Գագիկ Ջհանգիրյանին գնում եք հիվանդատես, իսկ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին չե՞ք ուզում այցելել

Գագիկ Ջհանգիրյանին գնում եք հիվանդատես, իսկ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին չե՞ք ուզում այցելել

ՔՊ-ականների կողմից հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը, որը համարվում է պետության գլուխը, իրեն պահում է իսկական «անգլուխ ձիավորի» պես։ Այդ առումով նա, կարող ենք ասել, գերազանցում է անգամ մեր նախկին «անգլիական թագուհուն»՝ Արմեն Սարգսյանին։ Խաչատուրյանը խուսանավում է երկրում տիրող կարևոր իրադարձությունների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, Արմեն Սարգսյանը գոնե երբեմն իրեն թույլ էր տալիս կարծիք հայտնել, իրավիճակը կայունացնող քայլերի կոչեր հնչեցնել, կամ՝ դիմել ՍԴ, որեւէ օրենքը ստորագրելուց առաջ։ Իսկ Վահագն Խաչատուրյանը լրիվ դարձել է գործադիր իշխանության ու ՔՊ-ին առընթեր մարմնի ղեկավար։ Նախագահականի կայքում հիմնականում նախագահի շնորհավորական ուղերձները կամ ցավակցական խոսքերն են և ոչ մի առարկայական քայլ, որն ուղղված կլինի ՀՀ-ում Սահմանադրության պահպանմանը, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների, քաղաքական և իրավական ճգնաժամների լուծմանը։

Օրինակ՝ նա խուսափեց գնահատական տալ իր վաղեմի ընկեր, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հայտնի սկանդալային ձայնագրությանը, որտեղ Ջհանգիրյանն ուղղակի «բռնաբարում է» օրենքն ու Սահմանադրությունը, փոխարենը այցելեց «Արմենիա» ԲԿ-ում վիրահատության ենթարկված Գագիկ Ջհանգիրյանին։ Իհարկե, ոչ ոք Սահմանադրությամբ չի արգելել ունենալ ընկերական հարաբերուրթյուններ այս կամ այն անձի հետ և էմոցիոնալ որոշակի կապերից ելնելով՝ հետաքրքրվել նաև ընկերների որպիսությամբ, բայց Վահագն Խաչատուրյանը 2022 թ․ մարտի 3-ից սկսած՝ նախևառաջ ՀՀ նախագահ է, հետո նոր՝ Ջհանգիրյանի ընկերը։

Երեկ մենք փորձեցինք հետաքրքրվել նախագահի նորանշանակ խորհրդական Տաթևիկ Կարապետյանից՝ վլադաիմիր Կարապետյանի աղջկանից, թե բացի Ջհանգիրյանին հիվանդատես գնալուց՝ պարոն Խաչատուրյանն արդյոք պատրաստվո՞ւմ է այցելել օրինակ, 2019-ից կոմայի մեջ գտնվող  փոխնդապետ Արա Մխիթարյանին, որին ծեծել էին Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի շրջապատն ու օգնական Հարություն Գրիգորյանը։ Մարզպետը դրանից հետո հրաժարական տվեց, օգնականին մեղադրանք առաջադրվեց, բայց որ ոք դեռ չի պատժվել։ Խաչատուրյանն, օրինակ, կարող էր այցելել երկու տարուց ավելի կոմայի մեջ գտնվող սպային, նրա հարազատներին և հետաքրքրվել նաև նրա որպիսությամբ։

Նախագահը կարող էր այցելել նաև պատերազմի ժամանակ ու «խաղաղության դարաշրջանում» զոհված զինծառայողների ընտանիքներին, զրուցեր նրանց ծնողների հետ, ընդուներ նրանց, հանդիպեր գերիների ու անհետ կորածների հարազատներին եւ այլն։ Բայց պարոն Խաչատուրյանը նախընտրել է այցելել ԲԴԽ նախագահին, որը հոսպիտալացվել է ընդամենը «ողնաշարի գրիժայի» վիրահատության պատճառով, ոչ թե հայրենիքին մատուցած ծառայությունների «հետևանքով»։

Նախագահի խորհրդականը նախ մեզ ասաց, որ Գագիկ Ջհանգիրյանին այցելության մասով տեղեկատվության չի տիրապետում, չի կարող մեկնաբանել, ապա ժամանակ խնդրեց մեր հարցերի պատասխանը ստանալու համար։ Ավելի ուշ կապվեց եւ նշեց, որ զինվորներին այցելությունները միշտ իրենց օրակարգում են, իսկ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին այցելելու մասով մեկնաբանություն չունի։