Աստիճանաբար բոլոր դպրոցները վերածվեցին ընտրական տեղամասերի

Աստիճանաբար բոլոր դպրոցները վերածվեցին ընտրական տեղամասերի

Հարցազրույց Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի հետ

- Պարոն Ալիխանյան, կորոնավիրուսն ու պատերազմն ինչպե՞ս կանդրադառնան կրթական համակարգի վրա։ 

- Հայաստանում՝ շատ քիչ, որովհետեւ մինչ կորոնավիրուսն ու պատերազմն էլ առանձնապես մի երանելի վիճակում չէր կրթական համակարգը։ Բայց, բնականաբար, շատ վատ կանդրադառնա կրթական համակարգի վրա՝ եղած վատից ավելի վատ։ Ընդհանրապես, կարծում եմ, որ մենք կրթական համակարգ չունենք։ Մի քանի տարի առաջ ես փորձեցի ճշտել մեր հանրապետության ակադեմիական առաջադիմությունը, եւ պատկերացրեք, թե Հայաստանի առաջադիմության տոկոսն ինչպիսին էր։ Օրինակ, սովետական տարիներին կար նկարած եւ օբյեկտիվ տարբերակ։ Իմ կոլեգաներն ասում էին, որ մեր իրական ցուցանիշը 50 տոկոս է, բայց մենք հաշվարկեցինք եւ ստացանք 5 տոկոս առաջադիմություն։ Այն է՝ 9-րդ դասարանի շրջանավարտների շրջանակում եւ այն է՝ գերազանցիկների դաշտում։ Իսկ դա սարսափելի թիվ էր։

- Կրթության որակը բարելավելու համար եւ որպես դրան միտված քայլ՝ երկար քննարկումներից հետո ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որն իրարամերժ կարծիքների տեղիք տվեց։ Որքանո՞վ է այն միտված կրթական համակարգի խնդիրների լուծմանը։ 

- Ես՝ ինքս, 3 անգամ գրել եմ օրենքի նախագիծ՝ իմ 2 գործընկերների հետ։ Եվ տեսել եմ այդ ամենը ներսից, թե ինչպես է գրվում, որպեսզի մի թեզն անցնի ֆինանսների նախարարությունում, մյուսը՝ Ազգային ժողովում, մյուսը՝ կառավարությունում։ Արդյունքում այնքան իրարամերժ փաստաթուղթ էր ստացվում, որ ամբողջ տրամաբանությունը խախտվում էր։ Ես չեմ կարդացել Ձեր ասած օրենքը, ինձ արդեն հետաքրքիր չեն այդ օրենքները, որովհետեւ ինչ նախարար գալիս է, ամեն ինչ սկսում է զրոյից՝ պետք է փոխել չափորոշիչները, կրթական ծրագիրը, օրենքը, այսինքն՝ ժողովրդի ուշադրությունը գնում է միայն այդ ուղղությամբ, բայց այդ օրենքը, չափորոշիչները կատարողներ են պետք։ Եթե առանձին նայենք մեր հանրակրթական ծրագիրը, ակադեմիական տեսանկյունից աշխարհում ամենաուժեղ ծրագրերից մեկն է, բայց կատարող չկա։

- Այսինքն՝ ուսուցիչնե՞րն են թերանում, ո՞ր օղակն է թերանում։

- Բոլորը, որովհետեւ դպրոցի տեղն ու նշանակությունն ի սկզբանե սխալ են որոշվել, եւ այն, ինչ կատարվեց անկախացումից հետո, երբ արդեն մենք էինք մեր տերը, այդ պահից սկսած՝ մի խայտառակ վիճակ է սկսվել մեզ մոտ, որը շարունակվում է անշեղորեն։ Աստիճանաբար բոլոր դպրոցները վերածվեցին ընտրական տեղամասերի։ Նկատի չունեմ քվեատուփը, որ դնեն դպրոցում, եւ մարդիկ դա անվանեն ընտրական տեղամաս։ Ոչ, հենց այդպես էլ պետք է լինի, ընտրություններն իրոք պետք է անցկացվեն դպրոցներում, որովհետեւ դպրոցը պետք է սրբություն լինի, դպրոց մտնողը, ինչպես որ եկեղեցի է մտնում, պետք է հասկանա, որ այստեղ խարդախություն անել չի կարելի։ Բայց մեզ մոտ տեղի ունեցավ հակառակը, եւ երբ ասում եմ, որ դպրոցները դարձան ընտրական տեղամասեր, նկատի ունեմ լայն իմաստով․ ծնողներին կանչեն, ստիպեն՝ սրան-նրան ձայն տալ, եւ այդ սկզբունքներով սկսեց ընտրվել նաեւ տնօրենների մեծ մասը։ Իսկ եթե դպրոցը գնահատվում է ընտրությունների արդյունքներով, էլ նրա ինչի՞ն է պետք, որ կրթական որակ ցույց տա, լուրջ աշխատանքներ անի։

- Ձեր նշած պրակտիկան տեղ ունի նաեւ մեր օրերում, նախընտրական քարոզարշավը չի սկսվել, բայց վարչապետի մարզային այցելությունների ժամանակ պարբերաբար հանդիպում ենք դպրոցահասակ երեխաների, որոնք աղ ու հացով կամ ողջույնի խոսքերով դիմավորում են նրան` մաս կազմելով նախընտրական քարոզչության։ Ինչպե՞ս կարող ենք ազատվել այս արատավոր պրակտիկայից։

- Այդպիսի արատավոր պրակտիկայից մեզ կարող են ազատել կա՛մ առաջին դեմքերը, կա՛մ հանրությունը։ Սա դատապարտելի բան է, ինքս չեմ տեսել այդ կադրերը, բայց շատ եմ լսել։ Ուրեմն մեզ ոչինչ չի փոխում, ո՛չ մեր անցյալի ցավերը, ո՛չ մեր պատմությունը, որից պետք է դաս քաղեինք, եւ թվում էր՝ այս պատերազմը վերջն է, ու սա պետք է դաս լինի, բայց չեղավ։ Մենք չենք կարող հաղթել այն պարզ պատճառով, որ չես կարող բոլոր ասպարեզներում՝ գիտություն, տեխնիկա, պարտվես, բայց գաս պատերազմում հաղթես։ Մենք այնպիսի սերունդ կորցրինք․․․, կոնկրետ մեր ճեմարանը 4 շրջանավարտ զոհ տվեց, եւ հարցն անգամ կորուստների քանակի մեջ չէ, այլ՝ ստի։ Սուտը եւ ստի վրա կառուցված ամեն ինչ քանդվում է, եւ ոչ մի դաս՝ ո՛չ համաշխարհային պատմությունից եւ ո՛չ էլ մեր պատմությունից, չքաղեցին մեր կիսագրագետ ղեկավարները։ Բոլորը պետք է պատասխան տան, այդ ո՞ւր գնացին մեր բոլորի հավաքագրած գումարները, չէ՞ որ մենք հարկեր ենք վճարում, չէ՞ որ մենք ունենք բազմաթիվ մեծահարուստներ, թեկուզ մեծահարուստ լինելը Հայաստանում ես համարում եմ անբարոյականություն, բայց, այնուամենայնիվ, այդ անբարոյականությունը կարող է մի օր բարոյական նշույլ ընդունել, ինչպես դա արեցին հրեաները՝ միավորվելով, հզորացնելով իրենց պետությունը։ Եվ ամենասարսափելին այն է, որ անգամ այսօր ոչ մի քայլ չի արվում եւ ոչ մի դաս չի քաղվում, իսկ գերիների հարցն ընդհանրապես անհասկանալի է ինձ համար, սպասում եմ, որ մի օր կասվի ճշմարտությունը, բայց չի ասվում, եւ այստեղ ամենաշատ տուժողը մեր աճող սերունդն է։ Ուրեմն ստի վրա ստեղծված մի սերունդ է աճել, եւ նրանք կարծում են, որ ճիշտը սա է, նրանց ոչ ոք չի ասում, որ ստի վրա ստեղծվածը քանդվելու է, այդպես քանդվել են Հռոմը, Սովետական Միությունը, այդպես կքանդվի Հայաստանը։ Եկեք ուշքի գանք վերջապես։ 

- Այս իշխանությունների ձեռնարկած կրթական բարեփոխումներն ո՞ւր կտանեն մեզ։

- Այդ բարեփոխումները, որ 30 տարի է՝ խոսում են, վաղուց չարեփոխում են դարձել, որովհետեւ ոչ մեկն էլ ոչ մի արդյունքի չի բերել։ Դրա համար երբ ինձ հարցնում են՝ այս չափորոշիչները ո՞նց են, ասում եմ՝ հինն ինչո՞վ էր վատ, այդ բոլորը կատարող չկա։     

- Ի դեպ, վարչապետը խոստացավ նոյեմբերից 30-50 տոկոսով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը։ Հետպատերազմական Հայաստանում ի՞նչ ճանապարհով եւ ի՞նչ միջոցներով է հնարավոր դա անել։

- Ես տնտեսագետ չեմ, բայց չեմ կարծում, որ Հայաստանում մի այնպիսի հզոր տնտեսական համակարգ է գործում, որ մեր գումարները, բյուջեն շատանան, ընդհակառակը՝ մենք այսօր ծայրահեղ վատ վիճակում ենք։ Իհարկե, շատ կուզեմ, որ մեր ուսուցիչները բարձր աշխատավարձ ստանան, ավելին՝ ուսուցիչը պետք է լինի ամենահարգված մարդը ցանկացած պետությունում։ Ցավոք, մենք չունենք ազգային գաղափարախոսություն, բայց ունենք Թումանյան, հենց միայն նա տեղով գաղափարախոսություն չէ՞։ Վերջապես՝ առաջին քրիստոնյա ազգն ենք եւ կարող ենք քրիստոնեության բարոյականության սկզբունքները վերցնել եւ ընդունել, որ դա հենց մեր ազգային գաղափարախոսությունն է, բայց քանի դեռ չկա ազգային գաղափարախոսություն, ոչինչ չի կարող լինել, որովհետեւ դպրոցը սկսվում է ոչ թե տնօրենից, այլ՝ ազգային գաղափարախոսությունից եւ դրա կրողներից։ Ուսուցիչը պետք է կրի դա, որպեսզի կարողանա հանձնել այդ ծանր բեռը նաեւ իր սաներին, ծնողներին։ Եվ այնպես չէ, որ նախարար փոխելով՝ սա կլուծվի։ Բոլորովին։ Մեր երկրում հենց կառավարությունները փոխվում են, նախարարն էլ է փոխվում, իսկ մեզ մոտ ամեն նախարար գալիս է եւ փորձում զրոյից սկսել, ես դեռ չեմ հիշում, որ մի նախարար գոնե նախորդի գործը շարունակի կամ էլ իր գործն ավարտին հասցնի։ Մեր ամբողջ կրթական համակարգն այսօր պետք է ոչ թե բարեփոխվի, այլ կտրուկ կառավարման իր մոդելը փոխի։

Սա միակ եւ ճիշտ ուղին է։ Կրթությունը քաղաքացի է պատրաստում, իսկ քաղաքացին գաղափարախոսություն է կրում, եւ դրա համար այդ ողջ կրթական համակարգի գլխին պետք է կանգնեն ազնվագույն մարդիկ։ Ժողովուրդը պետք է ընտրի մի խումբ մարդկանց՝ Տիգրան Մանսուրյանի կամ երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի պես մարդկանց, որոնք կլինեն այդ խորհրդի մեջ, իսկ նախարարությունը կվերանա որպես նախարարություն։ Այն պետք է դառնա գործադիր ինչ-որ մարմին, այսինքն՝ կառավարության կազմի մեջ լինելով՝ չպետք է լինի կառավարության անդամ, այլ պետք է լինի ապակուսակցականացված։ Մեզ մոտ շատ են «քաղաքականացված» բառը շփոթում «կուսակցականացված» բառի հետ եւ դրա համար ասում են՝ դպրոցը չպետք է լինի քաղաքականացված, բայց եթե քաղաքականացված չլինի, ո՞նց ես ուզում քաղաքացի կերտես՝ քաղաքացիական դիրքորոշումով։

Դպրոցը պետք է լինի քաղաքականացված, բայց ո՛չ կուսակցականացված։ Այդ խորհրդի մարդիկ պետք է ընտրվեն ժողովրդի կողմից, եւ նրանք որոշեն, թե ինչ ճանապարհով ենք գնում, ոնց ենք աճեցնում այս սերունդը, ինչ մարդ ենք ուզում, որ լինի մեր ապագա քաղաքացին։ Այդ չափորոշիչներից ամենակարեւորն այն կլիներ, որ հենց սկզբից որոշվեր, թե այդ որ չափորոշիչով է այսօր առաջնորդվելու մեր պատգամավորը կամ որեւէ ղեկավար։ Այս սարսափները, որ մեր երեխաները տեսան, թե իրենց աչքի առաջ ինչպես է մեկը մյուսին ապտակում, սպանում, հետո պատասխանատվություն չի կրում, մեր երեխաներն այդպես ստի մեջ մեծացան, ու նրանց թվում է, որ ճիշտը սա է։ Այ, այդտեղից պետք է սկսել, նախ եկեք քաղաքացի դառնալու չափորոշիչը որոշենք։