Ժողովրդավարության ու տոտալիտարիզմի տարբերության դաս տալը

Ժողովրդավարության ու տոտալիտարիզմի տարբերության դաս տալը

ՀՀ վարչապետի պաշտոնն ավելի քան վեց տարի զբաղեցնող, որից երկու երրորդում այդ պաշտոնից կառչած անձը ժողովրդավարության ու տոտալիտարիզմի տարբերության դասեր է տալիս իր ունկընդիրներին: Ասեմ, որ թեման, իսկապես, արժանի է ուշադրության, բայց հաստատ ոչ մայթի մասով: Մայթի մասը կարող էր լինել ավելի լայն խնդրի տասերորդականը: Ինչ մնում է Նիկոլի աչքը ծակելուն, ապա ասեմ, որ ինչ-որ երևույթ, այո, կարող է աչք ծակել: Բայց այն աչք է ծակում ընդհանրապես և ոչ թե կոնկրետ որևէ անձի աչքը: Կարծում եմ, որ ժողովրդավարության ու տոտալիտարիզմի տարբերության վերաբերյալ դաս տվող բանասերը՝ թեկուզ թերի բարձրագույն կրթությամբ, դա ևս պետք է տարբերակեր:

Ինչևէ, անցնենք այդ տարբերության ավելի խորքային քննությանը: Իսկ մինչ այդ հիշենք, որ ժամանակին այդ անձը մանուկների համար հեքիաթ էր գրում կամ գիրք նվիրում: Այդ ժամանակ էլ նաև հրապարակավ գրքեր էր գնում, որպեսզի ի ցույց դներ իր ընթերցասեր ու զարգացված լինելը: Այդ առումով էլ հեռակա մրցության մեջ էր մտնում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ, որը մի ժամանակ հրապարակում էր նախորդ տարում վերջինիս ընթերցած գրքերի ցանկը: Եվ երկուսի դեպքում էլ, բնականաբար, հիմնականը հենց քաղաքագիտական գրականությունն էր: Ինչը նշանակում է, որ Փաշինյան Նիկոլը պետք է ուսումնասիրած լիներ այդ գիտության տարրական կանոնները:

Բայց, ինչպես երևում է նրա կարճ ելույթից, այդ առում առկա են լուրջ խնդիրներ: Վերը նշված անձն, օրինակ, չի գիտակցում, որ հասարակ մայթի նկատմամբ տիրոջ զգացողությունը չի կարող առաջանալ, եթե այն առկա չէ իր բնակավայրի և իր ողջ երկրի առումով: Իսկ վերջինս չէր կարող ծագել, նախ, «Լեռնային Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք» մտայնության պարագայում: Այսինքն, լավ ու հանգիստ ապրելու համար հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելը չի կարող գեներացնել իր հայրենի երկրի նկատմամբ տիրոջ զգացողություն: Դա՝ մեկ, և երկրորդ. այն չէր կարող ծագել հատկապես այն դեպքում, եթե տվյալ երկրի բնակիչն իրեն անվտանգ չի զգում իր երկրում: Էլ չասած, որ այդ դեպքում նա չի կարող վերածվել քաղաքացու: Ինչը ենթադրում է ակտիվ պայքար, նախ, ինքն իր դեմ՝ իր միջի բացասական կողմերն ուղղելու առումով, և ապա, պայքար շրջապատի դեմ: Նաև պայքար իրավապահ համակարգի դեմ, որը նույն այդ շրջապատի ծնունդն է: Եվ այդ բազմատեսակ պայքարից ծագող խնդիրների մեջ թաթախվելու փոխարեն նա կընտրի հեշտ ճանապարհը՝ իր երկիրը լքելն ու օտար ափերում բախտ որոնելը: 

Երրորդ, տիրոջ զգացողությունը տեսականորեն անգամ չի կարող առաջանալ այն դեպքում, երբ չկա վստահություն երկրի ղեկավարի նկատմամբ: Հիշենք, որ մինչը 44-օրյա պատերազմը նրա նկատմամբ վստահությունը հասնում էր 80 տոկոսի: Իսկ խայտառակ պարտությունից չորսուկես տարի անց այն կրճատվել է վեց անգամ: Եվ եթե 80 տոկոսի պարագայում հասարակության բաժանումը «սևերի (նախկինների) ու սպիտակների (գործողների)» հօգուտ նրա էր աշխատում, ապա վաղուց արդեն այն գործում է իր դեմ: Ու այդ պարագայում իր խոսքի արժեքն էլ դառնում է զրոյական:

Չորրորդ, ժողովրդավարության ու տոտալիտարիզմի տարբերության հենք չի կարող լինել մայթի նկատմամբ հոգածությունն այն դեպքում, երբ որևէ երկրի հասարակությունը գործող իշխանությունների ուղղորդմամբ աստիճանաբար չի հասնում գիտակցական որոշակի մակարդակի: Որի պարագայում հասարակության հիմնական միավորը դառնում է համայնքը, իսկ ցածր մակարդակի դեպքում շարունակում է մնալ ընտանիքը: Իսկ վերջինիս գերակայության պարագայում մայթի մասին համայնքի բնակիչը չի մտածում, և ստիպված դրա մասին պետք է մտածի հենց իշխանությունը: Ինչ դրսևորումն է, օրինակ, նախկինների օրոք ավանդույթ դարած երևույթը. խանութների կամ նմալ այլ օբյեկտների առջև մայթերը բարեկարգելու ու մաքուր պահելու պարտականությունը դրանց սեփականատերերի վրա դնելը:

Եթե այս ամենը գիտակցեր ՀՀ վարչապետի պաշտոնն ավելի քան վեց տարի զբաղեցնող, որից երկու երրորդի մասով այդ պաշտոնից կառչած անձը, ապա ոչ թե ժողովրդավարության ու տոտալիտարիզմի տարբերության դասեր կտար ունկնդիրներին, այլ հանուն այդ մայթի մաքրության հրաժարական կներկայացներ 44-օրյա խայտառակ պարտությունից հետո: Ու հաջորդ իշխանությունն էլ, դասեր քաղելով նրա ապաշնորհ (առնվազն) քաղաքականությունից, կփորձեր չկրկնել նրա կողմից արվածն ու չարվածը: