Պլասիդո Դոմինգոն կերգի Երեւանում

Օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ամենահեղինակավոր փառատոններից մեկում՝ Արենա դի Վերոնայում, Սարսուելային նվիրված գալա-համերգի մեծ հաջողությունից հետո Դոմինգոն հանդես կգա Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Այս բացառիկ երեկոյի ընթացքում մեծն Դոմինգոյի կողքին հանդես կգա սրընթաց թափով միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:
Համերգին կհնչեն արիաներ, դուետներ եւ նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաեւ սիրված համաշխարհային մեղեդիներ:
«Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ Ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու եւ Ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երեւանում»,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:
Էդուարդ Թոփչյանը նշում է, որ նման մեծության աստղի մասնակցությունը Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ միջազգային երաժշտական հանրության համար: Նա վստահեցնում է, որ համերգն իր վրա է սեւեռել հանդիսատեսի ուշադրությունը աշխարհի տարբեր կետերից: Այդ օրն իսկական միջազգային մշակութային հրավառություն է սպասվում:
Սա Պլասիդո Դոմինգոյի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես է եկել 2010-ի դեկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կրկին ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Կարծիքներ