«Հրապարակ»․ Մարզպետի խորհրդականին մեղադրանք են առաջադրել, ԲԿ-ի տնօրենին՝ անօրինական տեսաձայնագրել

«Հրապարակ»․ Մարզպետի խորհրդականին մեղադրանք են առաջադրել, ԲԿ-ի տնօրենին՝ անօրինական տեսաձայնագրել

Նախորդ տարվա հուլիսին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ «Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կալանավորվել է. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ մեղադրանքը վերաբերում է հիվանդանոցին պատկանող դիահերձարանի տարածքը վարձակալության տալուն: Ըստ մեղադրանքի, հիվանդանոցին պատկանող դիահերձարանի տարածքը Մանուկ Քեշիշյանին է վարձակալության տրվել, ինչի դիմաց անձը կաշառք է տվել: Կաշառքը տրվել է մարզպետարանում, իսկ ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը եղել է այդ կաշառքը տալ-վերցնելու գործում օժանդակողը։ Քրեական գործում առանցքային դերակատարում ունի Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի խորհրդական Ռազմիկ Թադեւոսյանը, որը նաեւ մարզպետի ազգականն է: 

Ա․ Հովհաննիսյանը շատ մտերիմ է եղել մարզպետի խորհրդականի հետ, Թադեւոսյանը, այսպես ասած՝ ՔՊ-ում ԲԿ տնօրենի «թիկունքն» է եղել։ Ի դեպ, Ռազմիկ Թադեւոսյանը նախկինում էլ է հայտնվել մամուլի հրապարակումների կիզակետում։ Նա ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի վարորդն է եղել, երբ Թորոսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Թադեւոսյանը ոչ միայն Թորոսյանի մեքենան էր վարում, այլեւ զուգահեռ զբաղվում էր Թորոսյանի ընտանիքին պատկանող՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ձկնաբուծական բիզնեսով։ Այս ընկերության 20%-ի սեփականատերն Արագածոտնի մարզպետի խորհրդականի հայրն է՝ Սարգիս Թադեւոսյանը։
Քրեական գործի նախա­քննությունն ավարտվել է, այն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է՝ դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում։ Մեղադրյալները 5-ն են, մեկն Արգիշտի Հովհաննիսյանն է, մյուսը՝ նրա վարորդը, Ռազմիկ Թադեւոսյանը, ոստիկան Հարություն Գեւորգյանը եւ Մանուկ Քեշիշյանը, որը հաստիքով եղել է ԲԿ-ի պահակը, սակայն իր աշխատանքը չի կատարել։ Ի դեպ, մեղադրյալներից միայն Արգիշտի Հովհաննիսյանն է կալանավորված։ 

Հովհաննիսյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ են պահում առանց լուրջ հիմնավորման։ Ինչ վերաբերում է կատարված նախաքննությանը, այն «շատ վատը» անվանեց. «Ավելի քան կողմնակալ նախաքննություն է եղել։ Առանց դատարանի որոշման՝ ներքին դիտում գործողություն է եղել, տեսաձայնագրվել է իր աշխատասենյակը, մինչդեռ, դատարանի որոշմամբ, ներքին դիտումը պետք է տեղի ունենար այլ տեղում։ Այսպիսի կոպիտ խախտումներ, եթե անունը դնենք «խախտում», դա շատ թեթեւ կլինի»։

Իսկ որտե՞ղ էր դատարանը թույլատրել իրականացնել ներքին դիտում»։ Ալումյանն ասաց՝ հիվանդանոցի նախկին մասնաշենքում։ Հովհաննիսյանի մեղադրանքում նշված է․ «Արգիշտի Արամի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու դեպքով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդականին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի եւ վերջինիս մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու եւ հովանավորչության համար կաշառք ստանալուն (որից մեկ դեպքով՝ խոշոր չափերի, մեկ դեպքով՝ մանր չափերի), ինչպես նաեւ կաշառք գումարներ է ստացել՝ իր ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի եւ վերջինիս մատնանշած անձի օգտին հովանավորչության համար»: Ալումյանն ասում է՝ մեղադրանքի հիմքում դրվածն անօրինական է, նույնիսկ փոքր երեխան գիտի, որ այդպիսի բան չեն անում (խոսքն անօրինական տեսաձայնագրման մասին է)։ Նա նաեւ նշեց, որ դատավորն այդ անօրինական գործողությանը որեւէ արձագանք չի տալիս։ 

Զրուցեցինք նաեւ Ռազմիկ Թադեւոսյանի պաշտպան Արման Կարապետյանի հետ։ Նա ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, մեղադրանքն առաջադրել են նախաքննությունն ավարտելուց 1-2 օր առաջ, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, մարզպետի խորհրդականի լիազորությունները կասեցված են։ Ինչո՞ւ է կաշառքին օժանդակելու մեջ մեղադրվող Հովհաննիսյանը կալանավորված, իսկ կաշառք ստանալու մեջ մեղադրվող Թադեւոսյանը՝ ազատության մեջ՝ հարցրինք պաշտպանին։ «Որովհետեւ իրականում որեւէ ապացույց չունեն, մեղադրանքը դրվել է նախաքննության ավարտից օրեր առաջ, մինչ այդ ինքը չի հարցաքննվել, որեւէ կարգավիճակ չի ունեցել, հետապնդման համար փաստական տվյալներ չունեն․ վերացական հանգամանքներ են։ Այն, որ նախաքննությունից օրեր առաջ են մեղադրանք առաջադրում, դա ցույց է տալիս մեղադրանքի բոբիկությունը։ Չկա որեւէ մեկը, որն ասի՝ իրեն գումար են տվել, ընդհանրապես այդ ոլորտում Ռազմիկ Թադեւոսյանը չկա»։ Արման Կարապետյանը խնդիր է տեսնում նրանում, որ գործով անցնող Արգիշտի Հովհաննիսյանին անօրինական են ձայնագրել։ Նշենք, որ Արգիշտի Հովհաննիսյանը ՔՊ անդամ է, «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել 2018 թվականին։