Դատավճիռն ի կատար ածեց

Դատավճիռն ի կատար ածեց

Այս տարիների կորուստների ու բացթողումների վտանգն այդքան մեծ չէր լինի, եթե կորսված չլիներ նաեւ հեռանկարը: Եթե Փաշինյանի իշխանությունն այսքան նեղացրած չլիներ մեր հնարավորությունների պատուհանը, այսքան ոչնչացրած չլիներ ապագա ունենալու բոլոր շանսերը: Եվ խոսքն այս դեպքում միայն Արցախին ու տարածքային կորուստներին չի վերաբերում, այլ շատ ավելի գլոբալ ու երկարաժամկետ փակուղուն, որի մեջ հայտնվել ենք մենք: Դրա մեջ առաջին հերթին հայի ոգու, պայքարելու, ինչու չէ` նաեւ իր կյանքը զոհելու գնով ինչ-որ բաների հասնելու վճռականությունն է: Այս իշխանությունների թեթեւ ձեռքով մենք վերածվեցինք զուտ մեր ֆիզիկական գոյությունը պահպանողների մի հանրության, որը մի խնդիր ունի` չմեռնել: Այս իշխանությունների թեթեւ ձեռքով մեր քաղաքական ու պետական կառույցները դեգրադացվեցին, մեր աչքի առաջ ողջ համակարգեր ոչնչացան, քաղաքական առանց այն էլ փխրուն դաշտը փոշիացավ, վերացան այլընտրանքն ու վեր հառնելու ցանկացած հնարավորություն:

Եթե հանկարծ մի հրաշքով իշխող քաղաքական ուժը հրաժարվի իշխանությունից, ընդունի իր պարտությունն ու ձախողումը եւ հեռանա, բացարձակապես չի երեւում, թե ով է նրան փոխարինելու, եւ, ամենակարեւորը` ինչ քայլեր են անելու եկողները, որ իրավիճակը կարողանան շտկել: Նիկոլ Փաշինյանը, ինստիտուցիոնալության մասին խոսելով, արմատախիլ արեց բոլոր ինստիտուտները, չկայացրեց անգամ իր կուսակցությունը` ո՛չ ՔՊ-ի ներսում իրեն փոխարինողներ աճեցրեց, ոչ թողեց, որ դրսում նրանք հասունանան: 2018-ին ասված չարագուշակ անեծքը՝ «կա՛մ ես կլինեմ այս երկրի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», դարձավ դատավճիռ, որն այսօր կարող է հնչել այսպես. «Ես կհեռանամ իշխանությունից այն ժամանակ, երբ Հայաստանը գոյություն չի ունենա»: