես դրա համար կան իրավական հիմքեր․

1-ին. Գրեթե ողջ աշխարհի կողմից փաստված եւ ֆիքսված է տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների առկայությունը եւ, ըստ էության, իրենից տարածաշրջանային անվտանգության սպառնալիք ներկայացնող ահաբեկչական խմբավորումների, դրանց կողմից ներկայացվող անմիջական վտանգը Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ տարածաշրջանի նկատմամբ։ Սա առաջին լեգիտիմ հնարավորությունն է՝ դիմելու Ռուսաստանին։

2-րդ․ Ինչպես Դուք նշեցիք, Ռուսաստանի հետ երկկողմանի պայմանագրի առկայություն, եւ 3-րդ․ ՀԱՊԿ-ում այդ հարցն առնվազն պետք է քննարկվի։ Հիմա Ձեր խոնարհ ծառան Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անվտանգության հանձնաժողովի նիստում այդ հարցը բարձրացրեց․ ասելիքս հետեւյալն էր, որ դիմում էի քարտուղարությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտոնական կոմիտեների ղեկավարներին, Ռուսաստանի դաշնային ժողովի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավարին, դիմեցի, որպեսզի ՀԱՊԿ-ն քննարկի, որպեսզի իրենք խորհրդարանների ամբիոններից հնչեցնեն հետեւյալը, որը ՀԱՊԿ պատասխանատվության տիրույթում տեղի են ունենում գործողություններ, որոնք ոտնձգություն են Հայաստանի նկատմամբ, դրանք Հայաստանի ուղղությամբ արձակված հրթիռներն են, հարվածներն են, ԱԹՍ-ներն են, Վարդենիսում ավտոբուսի դեպքը, խաղաղ բնակիչները եւ այլն։ Թե ինչու դա չի անում պաշտոնական Երեւանը, դա մի մեծ հարց է»,- պատասխանեց պատգամավորը։

Դուք Ձեզ համար չունե՞ք այդ հարցի պատասխանը՝ հարցրինք Ուրիխանյանին։ «Ես չեմ ուզում նույնիսկ որոնել այդտեղ այլեւայլություններ, անկեղծ ասած, որովհետեւ եթե ես գամ եզրահանգման, որ դա արվում է ինչ-ինչ քաղաքական նպատակներով, ապա դա հղի է չափազանց լուրջ հետեւանքներով։ Ես ուզում եմ մտածել, որ երեւի պարզապես ապավինո՞ւմ են սեփական ուժերին, բայց այդ դեպքում ի՞նչ են նշանակում բարձրագույն մակարդակով, երկրի ղեկավարի կամ պաշտպանության նախարարության, նկատի ունեմ պաշտոնական խողովակներով հայտարարվող, Ձեզ, մեզ, բոլորիս հայտնի տեղեկությունները»։

Եթե ՀԱՊԿ-ն կոլեգիալ մարմին է եւ պետք է քննարկի հարցը, ապա Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, չունի այդ խնդիրը։ Եթե Հայաստանը պաշտոնապես դիմի Ռուսաստանին, ապա ինչպիսի՞ն կլինի պատասխանը, Ձեր կարծիքով՝ հարցրինք Ուրիխանյանին։
«Հասկանալի է, որ ռազմավարական գործակցությունը պիտի պայմանավորված լինի համապարփակ, բազմակողմանի, բազմաբեւեռ, բաց, թափանցիկ, ամբողջական գործակցությամբ, եւ այսրոպեական պահից բխող կապվածությունը, բնականաբար, հակառակ կողմի մոտ առաջացնելու է առնվազն դիսկոմֆորտ․․․․ուզում եմ մտքերս կոռեկտ ձեւակերպել։ Այսինքն՝ եթե մենք ռազմավարական գործակցություն ունենք, ապա այդ ռազմավարական գործակցությունը պիտի պահպանվեր հավուր պատշաճի նաեւ 1, 2 կամ 5 տարի առաջ, պետք է պահպանվի սրանից հետո եւս։ Այսինքն՝ նախեւառաջ պետք է հստակեցնել հեռանկարային ռազմավարական գործակցությունը, սա շատ կարեւոր է, հետեւաբար, փոխըմբռնումը պետք է լինի լիարժեք, եւ ես կասկած չունեմ, որ այս պարագայում Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Բացի այդ, եթե ահաբեկչական խմբավորումներ են ձեւավորվել, որոնք տարածաշրջանում ինչ-որ նոր, անհասկանալի գոյացություններ են, որոնք սպառնալիք են ե՛ւ տարածաշրջանի, ե՛ւ աշխարհի համար, ապա արդեն սա պետք է դիտարկել ոչ թե Հայաստան-Ռուսաստան փոխադարձ շահերի համատեքստում, այլ ՌԴ պետական եւ ազգային շահերի տեսանկյունից, մյուս պետությունների շահերի տեսանկյունից։ Վերջապես՝ տարածաշրջանը կոմունիկացիաների խիտ հանգույց է բոլոր իմաստներով եւ այդ առումով էլ աշխարհին պիտի մտահոգի։

Եվ վերջապես 3-րդ՝ ինքս անընդհատ երկխոսության մեջ եմ իմ գործընկերների հետ՝ ե՛ւ Դումայի, ե՛ւ Դաշնային ժողովի, այդ թվում՝ համապատասխան կոմիտեների ղեկավարների հետ, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ գործընկերների, եւ առնվազն այդ մակարդակների վրա, պիտի ասեմ, կա ամբողջական փոխըմբռնում եւ աջակցության պատրաստակամություն։ Թե ինչ տեղի կունենա պաշտոնական դիմումից հետո, բնականաբար, կանխատեսել չեմ կարող, բայց,  կրկնում եմ՝ դա պայմանավորված է երկկողմանի ռազմավարական հարաբերությունների կայունությամբ եւ հեռանկարայնությամբ։ Բացում եմ փակագծերը եւ ինձ թույլ եմ տալիս ոչ դիվանագիտական ձեւակերպում. եթե այսօր պիտի դիմենք ՀԱՊԿ-ի աջակցության կամ ՌԴ-ի օգնության ակնկալիքով, իսկ հետո քրեական գործ հարուցենք ռուսական կորպորացիայի նկատմամբ (նկատի ունի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ Կ․ Ս․), քրեական գործ, որը կա՛մ անհեռանկարային է, կա՛մ դրա հետեւանքները չկան եւ չեն երեւում․․․։ Այլ բան է, եթե ամեն ինչ տրամաբանական է լինում․ մարդիկ մեղավոր են, ուրեմն պատժվում են․․․։ Կամ եթե այսօր դիմենք ՀԱՊԿ-ին, վաղը ձերբակալենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ առանց համաձայնեցնելու ՀԱՊԿ անդամ գլխավոր երկրի հետ, ապա այդպիսի հարաբերությունները հեռանկարային չեն»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը։