Բլեյան Աշոտը ողջ կյանքում Դետոչկին է եղել 

Բլեյան Աշոտը ողջ կյանքում Դետոչկին է եղել 

«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 մանկապարտեզի ծնողներից մեկը՝ բողոքելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից, ով, ծնողի խոսքով, խոչընդոտում է մանկապարտեզի դիմաց ցանկապատ տեղադրելու աշխատանքներին։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է մանկապարտեզի աշխատակիցներն ու ծնողները բողոքում են, որ կրթահամալիրը թույլ չի տալիս, որ ցանկապատ կառուցեն, որի թույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է։ 

«Աշոտ Բլեյանն իր դասի ժամերին, որ էդ իրավունքը չունի, իր սաներին որպես կենդանի պատնեշ կանգնացնում է այնտեղ, որտեղ անցկացվում են շինարարական աշխատանքերը ու այնքան չեն հետևում սանիտարահիգիենիկ նորմերին, որ երեխաներին նստացնում են գետնին, այդտեղ էլ կերակրում են, որ նրանց հնարավորինս երկար պահեն տարածքում, որ չցանկապատենք։ Երբ երեխաներին բերում նստացնում են, մենք չենք կարողանում շարունակել աշխատանքը»,-ասաց մանկապարտեզի երեխաներից մեկի ծնող Քրիստինեն։ 

Իսկ տարածքն ուզում են ցանկապատել, քանի որ ներս են ներթափանցում անտեր շներ, հեծանվորդներ, համբուրվող ու գրկախառնվող զույգեր, որոնք գալիս ու նստում են երեխաների համար նախատեսված նստարաններին։ Երբեմն նաև՝ ծխում ու խմում են երեխաների աչքի առաջ։ «Ու բացի այդ, էրեխեքի քնի ժամին իր սաները թմբուկներով՝ տվյալ տարածքով անընդհատ անցնում են՝ Աշոտ Բլեյանի գլխավորությամբ։ Մենք նույնիսկ վիդեո ունենք՝ ծնողներից մեկն է նկարել, թե ոնց են քնի ժամին թմբուկներով անցնում»,-ավելացրեց ծնողը։ Նրա տեղեկացմամբ՝ մանկապարտեզ հաճախող բոլոր երեխաների ծնողները ստորագրել են ընդդեմ Բլեյանի, ով որոշել է հերթական զավթումն անել այս տարածքում։ 

Մենք կապվեցինք Աշոտ Բլեյանի հետ։ Նա նախ հարցրեց՝ բա լավ բա՞ն է ցանկապատը, «Հրապարակը» կո՞ղմ է ցանկապատին, «ռեշոտկեքին»։ Ասացինք, որ մենք տարածք ներթափանցող շների, կատուների խնդիր չունենք, ի տարբերություն մանկապարտեզի, որի ներկայացուցիչները նման պնդում են անում։ Աշոտ Բլեյանն էլ նկատեց․«Եկեք տարածք, էլի, սա տեսնելու բան է։ Այնքան հետաքրքիր է՝ երկու Հայաստանի համադրում է, երկու հայացքի՝ նոր ուղու և մյուսի։ «Հրապարակի» հայացքն ինձ սիրելի է, ես գիտեմ, որ կտեսնեք՝ ինչի մասին է խոսակցությունը՝ հրահրված մի խմբից»։ Հետո Աշոտ Բլեյանը հարցրեց՝ հիմա ի՞նչ անենք, ճանապարհ չունենա՞նք, որ անցնենք։ Իսկ այդ ցանկապատով իենց սաները զրկվու՞մ են ճանապարհից, Բլեյանն ասաց՝ «անվտանգ ճանապարհից»։

«Որովհետև դեռ Սովետից այստեղ երեք ուսումնական հաստատություն էր գործում, որոնք ներքին ընդհանուր տարածք են ունեցել և ներքին ցանկապատեր չեն ունեցել։ Հիմա ամեն մեկը չգիտես ինչու ոգևորվել է։ Որ տեսնեք, ուղղղակի սրտխառնոց կզգաք, թե ինչն են ցանկապատում»։ Բլեյանը կարծում է, որ «իրենց հանձնված ազգային հարստությունը՝ հողը վերածել են անապատի, իսկ պետական շենքերն էլ դարձել են ավերակներ․․․Եվ իրենց ամբողջ խնդիրը ցանկապատելն է, որ իրենց ավերակները լինեն սրբազան ցանկապատերի մեջ»։ Ավելացրեց նաեւ, որ այն մասը, որն ուզում են ցանկապատել՝ ամենապաշտպանվածն է ու խնամվածը, իսկ որտեղ իրոք վտանգավոր է ու «յախք», չեն անում։ Բլեյանը սա համարում է նաև մանկապարտեզի կապրիզ, ավելի ճիշտ հետադիմության կապրիզ։ Մենք փոխանցեցինք, որ Բլեյանին նաև մեղադրում են, որ երեխաներին օգտագործում է, նստացնում է գետնին, որտեղ էլ կերակրում ե նրանց, որ երկար մնան ու խանգարեն ցանկապատի կառուցմանը։ Սա արդեն նրա ծիծաղը հարուցեց․«Վայ, վայ, մի արժանիք է եղել, որ երեխաների հետ եմ եղել ամբողջ կյանքում։ Դա մի խլեք էլի․․․

Եվ դրանից նաև երևում է՝ ով է քաղաքապետն ու ինչ հայացք ունի։ Այն, որ մանկարապարտեզներն իրեն ենթակա էին և պետք է վաղուց այդտեղ փող դնեին ու մանկապարտեզները բարեկարգեին։Ոչ թե հիմա էլ այդ հետադիմությանը փորձեին հանել Բլեայնի դեմ ու նրանից պաշտպանեին երեխաներին»։

Ամփոփելով՝ նա ասաց՝ Դետոչկինը սիրում էր երեխաներին։ Բլեյան Աշոտը ողջ կյանքում Դետոչկին է եղել։