Հարյուրավոր տուժածներ կան. Ստամբուլի հուժկու երկրաշարժի հետևանքները

Ստամբուլում երեկ գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, տուժել է մոտ 240 մարդ:
Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ մարդիկ հիմնականում վնասվածքներ են ստացել խուճապից բարձրությունից ցատկելու պատճառով:
Բացի այդ, ստորգետնյա ցնցումների հետևանքով փլուզվել է լքված մեկ շենք, ևս 12 շենքերի բնակիչներ տարհանվել են․ զոհեր չկան։ Արդեն գրանցվել է մոտ 130 հետցնցում։
«Երկրաշարժի հետևանքով որևէ շենքի փլուզումից տուժածներ չկան։ Խոսքը միայն նրանց մասին է, ովքեր ցնցումներից հետո խուճապի են մատնվել և ցատկել բարձրությունից կամ խուճապային գրոհի ենթարկվել։ Ընդհանուր առմամբ՝ 236 մարդ է տուժել, նրանց վիճակը նորմալ է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝երեկ 12։50-ի սահմաններում 6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Մարմարա ծովում՝ Ստամբուլի ափերի մոտ։ Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ:
Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել էր, որ ուշադիր հետևում են զարգացումներին, իսկ խորհրդարանի նախագահը ժողովրդին կոչ էր արել զգոն լինել և պատրաստ լինել ավերիչ երկրաշարժի:
Կարծիքներ