Երկրի վարչապետի կնոջը անհարիր պահվածք ու կեցվածք է դա. Անահիտ Բախշյան

Արդեն մի քանի ամիս է վարչապետը, ով անգամ բուհի ավարտական դիպլոմ չունի եւ իր կինը, ով ժամանակին ընդունվել է, սակայն չի կարողացել սովորել Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որոշել են հայ ժողովրդին կրթել: Կրթելու մարմաջով տառապող այս զույգը պարբերաբար տարբեր մարզեր է այցելում, ադմինիստրատիվ ռեսուրսի միջոցով դահլիճներ լցնում և խոսում տարատեսակ թեմաներից` «հավի միս տապակելուց», մինչև Խորենացի, Թումանյան ու Չարենց: Հայտարարում, որ մենք` հայերս մնացել ենք հինգերորդ դարում, որ պարտվել չգիտենք եւ այլն:
Այս կիրակի «Կրթվելը նորաձև է» կրթարշավի շրջանակներում իշխանական զույգն այցելել էր Սյունիքի մարզ` Կապան և Քաջարան քաղաքներ և տեղի ժողովրդին էր «կրթում»: Սյունիքում իշխանական զույգը կրկին նշել է, որ կրթվելը կարևոր է, որպեսզի լավ ապրենք, որ «մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնենք», որ «առողջ հասարակություն եւ ամուր պետություն» ունենանք, «նոր հայրենիք» վերածնենք, «ինքնավստահություն ձեռքբերենք» եւ այլ նմանատիպ քարոզչական ու դատարկ ֆրազներ:
Կրթության փորձագետ, ծնունդով սյունեցի ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրուն` Անահիտ Բախշյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ կարծիք ունի «Կրթվելը նորաձև է» կրթարշավի մասին, քանի որ երկար տարիներ աշխատել է կրթության ոլորտում, դպրոցի տնօրեն է եղել: Արդյո՞ք Սյունիքի մարզում ապրող մարդիկ այնքան անկիրթ են, որ նրանց պետք է Աննա Հակոբյանը կրթի:
Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին նկատեց. «Վարչապետի կնոջ` «Կրթվելը նորաձև է» գաղափարախոսությունը ես մերժում եմ, մերժում եմ Աննա Հակոբյանի` կրթվելու մասին պատկերացումներն ու ձևը: Որպես կրթության ոլորտի մարդ, ես կարող եմ ասել, որ Աննա Հակոբյանը կրթությունից շատ հեռու է, ապշում եմ, թե մարդը որքան կարող է պարզունակ ձևերով նոր ասելիք փնտրել, նա ցանկանում է նոր բան ասել, բայց իր մոտ չի ստացվում: Սյունիքում ապրող մարդիկ շատ գրագետ են: Ես սյունեցու հարս եմ, գիտեմ Սյունիքի մարզի դպրոցներում կրթության որակը ինչ մակարդակի վրա է: Ըստ ՀՀ բոլոր մարզերի` Սյունիքի մարզը առաջատար մարզերից է, որի դպրոցներում բարձր առաջադիմությամբ սովորող աշակերտների թիվը մեծամասնություն է: Սյունիքի ժողովուրդը բացառիկ կրթված ու գիտակ, բանիմաց ու խելացի, զարգացած ժողովուրդ է: Ես չգիտեմ, թե սա ինչ նորամուծություն է և լավ չեմ հասկանում, թե գրագետ սյունեցիներին ինչպես կարող է կրթել վարչապետի լրագրող կինը: Անգամ չեմ ուզում նայել կադրերը, թե ինչպես է նա փորձում մարդկանց կրթել, որովհետև շատ եմ բարկանում: Երկրի վարչապետի կնոջը անհարիր պահվածք ու կեցվածք է դա, նրա մտքերը, քայլերը, գաղափարները ևս հարիր չեն երկրի ղեկավարի կնոջը: Ասում են` հինգերորդ դարում ենք մնացել, գուցե սեփական փորձի՞ց են ասում, մենք ոչ մեկս հինգերորդ դարում չենք մնացել, առավել ևս Սյունիքում ապրում է գիտակ` 21-րդ դարին համարժեք հասարակությունը: Չի կարելի նման հայտարարություններ անել, ես պարզապես ամաչում եմ դրանք պարբերաբար լսելով», - ասում է Բախշյանը:
Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ գնում այդ կրթարշավներին և ուշադրությամբ լսում Աննա Հակոբյանի «դասախոսությունները»` գոնե հրապարակված կադրերում դա են մարդիկ տեսնում, մեր զրուցակիցը շեշտեց. «Ներկա գտնվել այդ միջոցառումներին, քծնանքի մի ձև է, վարչապետի կին է` փորձում են ներկաները ինչ-որ ձևով հաճոյանալ, քծնել, բայց շատ ամոթալի է, չի կարելի այդպես: Ես չեմ հասկանում, թե դա ինչ բան է` «կրթվելը նորաձև է»: Սա ինձ համար ամբողջությամբ անհասկանալի մի բան է: Կրթությունը ձևի պարագայի մեջ տեսնելը ուղղակի վիրավորական է կրթության ոլորտի մարդկանց, այդ թվում` ինձ համար: Այդ ձևակերպումը մեծ վիրավորանք եմ համարում ամբողջ կրթական համակարգի նկատմամբ», - խոսքը եզրափակեց Անահիտ Բախշյանը:
Կարծիքներ