Շահումյան փողոցում շուտով 60 ծառ են կտրելու․ ապօրինությունների բում՝ խանութպանների թաղում

Շահումյան փողոցում շուտով 60 ծառ են կտրելու․ ապօրինությունների բում՝ խանութպանների թաղում

Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Շահումյան փողոցի առանձնատների տերերի միջեւ պատերազմ է հասունանում։ Բնակիչները միմյանց դեմ բողոքներ են գրում քաղաքապետարան, վարչապետի գրասենյակ՝ պահանջելով քանդել միմյանց տներն ու պարիսպները։
Թաղամասը, որն ընդգրկում է Տիչինայի 3-րդ նրբանցքի 17-րդ փողոցից դեպի Արա Սարգսյան փողոցն ընկած հատվածը, ձեւավորվել է 90-ականների սկզբին։ Այն ժամանակ այստեղ ընդամենը երկու տուն է եղել։ Այսօր մոտ 70 տներ կան, որոնք հիմնականում կառուցված են խախտումներով։ Շինարարական նորմեր չեն պահպանվել։ Բարձրավոլտ սյուների տակ բազմաթիվ տներ ու պարիսպներ են կառուցել, ինչն օրենքով արգելված է, ծուռ ու մուռ, անկանոն նախագծերով, առանց հասցեների, բազմաթիվ ինքնակամ շինություններով։ Առաջին հայացքից էլ երեւում է, որ այստեղ ով ինչ ուզեցել, արել է։  

Սակայն այս ամբողջ ապօրինությունների բազմազանության մեջ Երեւանի քաղաքապետարանը, վարչապետի գրասենյակը տեսել են միայն նախկին ազատամարտիկ, բժիշկ Վիկտոր Բաբասյանի պարիսպը, որը 1,5 մետր խախտումով է կառուցված։ Ընդ որում, տեսել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի թեժ պահին, երբ Բաբասյանի երկու որդիները մեկնել էին Արցախ, իսկ փոքր որդին կորած էր։  

Բանն այն է, որ թաղամասի մի երկու ունեւոր բնակիչ փաստաբան են վարձել, կազմակերպել՝ մյուսներից ստորագրություններ են հավաքել՝ քաղաքապետարանից պահանջելով լայնացնել ավտոճանապարհը՝ իրենց մեքենաների համար ավելի կոմֆորտ պայմաններ ապահովելու համար։ Բժիշկ, նախկին ազատամարտիկ Վիկտոր Բաբասյանի հողամասի պարիսպը խանգարել է այդ նպատակին։

Այս թաղամասում ապրում է ֆինանսների նախարարը, ՊՆ պաշտոնյաներ, կան ռեստորանատերեր, խանութպաններ, սակայն, թե ով է կոնկրետ կազմակերպել իր դեմ հարձակումը, բժիշկ Բաբասյանը չգիտի։ Նրա հակառակորդների փաստաբան Վահե Սեդրակյանը եւս չի հայտնում, թե ով է իրեն վարձել։ «Ես ներկայացնում եմ մեծամասնությամբ կողքի փողոցի մոտ 150 բնակիչների շահերը, որոնց ճանապարհն այդ տարածքով է անցնում։ Ամբողջ խնդիրը կայանում է ճանապարհի նեղության հանգամանքի մեջ»,- ասաց փաստաբանը։  

Բնակիչների ստորագրությունների հիման վրա քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։ Թեեւ Բաբասյանների ընտանիքը վշտի մեջ էր, բայց հարեւաններն ամեն օր անհանգստացրել են նրանց, պահանջել, որ սկսեն քանդման աշխատանքները։ Բժշկի պարսպով են սկսել զբաղվել նաեւ վարչապետի գրասենյակը, քաղաքապետարանը։ Հոկտեմբերի 12-ին, 20-ին նրանք, բանուգործը թողած, սկսել են գրություններ ուղարկել Շահումյան 17 փողոց եւ պահանջել պարսպի վերաբերյալ բացատրություններ ներկայացնել։

Բաբասյանն էլ բացատրել է, որ, ըստ գծագրի, իր հողամասի դրսի պատը տան պատին հավասար պետք է անցներ, սակայն տեղակայված է 1,5 մետր դեպի դուրս, որ ժամանակին, մասնագետի անփութության պատճառով, սխալ չափագրում է կատարվել։ Ի վերջո, ենթարկվելով պահանջներին՝ բժիշկ Բաբասյանը քանդում է պարիսպը։ Բայց հարեւանները դրանից հետո էլ չեն հանգստանում։ Հիմա էլ նրանք պահանջում են, որ ազատամարտիկները քանդեն հողամասի մյուս պատը, որը կառուցված է բարձրավոլտ սյան տակ։

Բժիշկ Վիկտոր Բաբասյանի հետ քայլեցինք Տիչինայի 3-րդ նրբանցքին հարող տարածքով։ Բարձրավոլտի տակ բազմաթիվ տներ, այգիներ, հողամասեր, պարիսպներ տեսանք։ Որոշ առանձնատների աստիճաններ եկել-կտրում են հիմնական ճանապարհը, եւ եթե քաղաքապետարանը որոշի վերականգնել արդարությունը, ապա բոլոր այս կառույցները պետք է ջնջի հողի երեսից։ «Ինչո՞ւ են այս բոլոր խախտումների վրա աչք փակում ու տեսնում միայն իմ պատը,- հարցնում է բժիշկը։- Որ այդպես է, թող բոլորը քանդեն»։ Նա եւս բողոքներ է պատրաստում Երեւանի քաղաքապետարան, վարչապետի գրասենյակ՝ պահանջելով քանդել տալ խախտումներով կառուցված շինությունները։ Այնպես որ, Տիչինայի փողոցին դեռ թեժ օրեր են սպասվում։
Բայց կա մի հարց, որը դուրս է խանութատերերի ու բժշկի թշնամության տիրույթից, որի պահանջատերը Երեւան քաղաքն է։ Ի՞նչ է լինելու մոտ 60 ծառերի հետ, որոնք վեր են խոյանում նեղլիկ ճանապարհի երկու կողմերով։

Կեչիներ, եղեւնիներ, կաղնիներ, թխկիներ են այստեղ տնկված։ Բաբասյանն ասում է, որ 30 տարի խնամել է այս ծառերը, հենց այնպես, առանց որեւէ շահի։ «Ճանապարհը լայնացնելու համար այս բոլոր ծառերը կտրվելու են, որ ռեստորանատերերն ու խանութպանները կոմֆորտով երթեւեկեն։ Դե, այդ մասին էլ գրեք»,- հորդորում է նա։