Որովհետեւ մենք երեխա ենք

Որովհետեւ մենք երեխա ենք

- Մա՛մ, իմ կարմիր գոտիով շորն ես արդուկում, չէ՞։
- Գոհա՛ր, դո՞ւ․․․ այսքան շուտ արթնանա՞ս, չեղած բան է, աչքերիս չեմ հավատում։ 
- Մա՛մ, շուտ եմ արթնացել, որ ծնունդ գնանք, ինչո՞ւ զարմացար։
- Ծնունդն օրվա կեսին է, Գոհա՛ր, մորաքույրդ աշխատանքից պետք է գա, նոր գնանք։
- Արեգի նվերը ես եմ ընտրել, ես էլ կնվիրեմ, հա՞, մա՛մ։
- Աղջի՛կս, աչքերդ դուրս չեն գալիս, չլինի՞ ջերմում ես։ Ճակատդ մոտիկ բեր․․․ 

Փառք Աստծո, ամեն ինչ լավ է... Այ, որ երեկ դասդ երկու անգամ ավել կարդայիր, ուսուցիչդ դասարանի առջեւ քեզ չէր նախատի, ու այսօր այդքան ընկճված չէիր լինի։

- Մա՛մ, երազում շորիս կարմիր գոտին հանել-կապել էի մազերիս ու դաշտերի միջով վազում էի, շունն ու ճագարներն էլ՝ հետեւիցս։ Շան վզից կարմիր պարան էր կապված՝ ճիշտ իմ կարմիր գոտու նման։ Շուռ եկա, հեռվից մեր տունն էր երեւում՝ լուցկու տուփից էլ փոքր ու փոքրացած։ Պապին ուզում էր դուռը փակել, բայց ոչ մի ձեւով չէր փակվում։ 

- Հա՛, հետո՞ ինչ, դրա համար տխրե՞լ ես, շատ էլ լավ երազ է։ Այսօր քո կարմիր գոտիով շորը կհագնես, երազդ կկատար․․․
- Մա՜մ․․․
- Գոհա՜ր․․․
- Մա՜մ․․․
- Սաթե՜ն․․․
- Մա՜մ․․․
- Արա՛մ, մի՛ վախեցիր, էստեղ վազիր։
- Պապի՛ն ո՞ւր ա, պապիին ձայն տվեք։ Էս ի՞նչ ձայներ են․․․
- Էրեխեք, չվախենա՛ք, կռացե՛ք, պառկե՛ք գետնին։
- Պապի՛․․․
- Բա՛ն չկա, բա՛ն չկա, էրեխե՛ք ջան, էստեղ եմ, կամաց, հանգիստ իջեք ներքեւի սենյակ։
- Բայց էդ սենյակում շատ մութ ա, պա՛պ, ես վախենում եմ, ես էդ սենյակ չեմ մտնելու։
- Ոչի՛նչ, հիմա․․․ մի քիչ․․․ կվերջանա, դուրս կգանք։
- Երկնքից տխուր ձայն ա գալիս, պապի՛, ինչո՞ւ , ո՞վ է միացրել։
- Զգույշ, կամաց․․․ բան չկա, բան չկա, հիմա կանցնի։
- Մա՛մ, բա մենք ծնունդ չե՞նք գնալու։
- Դրա ժամանակը չէ, Գոհա՛ր, ձա՛յնդ կտրիր։
- Մա՛մ, մորքուրենք հաստատ Արեգի ծնունդի սալյուտն են խփում, չէ՞։
- Հա՛, բալես, բա ո՞նց, խփում են, խփում, տղա՛ս։
- Առանց մե՞զ, մա՛մ:
- Ոչի՛նչ, այս անգամ թող առանց մեզ լինի: 
- Իսկ մուքուրն ասում էր, որ ինքը շատ փող չունի, բա որտեղի՞ց ա առել էսքան շատ սալյուտ։ Իմ ծնունդինը երկու հատ էր, չէ՞, մա՛մ, իսկ Արեգինը տես ինչքան շատ ա:
- Արա՛մ․․․
- Մա՛մ, դու լացո՞ւմ ես։
- Չէ՛, ի՞նչ լացել, ինչո՞ւ պետք է լացեմ։
- Բա ինչո՞ւ են աչքերդ թաց։
- Արա՛մ, հանգիստ մնա՛, բերա՛նդ փակիր։
- Սաթե՛ն, ախպերդ ա, Սաթեեեն, Սաթե՛ն, լռե՛ք, լռե՛ք բոլորդ։
- Գոհա՛ր, հորդ զանգիր։
- Հեռախոսը մոտս չէ, մա՛մ։
- Բա էդ կրակի տակով որ հետ գնացիր, ի՞նչ էիր վերցնում։
- Կարմիր գոտիով շորս։
- Գոհա՛ր․․․
- Մա՛մ․․․
- Էրեխեքին պետք ա հանենք, էս սենյակում երկար մնալն էլ է վտանգավոր։
- Ա՛յ հեր, կրակ ա թափվում, ո՞ւր գնանք։
- Չգիտեմ, մի տեղ, հետեւիցս եկեք։
- Մա՛մ, Արեգի սալյուտից իմ ծնունդին էլ կառնես, չէ՞։
- Կառնեմ, Արա՛մ։
- Այ, սրա նման, հա՞, մա՛մ, որ ուժեղ ձեն ու ծուխ ա հանում։ 
- Երկնքին չնայես, Արա՛մ, գլո՛ւխդ, գլո՛ւխդ իջեցրու։
- Հորդ զանգեցի՞ր, Սաթե՛ն։
- Ինքը զանգեց, մա՛մ։
- Ի՞նչ էր ասում։
- Ասում էր...
- Ասա՛, հերդ ի՞նչ ասաց։
- Դե, ասում  էր․․․
- Խոսի՛ր, Սաթե՛ն։
- Ասում էր՝ պատերազմ ա, շուտ դո՛ւրս եկեք, դուք էլ փախե՛ք։
- Մա՛մ, պատերազմն ի՞նչ ա։
- Արա՜մ․․․

***
Պապս երկար տարիներ զինվորական է եղել։ Իրեն բոլորը ճանաչում ու շատ են սիրում։ Ես այնքան եմ ուրախանում, երբ զինվորական համազգեստով մարդիկ մեր տուն են գալիս ու պապիս հերոսությունների մասին երկար պատմություններ պատմում։ Ճիշտ է, այդ պատմածներից շատ բան չեմ հասկանում ու հիշում, բայց ես էլ եմ հպարտանում` պապիս վեհ ու ժպտուն դեմքը տեսնելով։ Պապս տասնյակի հասնող շքանշաններ ունի։ Տատս դրանք միշտ պահարանի վերեւի դարակում է պահում, որ մենք հանկարծ ձեռք չտանք ու չփչացնենք, բայց քանի որ Սաթենի հասակն օր-օրի վեր է բարձրանում, շքանշանները ձեռք բերելու հնարավորությունը հեշտանում է։ Սեղանը տանում ենք պահարանին մոտիկ, վրան աթոռ ենք դնում, ու քույրս իջեցնում է պապի շքանշանները։ Ես եմ պահակ կանգնում, Սաթենն է փակցնում իր հագուստին, մի քիչ էլ քույրս է դռան մոտ հերթապահում՝ ես եմ ինձ պապիս տեղը դնում ու ոտքերս գետնին ամուր խփելով՝ քայլում եմ ճիշտ եւ ճիշտ զինվորի նման։ Հա՛, ինձ մոտ դա շատ լավ է ստացվում, Արամի մոտ՝ նույնպես, նաեւ՝ մեր բակի ողջ երեխաների, քանի որ  զորամասը մեր գյուղին մոտիկ է, մենք հաճախ ենք տեսնում քայլերթով անցնող զինվորների ու սովորում նրանցից։ Նրանք մեր բարեկամներն են դարձել, մեկ-մեկ կանգնում ու մեզ հետ խոսում են, նույնիսկ մեզ կոնֆետ ու ծամոն էլ են տալիս, ինչը տատիս դուր չի գալիս։ Ասում է․

«Բա մարդ զինվորի ձեռքից բան կվերցնի՞, հա՞, դուք խիղճ ունե՞ք»։ Նրանցից մեկը միշտ շոյում է Արամի գլուխն ու ամեն անգամ նույնը կրկնում․

- Էս կյաժոն լավն ա շատ, դուք կտեսնեք, թե ինչ զինվոր ա դառնալու։ 

Պապս միշտ տանն է լինում: Տատիս ու մայրիկիս հետ մեր այգին է մշակում, կովերին, խոզերին, նաեւ Արամին շատ սիրող զինվորից նվեր ստացած ճագարներին ու շանը խնամում։

Պապիցս հետո հայրս նույնպես զինվորական դարձավ։ Հայրս ամսվա մեջ երկու անգամ է տուն գալիս։ Նրան շուտ-շուտ զանգել չենք կարող: Մենք, հայրիկի նկատմամբ կարոտը խեղդելով, հարմարվում ենք, այ, իսկ Արամը՝ դեռ ոչ։ Նա փախցնում է իմ կամ տատի հեռախոսն ու զանգում հայրիկին։ Բայց հայրիկը միշտ չէ, որ պատասխանում է։ Բանակում ամեն ինչ այլ է՝ խիստ ու կանոնավոր, ինչն Արամին բացատրել ու հասկացնել դեռ չենք կարողանում։  

Պապս հմուտ զինվորական լինելուց բացի, նաեւ լավ շինարար է, ափսոս՝ դրա համար ոչ մի շքանշան չի ստացել: Ա՜յ, թե ես լինեի շնորհողը... Պապս ամեն տարի վերանորոգում ու թարմացնում է մեր տան հինն ու խունացածը, ավելացնում նորը։ Պապս ուժեղ է, մեր տունը՝ նույնպես։

Մեր տան ներքեւի հարկում՝ նկուղի կողքին, մի Մութ սենյակ կա։ Ես ու քույրս ենք այդպես կոչել։ Այն մեր տան միակ սենյակն է, որ պատուհան չունի, ենթադրում եմ` այնտեղ անգամ լույսը միացված չէ։ Դռանը կողպեք կամ փական չկա, բայց, երեւի թե, ոչ մեկն այդտեղ չի էլ մտնում։ 

Մի օր տատս այդ սենյակի դուռը բացել էր, հետաքրքրությունից ես էլ գլուխս ներս խցկեցի։ Մթությանը շաղախված օդը խեղդող  թվաց, ծանրացավ կոկորդիս։ Մռայլ ու տամուկ էին Մութ սենյակի պատերն անգամ։ Սենյակում բազմոց կար դրված, ոտքը ջարդված երկու աթոռ՝ վրան մի քանի թերթ, անկյունում՝ մի փոքրիկ սեղան, որի վրա տատս իր չորացրած կանաչիների տոպրակներն էր դասդասում, պատից մի հրացան էր կախված, բայց գլխի չընկա՝ խաղալի՞ք էր, թե՞․․․

Քույրս ինձ պատմել էր, որ մեր տան Մութ սենյակում բարի հոգիներ են ապրում։ Նրանք երբեք այդ սենյակից  դուրս չեն գալիս, բայց միշտ հետեւում են մեզ, որ մեզ հետ վատ բան չլինի, որ չհիվանդանանք, որ չընկնենք, որ մեր խաղալիքները չջարդվեն, որ հայրիկը թշնամու գնդակից հեռու մնա, որ․․․ Բայց, մեկ է, ես ու Արամն այդպես էլ չսիրեցինք ու վախեցանք մեր նկուղի կողքին ապրող Մութ սենյակից եւ չկարողացանք հասկանալ Մութ սենյակ կառուցելու պապիս մտադրությունը։

***
Մայրիկս քայլում ու աչքերն էր սրբում, Սաթենը՝ նույնպես։ Սաթենը մեծ աղջիկ էր, Սաթենին կարելի էր լացել, ինձ ու Արամին՝ ոչ։ Մենք երեխա էինք, մենք պարտավոր էինք չգիտակցել մեր տեսածն ու զգացածը, մայրիկի ու հարեւան կանանց արցունքների պատճառը, նրանց փեշից բռնած քայլելով՝ պետք է չլսելու տայինք խոսակցություններն անգամ, մենք երեխա էինք, մենք պետք է չհասկանայինք՝ ինչ են վառոդն ու ականը, երկնքից թափվող կրակն ու․․․ պատերազմը, ամեն գնով մենք պետք է ժպտայինք, որովհետեւ մենք երեխա էինք։

Պապս խմբի առաջն ընկած՝ հեւիհեւ քայլում ու մեզ էր առաջնորդում, տանում էր, ու չգիտեինք ուր։ Գնում էինք երկնքում ճայթող արկերի պայթյուններին ընդառաջ, գնում էինք՝ արկերից ու ռմբակոծություններից ավերակ դարձած տեսարաններն անտես թողնելով։ Գնում էինք...

Խմբում փոքր երեխաներ շատ կային, պայթյուններից մեկեն վեր էին թռչում, սարսռալով բռնում մայրերի պարանոցից ու լացում։ Այդ պահին բոլորը լռում էին, ես էլ էի լռում, բոլորը գլխիկոր քայլում էին, ես` աջ ու ձախ նայում: Գնում էինք, իսկ եղբայրս անդադար կրկնում էր.

- Մա՛մ, բա որ Արեգի ծնունդի էս սալյուտներից մեր խանութ չբերեն, որտեղի՞ց կառնես։

***
Պապս մեզ մի քարանձավի մեջ տեղավորեց։ Սա մեր գյուղի ժայռափոր հին ամրոցներից մեկն էր։ Հիշում եմ, տատս պատմել էր, որ այս ամրոցը մեր գյուղից էլ հին է ու ծերացած։ 

Փոքրերը գետնին նստոտեցին, մեծերը, միմյանց հերթ տալով՝  ծուռումուռ քարերի պռնկին։ Օրը կեսօրվա տապն էր համտեսում, մեզ էլ բաժին ուղարկեց, արյունի ու վառոդի համ զգացի, ծանր էր շատ։ Գնալով օդը դառնում էր սակավ, ջրի փոքրիկ պաշարը սպառել էինք։ Հեռախոսները զանգերից էին խեղդվում, մենք՝ անձավի անթթվածին ու վառոդախեղդ շոգից։

***
Մեծերը հեռու տեղ գնալու մասին էին խոսում: Սաթենն իրենց էր լսում ու այդ մասին իմ ականջին փսփսում։ Թվաց՝ ուրախացել է։ Ես փորձում էի քրոջս չլսել, ես դեռ մեր տան Մութ սենյակում ապրած մութ ժամերի մասին էի վերհիշում։ Ինձ Մութ սենյակում մնացած մի քանի ժամը մեծացրեց այնքան, որ նույնիսկ մայրիկի փոխարեն կարող էի Արամի անպատասխան հարցին պատասխան տալ՝  ի վերջո ի՞նչ է պատերազմը: Ինձ այսօրն այնքան մեծացրեց, որ մեծերի հետ կկարողանայի անգամ լացել, բայց մերոնք թույլ չէին տալիս, մերոնք չէին զգացել, որ սեպտեմբերյան քսանյոթն ինձ իր դառնության թուրմը խմեցնելով՝ հասունացրել էր արդեն։ Ես ամուր գրկել էի իմ կարմիր գոտիով շորը ու հեկեկում էի, հեկեկում էի մտքումս, հեկեկում էի անձայն, չէ՞ որ ես երեխա էի, իսկ երեխաները չպետք է լացեին։

Բոլորը դուրս էին գնացել, ես դեռ մնացել էի անձավում։ Մայրս քաշեց թեւիցս, վեր թռա, կարմիր գոտիով շորը գրկիցս ընկավ: Վերցրի ու... փախանք:

Ճանապարհը երկար էր, ճանապարհը վերջ չուներ: Տեղ-տեղ կանգ էինք առնում, փորձում կծկվել մեքենայի հատակին: Կեսից ճանապարհը դառնում էր ոլորապտույտ, կեսից` խաղաղ ու անվտանգ: Գնում էինք: Սաթենը կարծես էլի ուրախ էր, չգիտեմ, գուցե թվա՞ց: Վարորդը մոտիկ տուն մտավ ու մեզ համար տաք հաց, պանիր ու երշիկ բերեց: Բոլորը լուռ ծամում էին, ծամում էին անխոս, բայց ոչ մեկը չէր կարողանում այն կուլ տալ: Գնում էինք:

Սիրտս խառնում էր, փորձեցի քնել։ Աչքերս բացուխուփ էի անում: Վարորդն աչքի տակով ինձ էր նայում, զգացի: Փորձեց կուչ եկած ձեռքերս բացել: Կարմիր գոտիով շորը նորից ձեռքիցս վայր ընկավ: Կռացա ու... Շորիս գոտին չկար, կորցրել էի, լքել էի նրան` թողնելով կրակի գրկում: Ձայնս գլուխս գցեցի` չլսելով մորս բացատրությունը, որ մնացել է անձավում, որ երբ հետ գնանք, ինքն անպայման կվերցնի կամ էլ նույնից նորը կգնի: Ես շարունակում էի լացս: Մայրս գոռաց վրաս: Այդ պահին մորս ձայնը ծեծելու չափ ցավոտ թվաց, ցավի չափ` դառնահամ: 

Սկսեցի անձայն լացել, առանց ծպտուն հանելու, որ ոչ մեկին չխանգարեմ, որ ոչ ոք չտեսնի ինձ, որ ոչ ոք չզգա իմ մեծանալը: Մի կոպիտ ձեռք աչքերս էր սրբում, վարորդն էր: 

Մորս թվացել էր՝ քնել եմ։ Այդ պահին հիշել ու վարորդին էր պատմում իմ այդ օրվա տխուր երազը:

***
Քաղաքի կյանքը տարբերվում էր գյուղից: Այստեղ ոչ մի օրը մյուսին նման չէր, այլազան էր ու հետաքրքիր: Բայց ես մեր գյուղն էի ուզում, մեր տունը, իմ ու Արամի ճագարներին, մեր Չամբո շանը:

Պապս ամեն անգամ զանգելուց վստահեցնում էր, որ ոչ միայն մեր, այլեւ գյուղի ոչ մի կենդանի առանց խնամքի չի մնում, որ ինքը հերթով հարեւանների գոմերն է մտնում, կենդանիներին կեր ու ջուր տալիս: 

Պապս ամեն օր ինձ մեր տան նոր արված լուսանկարներն էր ուղարկում, ես էի խնդրել, չէր մերժել: Բայց եղավ մի օր, ու պապս էլ լուսանկար չուղարկեց: Ծածուկ ու թաքուն մորս ու պապիս հեռախոսազանգից հասկացա, որ հրետանու արկից իմ ու քրոջս սենյակի պատն էլ է փլվել: Պապս սկսել էր վերանորոգել, որ ինձ նոր լուսանկարներ ուղարկի: Պապս ուժեղ լինելուց բացի, անհամբեր էր, պապս մեր գյուղն ափերի մեջ առած լեռների պես վեհ ու անկոտրում մարդ էր:

Դռան զանգն էր, հուշերի ճամփից ետ եկա: Արամն արդեն բացել էր դուռը: Տղամարդու ձայն լսվեց, ուրախությունից ծղրտացի. բոլորիս աչքը հորս ճամփին էր: Մեզ գյուղից այստեղ բերող վարորդն էր, ձայնից անմիջապես գլխի ընկա: 

Արամին փոքրիկ տոպրակ տալով՝ վարորդը հեռացավ։ Խնդրել էր, որ ես բացեմ։ Անհամբերությամբ տոպրակն ինձ մոտ քաշեցի։ Թխվածքաբլիթի ու կոնֆետի փոքրիկ փաթեթներ էին՝ մեջը կուչ  եկած իմ կարմիր գոտին։ 

Փաստորեն, գյուղից էլի ընտանիքներ բերելիս Վահագնը հասել էր մեր գյուղի քարանձավը, գտել ու բերել էր իմ զգեստի կարմիր գոտին։

Մայրս արդուկեց ու ինձ հագցրեց իմ կարմիր գոտիով շորը։ Ես ժպտացի։ Մայրս ամուր գրկեց գլուխս ու հեկեկաց դառնաղի։ Ես էլ լացեցի, բայց էլի թաքուն, որովհետեւ ամեն գնով ես պետք է ժպտայի, որովհետեւ ես երեխա էի։

Նաիրա Աբրահամյան

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ