Արշակ Կարապետյանից մինչեւ Բորիս Սավինկով․ դասեր պատմությունից

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն օրեր առաջ հայտարարեց, որ «Համահայկական ճակատը» ստեղծում է նոր քաղաքական ուժ՝ «Համահայկական միասնական խորհուրդ», եւ մոտավոր գծերով ներկայացրեց, թե ինչ ուժ է լինելու այն։ Նաեւ նշեց, որ նոր ուժին են միացել Ալբերտ Բազեյանն ու ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը։ Հետո հետեւեցին արքեպիսկոպոս Աջապահյանի «խուսանավող պարզաբանումներն» ու հավելյալ բացատրությունները, բայց ամեն դեպքում արձանագրենք, որ հայկական քաղաքական դաշտը համալրվել է եւս մեկ միավորով։
Զուտ տեսական առումով նոր քաղաքական ուժի ի հայտ գալն ու քաղաքական դաշտում գործելու հայտ ներկայացնելը հետաքրքիր է, քանի որ, էլի զուտ տեսականորեն՝ նպաստելու է հասարակության քաղաքական գիտակցության ու քաղաքական գրագիտության բարձրացմանը։ Սակայն, ինչպես ասում են, տեսական դատողություններն այլ են, «ռեալ քաղաքական իրավիճակը «գետնի վրա»՝ լրիվ այլ։ Հատկապես եթե խոսում ենք հայաստանյան քաղաքական իրավիճակի ու այն իրականության մասին, որն առկա է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո մինչ այժմ եւ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան քաղաքական դաշտին հետեւելիս ակամա հիշում ես խորհրդային ժամանակների կինոնկարները, որոնք վերաբերում էին «սովետների երկրի դեմ դրսից ու ներսից իրականացվող հակահեղափոխական հարձակումներին» եւ դրանց դեմ «սովետների երկրի պատկան մարմինների մղած պայքարին»։ Հայաստանը, իհարկե, չտեսավ քաղաքացիական պատերազմ, ինչը տեսավ Ռուսաստանը՝ 1917 թվականի բոլշեւիկյան հեղաշրջումից հետո, սակայն որոշ տրամադրությունների, գործողությունների տրամաբանության մեջ առկա են նմանություններ։ Այդ շրջանին վերաբերող մեմուարային գրականությունն ուսումնասիրելիս կարելի է տեսնել, թե ինչպես էին այն ժամանակվա ռուսական վտարանդիության շրջանում ձեւավորվում տարատեսակ խմբակներ, ակումբներ, ընկերություններ, նույնիսկ՝ քաղաքական ուժեր, որոնք փորձում էին ստանալ անգլիական, ֆրանսիական, նույնիսկ՝ լեհական կամ չեխական հովանավորություն՝ Ռուսաստանում բոլշեւիկների իշխանությունը տապալելու եւ «հին կարգերը» վերականգնելու համար։
Դրանք ե՛ւ միապետականներն էին, ե՛ւ տարատեսակ քաղաքական հոսանքների հետեւորդներ։ Իր հերթին՝ խորհրդային պատկան մարմիններն ակտիվորեն պայքարում էին «հակահեղափոխական տարրերի» դեմ՝ կիրառելով այն ժամանակվա համար նորարարական ու ոչ ստանդարտ մեթոդներ։ Օրինակ, հետաքրքիր օպերացիա իրականացվեց Բորիս Սավինկովին ԽՍՀՄ բերելու եւ վնասազերծելու համար՝ Ֆելիքս Ձերժինսկու ղեկավարած ՉԵԿԱ-ի կողմից։ Այդ օպերացիան համարվում է դասագրքային՝ խորհրդային հատուկ ծառայությունների կողմից իրականացված նմանատիպ այլ օպերացիաների մեջ, որոնց մասին, վստահ ենք, նրանք, ովքեր հետաքրքրված են պատմությամբ, լավատեղյակ են։
Պատմական այս էքսկուրսի նպատակն այն չէ, որ Արշակ Կարապետյանին կամ Ալբերտ Բազեյանին նմանեցնենք Բորիս Սավինկովին։ Ամենեւին։ Մեր խնդիրն արձանագրելն է, թե նման շարժումներն ինչ լայն պահանջարկ են վայելում հասարակության մեջ` բոլոր ժամանակներում։ Օրինակ՝ Փարիզում ապրող Սավինկովը կարծում էր, որ իր՝ «Հայրենիքի եւ ազատության պաշտպանության միությունը» Խորհրդային Ռուսաստանում շատերին է հետաքրքրում, այն աստիճան, որ նույնիսկ խորհրդային երկրում ընդհատակյա ինչ-որ «Լիբերալ-Դեմոկրատներ» ուժից էմիսարը սահմանը հատում է ու հասնում իր մոտ, համագործակցության առաջարկով, չկասկածելով, որ այդ «էմիսարը» ՉԵԿԱ-ի գործակալ է, իսկ «Լիբերալ-Դեմոկրատների» մասին ողջ պատմությունը Ձերժինսկու հորինած լեգենդն է, որի նպատակը հենց Սավինկովին ծուղակը գցելն էր: Իսկ «Հայրենիքի ու ազատության պաշտպանության միությունը» խորհրդային մարդկանց մոտ ոչ մի հետաքրքրություն էլ չէր առաջացնում՝ գոնե լայն իմաստով։ Հիմա՝ տարատեսակ քաղաքական ուժերի ու շարժումների ի հայտ գալը, որքան էլ տեսականորեն համարենք կարեւոր, սակայն որքանո՞վ են դրանք պահանջված ժամանակակից հայաստանյան հասարակության կողմից։ Սա էական հարց է, քանի որ այս հարցի պատասխանից է կախված այն, թե տվյալ ուժը կամ շարժումը որքանով կկարողանա հաջողել եւ կկարողանա՞ արդյոք իր կողմնակիցների քանակը մեծացնել։
Խնդիրը, մեր կարծիքով, այնպիսի «քաղաքական ապրանք» առաջարկելն է, որը «քաղաքական սպառողական շուկայում» ունենա բավարար պահանջարկ։ Իհարկե, նաեւ կարեւոր են գովազդը, փաթեթավորումը եւ այլն, իսկ գլոբալ իմաստով՝ նաեւ շուկայով հետաքրքրված վերազգային ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Այլապես մնացածը՝ հայտարարես ազգ-բանակ-եկեղեցի-հայրենիք, թե այլ վեհ նպատակներ, կմնա տեսական դատողությունների տիրույթում, եթե չկարողացար ճիշտ ձեւով իրացնել «քաղաքական շուկայում»։ Ի դեպ, այս առումով, բոլորը սովորելու բան ունեն Նիկոլ Փաշինյանից, իսկ նրանից առաջ՝ Վլադիմիր Լենինից։
Կարծիքներ