Փաշինյանն առաջին հերթին սեփական անունը «մաքուր պահելու» խնդիր ունի

Փաշինյանն առաջին հերթին սեփական անունը «մաքուր պահելու» խնդիր ունի

«Հրապարակն» արդեն գրել է այն մասին, որ նախօրեին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության հանդիպման ժամանակ նա` առանց անուններ տալու, անխնա քննադատել է ընտրակեղծարարներին եւ ասել է, որ դեռ ճշտումներ են արվում, սպառնացել է, որ չի խորշելու անգամ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր միտումնավոր կեղծիքներ են իրականացրել։ Ըստ ամենայնի, Փաշինյանն այլ ասելիք չուներ էլ, որովհետեւ ՔՊ-ի ներսում տեղի ունեցած, այսպես ասած՝ ներկուսակցական ընտրակեղծարարությունը, ամենամեղմ բնորոշումներով ասած, ոչ թե հարվածել է իշխող քաղաքական մեծամասնության համբավին, այլ ոչնչացրել է այն։ 

Տեղի ունեցածը միայն ներկուսակցական կարգապահական հարց չէ, այլ մեծ հաշվով՝ ոտնձգություն դեմոկրատական արժեքների նկատմամբ։ Իսկ դեմոկրատական արժեքները գոնե այժմյան դրությամբ, իշխանության «զինանոցում» մնացած այն եզակի հենարաններից է, որի վրա փորձում է հիմնվել Փաշինյանի թիմը։ Ու հիմա կարելի է ասել, որ դեմոկրատիայի համար հիմնարար հանդիսացող ազատ, արդար եւ թափանցիկ ընտրության սկզբունքը իրեն դեմոկրատական արժեքների դավանող համարող թիմում ոտնահարվել է ամենակոպիտ ձեւով, ինչպես, օրինակ, կանեին կիսաբռնապետական ռեժիմներում։

Փաշինյանի համար խնդիրն այս առումով շատ պարզ է ու հստակ՝ փրկել առաջին հերթին իր դեմքը եւ ապա նաեւ՝ իր ղեկավարած քաղաքական ուժի դեմքը, որքանով որ դա հնարավոր լինի։ Ու հանուն դրա, եթե պետք լինեն «զոհաբերություններ», ապա անվարան կերպով պետք է նաեւ գնալ դրան, որպեսզի եւ «ներսում», եւ «դրսում» խոսելու տեղ ունենա։ Ուստի լիովին հնարավոր է, որ առաջիկայում «ներկուսակցական ընտրակեղծարարության» թեմայով աղմկոտ «շոուներ» կլինեն՝ նույնիսկ քրեական գործերի հարուցման տեսքով։

Հակառակ պարագայում, եթե Փաշինյանը մեղմություն ցուցաբերի, դա թե ներհայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրսում եւ թե արտաքին՝ հատկապես արեւմտյան գործընկերների մոտ նրան դարձնում է կատարված ընտրակեղծարարության հանցակիցը։ Ներհայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրսը դեռ ոչինչ, կարելի է «ֆեյքային գրոհների», «Պերֆեկտ թիվիների» ու նմանատիպ ուղեղալվացման ակցիաների միջոցով մի կերպ պահել կառավարելիության շրջանակում, բայց արտաքին աշխարհում, հատկապես Արեւմուտքը ներկայացնող գործընկերների մոտ ամենաբարդն է լինելու բացատրել, թե ինչու եւ ինչպես դա տեղի ունեցավ։ 

Այս ամենից զատ, նաեւ պետք է արձանագրել, որ տեղի ունեցածը իշխող քաղաքական մեծամասնության բարոյական սնանկության ամենավառ ցուցիչն է, իսկ բարոյալքված կամ բարոյալքվող իշխող ուժը, ըստ ժանրի կանոնների, աստիճանաբար սկսում է ներսից նեխել ու գարշահոտել, ի վերջո հատելով ինքնաոչնչացման անդառնալիության սահմանագիծը։