700 հզր․ դրամ՝ պատերազմի մասնակիցներին, 21 մլն 450 հզր՝ մարզիկներին

700 հզր․ դրամ՝ պատերազմի մասնակիցներին, 21 մլն 450 հզր՝ մարզիկներին

Չնայած նրան, որ իշխանությունը Հանրապետության տոնի առթիվ հրապարակում գունագեղ միջոցառման է նախապատրաստվում, մարզերում անկախության 30-ամյակը զուսպ եւ առանց մասսայական տեսարանների է անցկացվելու:

Հանրապետության երկրորդ քաղաքում այդ օրը նախատեսված է այցելություն «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն եւ 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների պարգևատրման արարողություն:

Ի դեպ, Գյումրու ավագանին վերջին նիստին որոշում կայացրեց համայնքի բյուջեից հատկացնել ընդամենը 700 հզր․ դրամ, որպեսզի այդ օրը պատերազմի մասնակիցներին հուշանվերներով եւ պատվոգրերով պարգևատրեն: Նույն օրը ավագանին որոշում կայացրեց նաև համայնքի բյուջեից 21 մլն․ 450 հզր դրամ էլ հատկացնել 2021 թվականի ընթացքում Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած Գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին: Թեև մեր մարզիկները օլիմպիական խաղերից ոսկե մեդալներով չէին վերադարձել, ավագանին որոշեց կարգը խախտել: «Խախտում ենք ավագանու որոշումը, թե միայն ոսկե մեդալ բերողը կստանա 5մլն․: Մեր տղաները ոսկե մեդալի պայքար տարան, բայց կյանքն ու  մրցումներն անարդար էին : Որպեսզի չկոտրենք նրանց , համարենք՝ մեդալները ոսկի են»,-ասաց համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը՝ ընդգծելով, որ նշված գումարից 5մլն․ դրամ կհատկացվի ըմշամարտիկ Արթուր Ալեսանյանին, 4մլն՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին եւ 2մլն՝ ըմշամարտիկ Կարապետ Չալյանին:

Ավագանու անդամներից Արմենուհի Վարդանյանը նկատեց, որ թեև համեմատելու չէ, բայց հակադարձ հայացք նետելով չի կարող անտեսել փաստը, որ պատերազմի մասնակիցներին ընդամենը 700հզր դրամ հատկացվեց, իսկ մարզիկներին՝ 21 մլն-ից ավել:

«Տղաները գումարով չեն պարգևատրվելու, հուշանվերներ եւ պատվոգրեր  ենք տալու, դուք եք որոշողը, ուզում եք՝ վերանայեք, էդ տղաներին ինչ էլ անենք՝ քիչ է»,-խեղճացած ասաց քաղաքապետի տեղակալ  Ռուբեն Սանոսյանը: