Ե՞րբ տեղի կունենա դպրոցի բացումը, ինչո՞ւ այն դեռ կահավորված չէ

Ե՞րբ տեղի կունենա դպրոցի բացումը, ինչո՞ւ այն դեռ կահավորված չէ

Մենք գրել էինք, որ դեռ 2022 թ. հոկտեմբերին կառավարությունը 276 մլն 679 հազար դրամ էր հատկացրել նոր կառուցվող եւ վերակառուցվող 10 դպրոցի գույքի ձեռքբերման համար: Դրանք են՝ Երեւանի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ, Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական, թիվ 116 հիմնական, Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական, Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական, «Հերացի» ավագ, Մուրացանի անվան թիվ 18 հիմնական, Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ, Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ եւ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցները: 

Այս որոշումներից ամիսներ են անցել, սակայն դպրոցների գույքը դեռեւս ձեռք բերված չէ: Մենք տեղեկացանք, որ Նուբարաշենում գտնվող Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի շինարարությունն ավարտվել է, դպրոցը հանձնվել է շահագործման, սակայն այստեղ դեռ դասեր չեն անում՝ նորակառույց մասնաշենքը դատարկ է, դասերը շարունակվում են հին, խարխուլ դպրոցում: 

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանից հետաքրքրվել էինք, թե ինչու աշակերտները նորակառույց դպրոցում դաս չեն անում, ի՞նչն է խնդիրը: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Շինարարական աշխատանքները մոտ 20 օր առաջ ավարտվել են, սակայն գույքը մաս-մաս է բերվում: Մի մասը բերել են, սպասում են մյուս մասին: Մի քանի օրից պետք է հարցը լուծվի: Շենքում ջրագծի խնդիր կա, նոր է հարցը լուծվել: Մարդիկ, որ տեսնում են շենքը պատրաստ է, մտածում են՝ ամեն ինչ ավարտված է, սակայն կար ջրագծի խնդիր, որը նոր է լուծվել: Տարածքային զարգացման հիմնադրամն է շենքը կառուցել: Ամենաուշը մեկ ամսից աշակերտները տեղափոխված կլինեն նոր շենք: Ամեն ինչ նոր պետք է բերվի: Նոր սեղաններ, նոր աթոռներ: Նախկին շենքը շատ հին էր, ահավոր: Վթարային շենք էր, հենց այդ պատճառով էլ կառուցվեց նոր շենք»: 

Մեր աղբյուրը, սակայն ասաց, որ վարչական շրջանի ղեկավարը, մեղմ ասած, մոլորեցնում է մեզ` դպրոցի շինարարությունն ավարտվել է առնվազն 6 ամիս առաջ, գուցե ինչ-որ աննշան աշխատանքներ դրանից հետո են կատարվել, բայց նորակառույց շենքի բացումն էլ են արել, ուղղակի գույք չի բերվել, դա է եղել պատճառը, որ դպրոցը չի կարողանում տեղափոխվել նոր շենք: Ավելին` դպրոցի հին շենքը, որն անմխիթար վիճակում է, թամանյանական շենք է` ըստ էության, պատմամշակութային հուշարձան, որն աչքի առաջ քանդվում է: Պետք է դպրոցը տեղափոխվի նոր շենք, որ սկսեն հնի նորոգումը, սակայն տեղափոխությունը ձգձգվում է:

Եվ առհասարակ ենթադրվում է, որ շինաշխատանքները եւ կահավորումը պետք է զուգահեռաբար անեին, որ հին վթարային շենքից օր առաջ երեխաները տեղափոխվեին նոր շենք, բայց մեզանում, փաստորեն, ոչ մի բան կազմակերպված ու արագ չի կատարվում: Եվ հայտնի չէ, թե նոր դպրոցն էլ դեռ որքան թափուր կմնա:

«Հրապարակը» այսօր զրուցել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանի հետ, ում պնդմամբ` դպրոցի բացումը դեռևս չի եղել, պարզապես ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ են եկել, շենքում շրջել ու գնացել, թե ովքեր են եղել այդ բարձրաստիճան պաշտոնյաները, տնօրենի ԺՊ-ն չգիտեր. «Ուղղակի եկել են և ծանոթացել: Նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, սակայն որպես այդպիսին պաշտոնական բացում չի եղել: Այդ ժամանակ ես չեմ եղել, չգիտեմ, թե ովքեր են եկել կոնկրետ, սակայն կարող եմ հստակ ասել, որ բացում տեղի չի ունեցել, հին շենքը դեռևս հանձնված չէ: Շինարարները դեռևս նոր շենքի ներսում են»,- նշեց Լուսինե Վարդանյանը:

Հարցին, թե ինչո՞ւ գույքը ժամանակին չի տրամադրվում դպրոցին, նա ասաց. «Որոշակի գույք տրամադրվել է, սակայն ամբողջությամբ դեռ չենք ստացել: Ջրի հետ կապված ինչ-որ հարց կա, ես էլ այդքան լավ չեմ տիրապետում: Հարցն արդեն լուծվել է, և կարծում եմ, որ մի քանի օրից երևի թե շենքը կհանձնվի»,- նշեց տնօրենի ԺՊ-ն: