Աննա Դանիբեկյանին պաշտո՞ն են խոստացել

Աննա Դանիբեկյանին պաշտո՞ն են խոստացել

Քանի որ արդեն դարձել ենք Ֆեյսբուքով, «լայվերով» ու «լայքերով» կառավարվող երկիր, հետեւելով համացանցի օրվա շարժին, իշխանական ֆեյքերի «տրամադրություններին», կարելի է ենթադրել, թե վաղը իշխանությունն ինչ է բերելու գլխներիս: Նախօրեին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց որոշում, ըստ որի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ անազատության մեջ, իշխանական ֆեյքերի մոտ սկսվեց «մե քե՜ֆ, մե ուրախությո՜ւն», դատավոր Դանիբեկյանի մեծարման ու հերոսացման քարոզարշավ:

Տպավորություն էր, որ 2018-ի իշխանափոխությունից հետո հայկական տոնացույցում, Քաղաքացու օրվա տոնին զուգահեռ, մեկ տոն էլ է ավելացել՝ «սուրբ Աննայի» օրը: Օգտատերերը գովաբանում էին դատավորին, ներկայացնում նրա անկրկնելի «հերոսական» քայլը, քաջալերում, որ նա մենակ չէ, մենակ չէ եւ այլն: Իսկ մի օգտատեր մեկնեց օրվա «խորհուրդը». «ՍԴ նախագահ Աննա Դանիբեկյան»: Երեւի ենթադրում է, որ Դանիբեկյանին խոստացել են ՍԴ նախագահի պաշտոնը, ինչի համար էլ ինքը մասնագիտական հեղինակության հաշվին նման անհասկանալի որոշումներ է կայացնում՝ Ռոբերտ Քոչարյանին պահելով կալանքի տակ: Իսկ թե ինչպես կկազմակերպեն դա, երբ արտակարգ դրության պայմաններում հնարավոր չէ ՍԴ փոփոխությունների հանրաքվեն անցկացնել, հավանաբար, մի անտրամաբանական քայլ էլ այս ուղղությամբ կանի Փաշինյանը:

Վերջինիս արդեն ձեռք չի տալիս հանրաքվեն, քանի որ բացահայտումները՝ արցախյան հարցի շուրջ Լավրովի հայտարարությունը, Միքայել Մինասյանի գաղտնազերծումները, մաքսանենգ ծխախոտի աղմուկը եւ այլ հանգամանքներ նիկոլական իշխանության վարկանիշը գլորել են ցած: Փաշինյանին մնում է՝ այնպես, ինչպես Հանրապետության հրապարակում ստորագրեց ՀՅԴ ու ԲՀԿ նախարարների՝ պաշտոններից ազատման հրամանները, ոտքի վրա մի խելահեղ ստորագրությամբ կամ ԱԺ կիսագաղտնի նիստով ազատի Հրայր Թովմասյանին եւ նշանակի Դանիբեկյանին: Դա Փաշինյանին բնորոշ է: Ուղղակի հարց է, թե այդ հակաիրավական գործընթացին համաձայն կլինի՞ դատավորը, ամեն դեպքում՝ նա գոնե մի պահ կմտածի, թե ինչ կլինի իր հետ մոտ ապագայում, երբ Նիկոլն այլեւս իշխանության չլինի: