Քանի՞ տարեկան եք․․․

 Քանի՞ տարեկան եք․․․

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր տեղադրել մի աշխատասեր կնոջ մասին, ով արտադրություն էր կազմակերպել ու աստիճանաբար զարգացրել։ Վարչապետը նրան անվանել էր մեր ժամանակի հերոսը։

Կարդալուց հիշեցի այն օրը, երբ պետական համալսարանում ընդունելության քննություն էի հանձնում։ Այնքան վաղու՜ց էր դա, որ հեռավորության բարձրությունից գլուխս պտտվում է։ Ստեղծագործական շարադրություն էին տվել՝ «Մեր ժամանակի հերոսը» թեմայով։ Ու գիտե՞ք ով էր իմ հերոսը։ Իմ ճանապարհը ամեն առավոտ ավլող հավաքարարուհին։ Դե ի՞նչ էի տեսել։ Նկարագրում էի, թե ինչ հանգիստ ու բարի ժպիտով է ավլում փողոցները, ինչպես է զրուցում տերևների հետ ու երբ մաքուր է լինում ամեն ինչ, ուրախ ու երջանիկ գնում է տուն։ Բանավոր  քննության ժամանակ դասախոսը նայում էր նաև գրավոր աշխատանքը․

- Քանի՞ տարեկան եք,- հարցրեց։

-15, - պատասխանեցի։

-Նորմալ է,- ժպտաց կողքինի հետ, - փոքրիկը դեռ չի հանդիպել իրական հերոսների։

Կես դար անցել է ու ոչինչ չի փոխվել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ վարչապետը, ներկայացնում է մեր ժամանակի հերոսին։ Նույն թեման, ինչի մասին ժամանակին ստեղծագործական շարադրություն էի գրել։ Մեր ժամանակի հերոսը՝ ըստ վարչապետի, աշխատասեր կինն է, որ կարողանում է գոյատևել, իր համար փող աշխատել և կողքից մի քանիսի համար եկամուտ ապահովել։ Լավ է, կեցցես, բայց մեր ժամանակի հերո՞ս, այն էլ վարչապետի՞ համար․․․

Այդպես մտածում էի ես կես դար առաջ, 15 տարեկանում։ Երբ պատերազմ չէր եղել ու հերոս չէի տեսել։

 Հիմա էլ ես կուզեի Փաշինյանին հարցնել․

- Քանի՞ տարեկան եք․․․  Իրական հերոսների  չե՞ք հանդիպել․․․