Հայ-ֆրանսիական հարաբերություններն ու ֆրանսիական արտահերթ ընտրությունները

Հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական հարաբերությունների վերելքը եւ այդ համատեքստում Ֆրանսիայի կողմից «Ցեզար» հրետանային համակարգերի՝ Հայաստանին վաճառքի մասին հայտարարությունը, որը տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում, կարելի է համարել նշանային։ Ընդ որում, այդ իրադարձությունը լայնորեն լուսաբանվեց եվրոպական եւ հայաստանյան մամուլում, ինչը կարելի է բավականին արտառոց համարել, քանի որ նախկինում, որպես կանոն, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում էին զենքի, սպառազինության, բանակի հետ կապված տեղեկատվությունը կոծկելու համար, իբրեւ թե, որպեսզի մեր թշնամիները դրանից չօգտվեն։ Հիմա վերջապես հասկացել են, որ դա պետք չէ թաքցնել, եւ թույլ, անզոր, անզեն ու անպաշտպան լինելու մասին տպավորությունները ոչ մի կերպ չեն օգնում մեր պաշտպանվածության մեծացմանը։ Եթե չասենք՝ ավելի են լկտիացնում մեր թշնամիներին, որոնց թվում է, թե մի քանի օրում կուլ կտան անզեն ու անզորք մնացած Հայաստանը։
Հայ-ֆրանսիական շփումներին եւ պայմանագրերին անդրադառնում են նաեւ ռուս վերլուծաբանները։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ռուսական պարբերականներից մեկի համար գրած իր մեկնաբանությունում անդրադարձել է ինչպես այս իրադարձությանը, այնպես էլ դրա առնչությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարություններին։ Մարկեդոնովը կարծում է, որ ռազմատեխնիկական գործակցությունը պետությունների միջեւ ձեւավորվում է ոչ միանգամից։ Դա, ըստ նրա, երկարատեւ գործընթաց է, որը չի կարելի ասել, թե սկսվել է, այ, այսինչ թվականից կամ օրվանից։ Սրանով հանդերձ, Մարկեդոնովը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ Ֆրանսիան փաստացի գտնվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում, եւ նախագահ Էմանուել Մակրոնի համար, հաշվի առնելով ֆրանսահայ մեծաթիվ համայնքի առկայությունը, բավականին հարմար է «հայկական թեմատիկայի» խաղարկումը՝ «տատանվող» ընտրողներին իր կողմը գրավելու համար։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ մեկ այլ հանգամանք․ հետեւելով Մարկեդոնովի տրամաբանությանը, ֆրանսիական քաղաքական շրջանակներից հնչած այն հայտարարությունը, թե հարկ է, որ Ֆրանսիան զորակազմ ուղարկի Հայաստան։ Մարկեդոնովը կարծում է, որ Փարիզի եւ Երեւանի ռազմական գործակցության մասին հայտարարություններն ավելի շատ ունենում են մեդիա-քարոզչական ազդեցություն։ Միաժամանակ, նաեւ նկատում է, որ դրանք նաեւ որոշակիորեն վտանգավոր են, քանի որ հավելյալ սեպ են դառնում առանց այն էլ ոչ այնքան լավ վիճակում գտնվող հայ-ռուսական հարաբերություններում՝ նպաստելով, որ սերտանան ռուս-ադրբեջանական հարաբերությունները։
Կարծիքներ