Թեժ աշունից առաջ քաղաքական դաշտը վերակազմավորվում է

Թեժ աշունից առաջ քաղաքական դաշտը վերակազմավորվում է

Հայաստանի ներքաղաքական կյանքում բուռն աժիոտաժ է առաջացրել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա ծռերի» առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ, որը կայացավ նախօրեին: Հանդիպման վերաբերյալ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հանդիպումը տեղի է ունեցել «ծռերի»  նախաձեռնությամբ։ Հաղորդագրությունում ասվում է․ Գարեգին Չուգասզյանը նշում է, որ տեղի ունեցած հանդիպումն արտառոց չէր, ավելին՝ հանդիպումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու։ Նիկոլ Փաշինյանին նրանք ներկայացրել են այն մտահոգությունները, որոնք քաղաքական ուժն ունի. ինքնիշխանության խնդիր, արցախյան հիմնահարց, բնապահպանական խնդիրներ, դատաիրավական ռեֆորմներ եւ այլն: Սակայն ամենակարեւորը, ըստ Գ. Չուգասզյանի, հակահեղափոխական ռեւանշի վտանգն է, որի մասին խոսել են. «Մենք տեսնում ենք, որ ռեւանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել եւ տանել դեպի հակահեղափոխական ռեւանշի»:

Հատկանշական է, որ այս հանդիպմանը հատկապես բուռն արձագանքեցին հենց նախկինները՝ հիշեցնելով «ծռերի» «տեռորիստական» բնույթն ու դատապարտելով իշխանություններին՝ նրանց հետ համագործակցելու համար։ Տարբեր կարծիքներ հնչեցին, որ Նիկոլ Փաշինյանը յուրօրինակ կոնսոլիդացիա է ապահովում իր շուրջ՝ հնարավոր իշխանափոխության հավանականությունը զրոյացնելու եւ արմատական քայլերի ունակ մարդկանցով իրեն ապահովագրելու համար։ Անգամ կարծիք էին հայտնում, որ սրանով Փաշինյանը դելեգիտիմացնում է ուժային կառույցները՝ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, մյուս իրավապահներին տարանջատելով իրենից եւ ցուցադրելով, որ աջակցության այլ օջախներ էլ ունի։

Իրականում խոսում են, որ Փաշինյանն ինքն է նախաձեռնել հանդիպումը։ Նա որոշել է համագործակցության ձեռք մեկնել հնարավորինս մեծ թվով ուժերի՝ իր շուրջը կոնսոլիդացիա ձեւավորելու, բոլոր հնարավոր բողոքի օջախները մարելու նպատակով։ Քանի որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հայտնի որոշումից հետո քաղաքական շրջանակներում թեժ աշնան կանխատեսումներն ավելի են ակտիվացել, աշունը չնախատեսվածից թեժ կարող է ստացվել, եթե իրականություն դառնան շրջանառվող լուրերը, ու իշխանությունն էլ Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ անցկացնելու որոշում չընդունի, այլ թույլատրի հանքի շահագործումը։ Այս պարագայում նրան ամուր հենարան է հարկավոր, եւ նա կարծում է, որ այդ հենարանը կարող են լինել զենքի հանդեպ սեր ունեցող «ծռերը», մի քիչ էլ՝ ՔՈ կուսակցությունը, որը հակված է իր հետ համագործակցության։ Չգիտես ինչու, հենարանի դեր չեն խաղում Փաշինյանի նախկին զինակիցները՝ ՀԱԿ-ը, ՀՀՇ-ն, ընդդիմադիրներից «Ժառանգությունը», «Ժողովրդավարական հայրենիքը», պահպանողականները, մյուսները։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «ծռերի» եւ Փաշինյանի հանդիպումը դիտարկում է թեժ աշնանն ընդառաջ եւ Նիկոլ Փաշինյանի անկում ապրող վարկանիշի համատեքստում։ Ասում է՝ սա երկուստեք փոխշահավետ հանդիպում է՝ Նիկոլ Փաշինյանն ամրացնում է իր թիկունքը, համախոհների բեւեռ է ստեղծում՝ «ռեւանշիստների» գործողություններին ընդառաջ, «ծռերն» էլ անշահախնդրորեն ծառայում են հանուն հայրենիքի։ «Նրանք տեռորիստներ չեն, նրանք ուժային են, երբ երկիրը տեռորիստների ձեռքում է»,- ասում է Մակեյանը եւ ուշադրություն հրավիրում նախկինների կողմը․ «Դուք տեսեք, թե ինչ խառնաշփոթ է հակաիշխանական  ռեւանշիստների  դաշտում՝ ՀՀԿ-ի, քոչարյանական, միքայելմինասյանական ճամբարներում։ Իսկ «ծռերը» հայրենիքի նվիրյալներ են, 2016-ի ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունները դեռ նրանց աչքի առաջ են, ու նրանք չեն հանդուրժի որեւէ հակապետական սանձարձակություն։ Այդ առումով «ծռերի» մոտ խուճապ կա, իսկ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական դաշտը դիտարկելով է գնում նման քայլի։ Քանզի, եթե սկզբում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր էր, մի ուղերձով հազարավոր մարդիկ էին փողոց դուրս գալիս, բայց նա հասկանում է, որ գնալով դա մարելու է, ու ճիշտ ժամանակին  քաղաքական դաշտն է ընդլայնում։ Ավելին, ես կարծում եմ՝ ինքը մեկուկես տարի ուշացրել է այդ գործընթացը, գուցե հույսը դրել էր, որ իր անձնական բարձր հեղինակությունը միշտ կմնա»։ Մակեյանի համոզմամբ՝ «ծռեր»-Փաշինյան համագործակցությունը կարող է կանխել «հակահեղափոխականների ռեւանշը»․ «Ահաբեկիչները համախմբվում են, այո, բայց հիմա, ի դեմս «Սասնա ծռերի», տեսնում են լուրջ խոչընդոտ։ Նախկինները հույսը դրել են, որ ինչ-որ պահի Նիկոլի վարկանիշը կընկնի, կարող են ուժային հեղափոխություն անել, բայց հիմա տեսնելով Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա ծռերի», այսպես կոչված, «ուժային համագործակցությունը», քայլն անելուց առաջ կմտածեն»։

Այնուամենայնիվ, Մակեյանը թեեւ նույնպես մտահոգ է այդ խնդրով, բայց ասում է, որ ինքը հանդիպում չի նախաձեռնելու, անցած տարի մի քանի նման փորձ արել է, բայց ձախողվել է՝ Փաշինյանն ընդառաջ չի գնացել։ Հիմա եթե Փաշինյանը նման նախաձեռնությամբ հանդես գա, ինքը խնդիր չի տեսնում հանդիպելու։