Ականջ ծամողի հայրն ու բարեկամներն ի՞նչ պաշտոնների են եղել 90-ականներին

  Ականջ ծամողի հայրն ու բարեկամներն ի՞նչ պաշտոնների են եղել 90-ականներին

Մարդ ինչքան պիտի իր կենսագրությունը մոռացած լինի, որ չհիշի՝ իր հայրը 90-ականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել, ասել է թե՝ եղել է իշխանություն, ու ինքը լիուբոլ ապրել է։  

Խոսքս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի մասին է, ում քույրը՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է: Ավագանու անդամի գրառումը խայտառակություն է, երևի ծանոթ- բարեկամ ասել են՝ հեռացրու գրառումդ, ու նա հեռացրել է, բայց հեղեղն իրենն անելուց հետո, ի՜նչ ուզում ես արա․․․ Ահա ֆեյսբուքյան գրառումը․

«Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»:

Ավագանու մի այլ անդամ էլ ՝  Լիլիթ Կարապետյանը, ստատուսի տակ արձագանքել  է՝ «երբ սկսենք»։

Հիշեցնենք Նուարդին՝ 90-ականները, երբ իր հայրը բարձր պաշտոններ էր զբաղեցնում։

Նուարդ Վարդանյանի հայրը 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ 1993-ին եղել է ՀՀ նախկին պետնախարար, 1995-1998թթ.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար:

Ավելի խորքից գանք՝ ո՞վ էր պատգամավորի հորը՝ Ժոկոյին, մականուն չէ, իր անունն է, (Գևորգ Վարդանյան), 90-ականներին «առաջ բրդել»։ Այդ թվերին մամուլում լայն արձագանք էր գտել թեման։  Միանգամից ասեմ՝  ԱԺ գերագույն խորհրդի պատգամավոր Դավիթ Վարդանյանը։ Պատգամավորն իր  մերձավոր ազգականներին կարևոր պաշտոնների էր նշանակել։ Պատգամավորական լիազորություններով Դավիթ Վարդանյանին հաջողվել է նման պաշտոնների նշանակել իր մերձավոր ազգականներին․

1. ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ԺՈԿՈ), Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, այնուհետեւ պետական նախարար․․․Դավիթ Վարդանյանի աներձագը` կնոջ եղբայրը, նախկին ցեխավիկ։

2. ԴԵԿԱՐՏ ԴԱՎԹՅԱՆ, հանրապետության կառավարության վերահսկողական տեսչության պետ,  Դավիթ Վարդանյանի փեսան` քրոջ ամուսինը։

3. ՀՐԱՉԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ, Երքաղգործկոմի բնակշահագործման վարչության պետ, Դավիթ Վարդանյանի փեսան` մյուս քրոջ ամուսինը։

4. ՀԱՄԼԵՏ ԹՈՐՈՍՅԱՆ, Հայտեղարդ արտադրական միավորման գլխավոր տնօրեն, Դավիթ Վարդանյանի փեսայի` Հրաչիկ Թորոսյանի եղբայրը, նախկին ցեխավիկ։

5. ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Հայտեղարդ համակարգի Զովունու լայն սպառման ապրանքների գործարանի տնօրեն, Դավիթ Վարդանյանի եղբայրը։

Այնպես որ կարող եք տեղեկանալ, թե ականջ ծամողն ի՜նչ հզոր բարեկամներ է ունեցել 90- ականներին։ Ընդամենը մի քանի մերձավորների մասին եմ հիշեցնում։ Ավագանու անդամը ո՞նց է  հայտարարում, որ «Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել»․․․

Ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է եղել իր սարսափը, նման հզոր մերձավորներ ունեցողը սարսափի՞ց է խոսում։ Հոր ու բարեկամների զորությունն այնքան ուժեղ է եղել, որ հեղափոխությունից հետո երկու քույրերով հայտնվել են «իրենց մոր փորում»։ Մի քույրը՝ ավագանու անդամ, մյուսը՝ պատգամավոր։  Նրանց հայրը մահացել է 2019 թվականի հունիսի 9-ին։ Հոր մահվան կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պետբյուջեից 2 մլն 277․ 41 հազար դրամ է տրամադրվել։

Այդ ինչպե՞ս է լինում, երբ 90-ականների պաշտոնյաների ժառանգները հայտնվում են հեղափոխական իշխանության հրեշտակային փետուրների ներքո, բայց հայտարարում են, որ սարսափի մեջ են մեծացել։ Միակ պատճառն այն է, որ նրանք ցանկանում են ժխտել հեղափոխական իշխանության և 90-ականների իշխանության սերտ կապը։