Փշոտ ճանապարհով անցնելը

Փշոտ ճանապարհով անցնելը

Նիկոլի ասելով, իր հիմնադրած կուսակցությունը մի քանի անգամ մեռել ու հարություն է առել: Դրանից մի փոքր ավելի վաղ Սուրբ Զատիկի օրը Նիկոլը հերթական սաղմոսն էր արտասանել: Ավելի ուշ Հիսուս Քրիստոսին բնութագրել է որպես ամենամեծ հեղափոխականի: 

Ի՞նչի մասին կարող է վկայել այս երեք դատողությունները միմյանց կողք դնելը: Այն, որ կյանքի հինգերորդ տասնամյակին մոտեցող անձի ուղեղում գաղափարախոսության առումով շիլաշփոթ է: Բացատրեմ. մի քանի անգամ մեռնելու ու հարություն առնելու երևույթը հատուկ էր հեթանոսական կրոններին: Հատկապես եվրոպական քաղաքակրթական տարածաշրջանի նախաքրիստոնեական ժամանակահատվածի կրոններին: Ընդսմին, բազմաթիվ էին նաև այդ երևույթը մարմնավորող աստվածները՝ Օսիրիս, Ադոնիս, Դիոնիս, Միթրա (մեզանում՝ Միհր) և այլն: Իսկ քրիստոնեության ծագման հետ մեկտեղ մեռնելու ու հարություն առնելու երևույթի կրկնողականությունը վերացել է: Քրիստոսն ընդամենը մեկ անգամ է մահացել ու հարություն առել, ընդամենը մեկ անգամ: Ավելին, քրիստոնեությունը մեռնող և հարություն առնող բնության՝ ինչպես մնացածները, մարմնավորումը չէ: Այնպես որ, հեթանոսական բազմաստվածության հետ մեկտեղ վերացավ նաև վերը նշված երևույթը: 
Վերն ասվածը նշանակում է, որ կուսակցության առումով ասված՝ մի քանի անգամ մեռնելու և հարություն է առնելու մասին դատողությունը չի կարող վերաբերվել քրիստոնեական Աստծուն:

Չնայած, խոսքի հեղինակի մտադրությամբ, միտված էր հենց դրան: Եթե ասվածը ճշմարիտ լիներ, ապա այն, բնականաբար, կլիներ սրբապղծություն: Ինչը, կարծում եմ, այդ անձի առումով կարող էր դիտարկվել որպես «նորմալ» երևույթ: Հետաքրքիրն այն է, որ այդ դատողությունը բնութագրում է տվյալ անձի՝ իրեն անընդհատ Հիսուս Քրիստոսի տեղը պատկերացնելը: Դրա դրսևորումն է նաև նրա կողմից Քրիստոսին ամենամեծ հեղափոխական «կարգելը»: Ինչի առումով կարելի էր նույնիսկ միայն մեկ օրինակով նրա համար հատուկ հակաքրիստոնեական մրցանակ սահմանել՝ շնորհելով նրան:
Ինչպես երևում է, ժամանակին միամիտ և օճառվելու սովոր անձանց կողմից «ժողովրդի փրկչի» տիտղոսին արժանացած անձը չի կարողանում ձերբազատվել այդ ինքնապատկերացումից: Եվ քանի որ նրան չհաջողվեց պահպանել այդ տիտղոսը նախկինների և հատկապես արտաքին թշնամու դեմ պայքարում, ընդունեց քրիստոսանման՝ փշոտ ուղիով ընթանալու տարբերակը:

Հենց դրան էր միտված իր՝ «չհանձնվելը» որպես ճշմարիտ ճանապարհ դիտարկելը: Իսկապես, (մեղա, մեղա) ինչ վատ Քրիստոս է, որ… Ունի հետևորդների բավականին մեծ խումբ, մեծ հաշվով ժողովուրդն էլ նրան չի ընդունում, ինքն անընդհատ անցնում է պարտությունների փշոտ ճանապարհով… Բայց այդ անձը երևի մոռացել է, որ շուրջ վեց տարի առաջ ողջ ժողովուրդը պաշտում  էր նրան: Երևի չի գիտակցում, որ իր խմբի անդամները ոչ թե համախոհներ են, այլ հանուն փողի բարոյականությունն ու անձնական ու ազգային արժանապատվությունը մի կողմ դրած մարդիկ: Եվ գլխավորը՝ արհավիրքների ու ողբերգությունների միջով են անցնում ոչ թե ինքն ու իր թիմակիցները, այլ մի ժամանակ իր կողմից հպարտ անվանված քաղաքացիները: Եվ արհավիրքների արդյունքում էլ ոչ թե իր կողմից խեղաթյուրված՝ բարոյականությունն է շտկվում, այլ հազարամյա ժողովրդի պետականությունն է գլորվում անդունդ: