Ասացի`պատրաստ եմ գնալ եւ սպարապետի արձանը Շուշիից հանել

Ասացի`պատրաստ եմ գնալ եւ սպարապետի արձանը Շուշիից հանել

Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանն արդեն պղծվել է ադրբեջանցիների կողմից: Դրա մասին վկայող լուսանկարը չուշացավ, որը րոպեների ընթացքում տարածվեց հայկական պորտալում` հարուցելով ողջ հասարակության ցավն ու զայրույթը: Լուսանկարում երեւում է, որ ներկով խաչ են քաշել սպարապետի արձանի վրա ու վնասել գլխի հատվածը:  

Սպարապետի արձանը Շուշիից դուրս բերելու վերաբերյալ քննարկումներին ու մտահոգություններին Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, օրեր առաջ այսպես էր արձագանքել. «Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության եւ Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար: Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար, այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաեւ Վազգենի հուշարձանին: Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում է, տուն-թանգարանը՝ Արարատում»։ 

Հուշարձանի հեղինակ` քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին ոչ միայն զարմացրել, այլ նաեւ նեղացրել է սպարապետի եղբոր նման վերաբերմունքն ու մեկնաբանությունը. «Դա ի՞նչ ասելու բան էր... այդքանից հետո ես ի՞նչ ասեմ, երբ իր հարազատ եղբայրն է նման բան ասում...»:  

Քանդակագործն ասում է` սիրտ չի անում լուսանկարները նայել, տղան է պատմել ու նկարագրել կատարված վանդալիզմի մասին. «Տղաս ասաց, որ երեսին բրոնզ են քսել, վնասել...»: Թոքմաջյանն ասում է` անընդհատ անհանգստանում էր հուշարձանի համար, մտածում էր` ո՞ւմ դիմի. «Գուցե շատերը մտածում էին, որ այն տեղափոխելը դժվար կլինի, մի ամբողջական կտոր քար է, բայց այդպես չէր, այն 3 կտորից էր, արձանը՝ առանձին, կողքի նստարանները՝ առանձին, ուղղակի ես էի դրանք ամրացրել ու մի ամբողջական կտոր սարքել»: Ըստ այդմ, ավելի դյուրին կլիներ սպարապետի հուշարձանը տեղափոխել որեւէ ապահով տեղ. «Ես՝ ինքս, շահագրգռված էի եւ ասել եմ, որ պատրաստ եմ գնալ եւ արձանը տեղափոխել, քանի որ գիտեմ՝ որտեղից եւ ինչպես եմ ամրացրել։ Դա շատ հեշտ կարելի էր կազմակերպել եւ բերել այդ 3 կտորները, ուրիշ մի տեղ նորից հավաքել, բայց ես ո՞ւմ ասեի... մարդիկ հիմա ասում են` ավելի լավ էր պայթեցնեին ու նոր Շուշիից դուրս գային...»: 

Կողմ կլինե՞ր, որ արձանը պայթեցնեին, եթե հնար չկար այն Շուշիից հանելու։ Թոքմաջյանն ասում է. «Ավելի լավ էր այդպես լիներ, քան այլանդակեին, ծիծաղեին վրան, ուսերին նստեին, անարգեին: Ես չգիտեմ՝ հիմա ո՞ւմ մեղադրեմ: Ես չէ` դուք, ի՞նչ կարող էինք անել... Ես դիմել էի նախարարություն, այնտեղից ինձ ասացին, որ հիմա մարդկանց մասին են մտածում, եւ դեռ արձանների ժամանակը չէ: Ասացի` ախր, դա մեկը մյուսի հետ կապ չունի, իհարկե, պետք է առաջնահերթ մարդկանց մասին մտածել, բայց այդ արձանն էլ արժեք էր, չէ՞...»։ Քանդակագործն իր վրդովմունքն է հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ից եւ նմանատիպ այլ կառույցներից, որոնք պարտավոր են նման իրավիճակներում իրենց հոգածության տակ առնել մշակութային ժառանգությունը, բայց որեւէ քայլ չեն անում:  

«Ի՜նչ ասեմ, սիրտս ցավում է... երկու տարի ես ընտանիքով Շուշիում մնացի, քարը բերեցինք, տաշեցինք, հենց Ղարաբաղի քարն էր, ինչ լավ էր ամեն ինչ, ես միշտ հպարտանում էի դրանով, մարդիկ էլ գնում նստում էին Սպարապետի կողքը, նկարվում էին...: Մարդկանց հիմա իրենց տներից դուրս են անում, իրենք էլ անասունները դիմացները գցած՝ գնում են, ես ուղղակի ցնցվում եմ այս ամեն ինչից, դրա համար մի քիչ նեղվում էլ եմ, որ այս պայմաններում ես իմ արձանի հարցը մեջտեղ բերեմ...: Բայց ես Ձեզ ուրիշ բան ասեմ․ երեւի հիշում եք՝ նախագահականի դիմաց դրված էր Նոյի եւ Տիգրան Մեծի մարմարակերտ արձանները, չգիտեմ ոնց եղավ, ինչ եղավ, Սերժ Սարգսյանը դրանք ապամոնտաժեց եւ տարավ շենքի հետեւը, այնտեղ, որտեղ հիմա Արմեն Սարգսյանն է նստում: Իմ բոլոր հարցադրումները մնացին անպատասխան, թե ինչու այդ արձանները հանեցին ու տարան փակեցին, մինչեւ հիմա շենքի հետեւը ծառերի մեջ կանգնած են: Ես նամակ գրեցի ե՛ւ Նիկոլ Փաշինյանին, ե՛ւ Արմեն Սարգսյանին, որ մինչեւ ե՞րբ Տիգրան Մեծն ու Նոյը պետք է դատապարտված մնան։ Ինձ խոստացավ, որ կկանչի, հետս կխոսի, բայց այդպես էլ բան չարվեց...: Հիմա սա էլ հո մեր հայերն էին, ճիշտ է՝ չեն պղծել, բայց ծառերն արդեն եկել ծածկել, փակել են դրանք, այսինքն՝ այդ արձանները կալանավորված են...»:     

Լեւոն Թոքմաջյանը հեղինակել է նաեւ Մոնթեի արձանը Մարտունիում, ասում է՝ հուրախություն մեզ, այն կարծես մեր տարածքում է։ «Մոնթեն որ կենդանի լիներ, թույլ կտա՞ր, որ մեկը Մարտունիին ձեռք տար... բա Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակնե՞րը, դա էլ հիմա ջարդուփշուր կանեն, նրանք կթողնեն, որ հրեշտա՞կ մնա այնտեղ: Այդ 4 հրեշտակներն էլ մենք արեցինք»,- դառնությամբ նշում է Թոքմաջյանը: