Տեղի է ունեցել «VivaStart» եւ «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը

Տեղի է ունեցել «VivaStart» եւ «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը

Վիվա-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «VivaStart» եւ «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը: Արարողությանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «VivaStart» ու «ITStart» ծրագրերի շրջանավարտները: 
«VivaStart» կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015 թվականից: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում: Այս անգամ «VivaStart»-ն ունեցել է 37 շրջանավարտ, ովքեր մասնակցել են մրցույթի: Մրցույթի ընթացքում մասնակիցները եւս մեկ անգամ ի ցույց են դրել ծրագրի շնորհիվ ստացած իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Ավարտական արարողության ժամանակ շրջանավարտներից լավագույն չորսին (Սիլվա Կարապետյան, Էլիզա Մելիքյան, Անի Հովհաննիսյան եւ Ռուզաննա Մուրադյան) Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է մրցանակներ՝«Samsung 30S» սմարթֆոններ: 

«ITStart» ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է 2019 թ. սեպտեմբերի 22-ին, եւ այսօր այն ունի 4 շրջանավարտ: Ծրագրի հաջողության մասին իր տպավորություններն է կիսել Ռալֆ Յիրիկյանը. «Արդեն 5 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը հաջողությամբ իրականացնում է «VivaStart» ծրագիրը: Սակայն դրան գումարեցինք իր ձեւաչափով ու բովանդակությամբ նոր՝ 2019 թվականին մեկնարկած «ITStart» ծրագիրը, որն ունեցավ չորս շրջանավարտ: «ITStart» ծրագիրն ուղղված է բացահայտելու ծրագրավորման ոլորտում ներգրավված երիտասարդների օժտվածությունն ու ներուժը: Կարծում եմ՝ ծրագիրն այնքանով ստացված է, որ առաջին իսկ մեկնարկից հետո շրջանավարտներից մեկն արդեն անցել է աշխատանքի Վիվա-ՄՏՍ-ում»:

«VivaStart» եւ «ITStart» ծրագրերի շրջանավարտներից Լիդա Խաչատրյանը, Մկրտիչ Ավետիսյանը եւ Դավիթ Բալոյանը Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից ստացել են աշխատանքի հրավեր եւ ծրագրերի շրջանակում ստացած իրենց գիտելիքներն ու հմտություններն արդեն կկիրառեն իրենց աշխատանքի մեջ: 

«VivaStart» եւ «ITStart» ծրագրերի բոլոր շրջանավարտներին Ռալֆ Յիրիկյանը հանձնել է հավաստագրեր: