Վարչապետի պատասխանը «Հրապարակի» հարցին

Վարչապետի պատասխանը «Հրապարակի» հարցին

Պարետատան նիստից հետո վարչապետը պատասխանեց 2 լրատվամիջոցի մեկական հարցի։ Այս անգամ «Հրապարակին» էին ընձեռել հարց տալու իրավունք՝ պայմանով, որ հարցերը վերաբերելու են կորոնավիրուսի դեմ պայքարին։ Մենք 2 հարց էինք ուղղել․

1. Կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբնափուլից ի վեր ի՞նչ տարաձայնություններ են ծագել վարչապետի եւ առողջապահության նախարարի միջեւ, առողջապահության նախարարի եւ պարետի միջեւ։ Ո՞ր հարցերում են տարբեր մոտեցումներ եղել, եւ ում տեսակետն է, որպես կանոն, հաղթել վերջնարդյունքում։ Արդյոք համաձայնեցվո՞ւմ են բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումները, եւ ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետը հայտարարում է, թե իրավիճակը վերահսկելի է, իսկ առողջապահության նախարարը ճիշտ հակառակն է ասում։ Տեսակետների ու հայտարարությունների տարբերությունների փաստեր էլի կան։

2. Ինչպե՞ս է գնահատում վարչապետը նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքն արտակարգ դրության ընթացքում։ Ի՞նչ ցուցանիշների դեպքում կարող ենք ասել, որ նախարարը ձախողվել է եւ պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին։ Արդյոք Վրաստանի հետ կապված Թորոսյանի հայտարարությունից հետո նրան դիտողություն արե՞լ եք եւ փորձե՞լ եք Ձեր ընկերոջ՝ Գախարիայի հետ զրուցել ու հարթել տհաճ իրավիճակը, որը ստեղծվել էր հայ-վրացական հարաբերությունների ոլորտում՝ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունից հետո։
Կառավարության լրատվականը, սակայն, պարզվեց, վերապահումներ ունի մեր հարցերի հետ կապված, որոնք «քաղաքական» են, եւ մեծ դժվարությամբ համաձայնեցին առաջին հարցը հնչեցնել։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախարարի ու վարչապետի միջեւ չի կարող հակասություն լինել, վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում, որը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար։ «Իսկ, ընդհանուր առմամբ, մեզ մոտ քննարկումները շատ բուռն են, բազմազան, բոլորն իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունենում են, եւ այդ բանավեճում է, որ մենք փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները եւ գալ ամենաօպտիմալ որոշումների»։ Ինչ վերաբերում է տեսակետների-մոտեցումների տարբերություններին, դա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով․ «Առողջապահության նախարարը, լինելով առողջապահության ուղղության պատասխանատուն, հարցերը դիտարկում է զուտ առողջապահական տեսակետից, ինչը նրա աշխատանքն է եւ պարտականությունը։ Բայց, ընդհանուր առմամբ, կառավարությունը փորձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական եւ առողջապահական խնդիրները։ Դա ոչ թե հակասություն է, այլ այդտեղ միշտ կա ճիշտ բալանսը գտնելու խնդիր»։ Իսկ կառավարության ռազմավարությունն այն է, որ նշված 3 բաղադրիչներն իրար հնարավորինս հակակշռեն։ Բնականաբար, այս մոտեցումը չի կարող 100 տոկոսով լինել առողջապահության նախարարության սրտով, որովհետեւ նրանք կուզենային, որ 100 տոկոսով դրվեր միայն առողջապահական խնդիր, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ պետական մարմինների աշխատանքը 100 տոկոսով սինխրոնացման է հասել։