Հայկ Մարությանը կարգադրե՞լ է հանել եւ չփակցնել զոհվածների անուններով սեւ ժապավեններ

Հայկ Մարությանը կարգադրե՞լ է հանել եւ չփակցնել զոհվածների անուններով սեւ ժապավեններ

Պատերազմի վերջին օրերին ռազմաճակատ մեկնած, բայց թեժ մարտերին այդպես էլ չմասնակցած Հայկ Մարությանը կրկին իր տարբերվող որոշումներով հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում։ Այս անգամ նա մի տգեղ որոշում է կայացրել։ Մեր տեղեկություններով՝ Մարությանը Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին հրահանգել է պատերազմում զոհվածների անուններով փակցվող սեւ ժապավեններ այլեւս չփակցնել, իսկ որոնք որ արդեն փակցված են, ժամանակից շուտ գնում-հանում են։ Իմաստն այն է, որ ինչքան հնարավոր է քիչ հիշվի պարտության եւ մեր հազարավոր զոհերի մասին, որ բողոքի ալիքը մայրաքաղաքում չահագնանա։

Փորձեցինք տեղեկությունը ճշտել մի քանի թաղապետերից, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Միայն Ավանի թաղապետն ասաց, որ սեւ ժապավենները փակցված են։

Դիմեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարան, այնտեղից գրավոր հարցում պահանջեցին։ Հարցման պատասխանը ստանալու դեպքում այն կհրապարակենք։

Ի դեպ, Երեւանն ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքն է, Երեւանում են ապրում Հայաստանի բնակիչների կեսից ավելին, հետեւաբար, այստեղ զոհվածների քանակն ավելի մեծ է, քան մարզերի մյուս քաղաքների։ Ուստի այստեղ այդ ժապավենները պետք է հանդիպեին շատ ավելի հաճախ, քան մյուս քաղաքներում, մինչդեռ դրանք փակցված են միայն ծայրամասային մի քանի երկրորդական փողոցներում։

Նշենք, որ Հայաստանի բոլոր մարզերում այս պահի դրությամբ բազմաթիվ սեւ ժապավեններ են փակցված, յուրաքանչյուր զոհվածի անունով ժապավենը հեռացվում է նրա հուղարկավորությունից 40 օր անց։ Քաղաքներ կան, որտեղ բոլոր փողոցներում են այդ սեւ ժապավենները։