Չեզոք դիրք եմ բռնել, բայց ավելի շատ իշխանությանն եմ աջակցել

Չեզոք դիրք եմ բռնել, բայց ավելի շատ իշխանությանն եմ աջակցել

Իշխանությունների նախաձեռնած համայնքների խոշորացման արդյունքում հայտարարված ՏԻՄ ընտրությունները հիմնականում քաղաքական նպատակ են հետապնդում։ ՔՊ-ական իշխանությունները ցանկանում են ազատվել ընդդիմադիր համայնքապետերից՝ հույսով, որ իրենց թեկնածուները կհաղթեն։ Խոշորացման արդյունքում մի շարք համայնքներում 25, 30, ընդուպ 38 գյուղ է ընդգրկվելու, մեկ համայնքապետը երեք տասնյակ համայնք է ղեկավարելու։ Դրանցից մեկն Աշտարակն է, որի կազմում խոշորացումից հետո 30 համայնք է մտնելու։ Աշտարակի գործող քաղաքապետն անկուսակցական, նախկինների աջակցությամբ ընտրված Թովմաս Շահվերդյանն է, որը քաղաքը ղեկավարում է 2016-ի հոկտեմբերից։ Շահվերդյանից, ընդհանուր առմամբ, դժգոհ չեն աշտարակցիները, ասում են՝ այս տարիներին բավականին գործ է արել քաղաքում եւ հիմա նորից մտադիր է առաջադրվել։

Բայց խնդիր է առաջացել, թե որ կուսակցության ցուցակով պետք է առաջադրվի։ Ասում են՝ ընտրությունների շեմին արդեն լարվածություն է առաջացել մարզի ՔՊ-ականների միջեւ, թե ով պետք է առաջադրվի քաղաքապետի թեկնածու։ Մեզ ասացին՝ հավակնորդներից մեկն ավագանու անդամ է` Բդի Տիկո անունով հայտնի Տիգրան Գալստյանը, որի հորեղբորորդին՝ Գալուստը, ՔՊ Աշտարակի կառույցի ղեկավարն է։ Ու փորձում են Տիգրան Գալստյանին առաջ մղել, որը նախկինում ՀՀԿ-ականների հետ էր, հիմա՝ գործող իշխանությունների։ Բայց, ասում են, նրան դեմ է մարզպետ Դավիթ Գևորգյանը, որը լավ հարաբերություններ ունի գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ։ Աշտարակցիների խոսքով՝ մարզպետի ու քաղաքապետի ջերմ հարաբերությունները հիմնված են բացառապես շահի վրա։

Շահվերդյանը, որը մեծահարուստ է, Աշտարակում բազմաթիվ բիզնեսներ ունի, ֆինանսապես աջակցում է մարզպետին, իսկ օդից մարզպետի աթոռին հայտնված Գևորգյանը դա գնահատում է։ Վերջինիս ֆինանսատնտեսական վիճակը մարզպետ դառնալուց հետո կտրուկ բարելավվել է, զրկանքներով լի կյանքը մնացել է անցյալում։ Ուստի այսօր քաղաքապետի ու մարզպետի շահերը կարող են համընկնել նաեւ ընտրությունների հարցում․ մարզպետին հասնող Շահվերդյանն այդ նույն մարզպետի օժանդակությամբ կարող է դարձյալ հավակնել քաղաքապետի պաշտոնին։

Բնականաբար, այլ քաղաքական ուժեր եւս ընտրություններին մասնակցության հայտ կներկայացնեն, թեպետ դեռ վերջնական որոշումներ չկան։ Խոսակցություն կա, որ Դաշնակցությունը կարող է առանձին ցուցակով մասնակցել, որի քաղաքապետի թեկնածուն, ըստ նախնական խոսակցությունների, կարող է լինել Կարեն Շահազիզյանը՝ ավագանու գործող անդամ եւ Աշտարակի սոցապծառայության նախկին ղեկավար։ Հնարավոր է «Պատիվ ունեմ» դաշինքը եւս մասնակցի ընտրություններին։ Թե ով կգլխավորի ցուցակը, դեռ պարզ չէ։

Մենք մի քանի հարց ուղղեցինք Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին, ով պատրաստ էր խոսել իր կատարած աշխատանքների մասին, բայց քաղաքական հարցերին դժկամությամբ էր պատասխանում, քանի որ «չի ուզում խառնվել քաղաքական հարցերի մեջ»։

- Դուք առաջիկա ընտրություններին նորից առաջադրվելո՞ւ եք։

- Դեռ հստակ չէ, քննարկումներ են գնում, կտեսնենք։

- Ասում են՝ մարզպետը հակված է Ձեր թեկնածությանը։

- Շնորհակալ եմ, որ հակված է իմ թեկնածությանը։

- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք մարզպետի հետ։

- Դրական։

- Ասում են՝ օգնում եք մարզպետին տարբեր հարցերով, այդ թվում՝ ֆինանսական, սերտ համագործակցում եք նրա հետ, դրա համար էլ դեմ չէ, որ Դուք լինեք ՔՊ-ի թեկնածուն։

- Ի շահ համայնքի, ի շահ ժողովրդի․․․ մարզպետը համայնքի կողքին է կանգնած, աջակցում է, սատարում է, մնացածն էլ չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում։

- Ասում են՝ ՔՊ-ից էլի հավակնորդներ կան, օրինակ՝ ավագանու անդամ Տիգրան Գալստյանը, ում հորեղբոր տղան Աշտարակի ՔՊ տարածքային կառույցն է ղեկավարում։ 

- Չեմ իմանում, տեղյակ չեմ։

- Իսկ Ձեզ համար ընդունելի՞ է համայնքների խոշորացումն այս ձեւով, օրինակ՝ Աշտարակի կազմում 30 համայնք է մտնելու։ 

- Դա էլ տեղյակ չեմ, Վահե ջան, կգա ժամանակը, կհստականա, կտեսնենք։

- Բայց նախագծին ծանոթ եք, չէ՞, որ Աշտարակը խոշորանում է՝ ընդգրկելով 30 համայնք, երեկ էլ ԱԺ արտահերթ նիստով ընդունվեց այն։

- Չեմ հասցրել նայել։

- Չե՞ք ծանոթացել նախագծին, որ Աշտարակ համայնքը խոշորանում է։

- Տեղյակ եմ նախագծից, բայց Ազգային ժողովը հաստատել է, թե չէ՝ չգիտեմ։

- Դուք արդեն 5 տարի է՝ ղեկավարում եք քաղաքը, զուտ արդյունավետ կառավարման տեսանկյունից նորմա՞լ է, որ մի քաղաքապետ 30 համայնք ղեկավարի։

- Կգա ժամանակը՝ կերեւա։

- Աշտարակցիներն ինչպե՞ս են գնահատում Ձեր աշխատանքը, գո՞հ են Ձեզնից, հասցրե՞լ եք այս ընթացքում շահել աշտարակցիների վստահությունը։ 

- Դա պետք է քաղաքացիներից հարցնեք, ես ի՞նչ կարող եմ ասել։

- Շանս ունե՞ք նորից ընտրվելու։

- Կգա ժամանակը՝ կտեսնենք։

- Դուք անկուսակցական եք, ճի՞շտ է, բայց նախկին իշխանությունները 2016-ին, երբ ընտրվում էիք, աջակցել են Ձեզ կամ առնվազն դեմ չեն եղել Ձեր առաջադրմանը։

- Աջակցել են, թե չէ՝ չգիտեմ, բայց որ դեմ չեն եղել՝ այո։

- Իսկ այս իշխանությունների հետ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները, ՔՊ-ում ինչպե՞ս են վերաբերվում Ձեզ։ 

- Շատ դրական։ Մնացածն էլ՝ կգա ժամանակը, կտեսնենք։

- Գո՞հ եք այս իշխանություններից, նրանց վարած քաղաքականությունից... 

- Եթե հարցնում եք՝ գոհ եմ, հա՝ գոհ եմ։

- Այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Ձեզ գոհացնում են։

- Հայաստանում տեղի ունեցողը տենց մարդ կա՞, ում գոհացրել ա, որ ինձ գոհացնի։

- Իշխանությունների մեղքը չկա՞ այդ տեղի ունեցողի հարցում։

- Չգիտեմ՝ ինչ քաղաքական հարցեր ես տալիս։

- Լավ, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններին Դուք որեւէ ուժի աջակցե՞լ եք։

- Էլի քաղաքական հարցեր եք տալիս, աշխատելու հետ կապված հարցեր տվեք՝ պատասխանեմ։

- Աշխատելու հետ կապված՝ դեռ առիթներ կունենանք, ասում էին, թե ընտրություններին չեզոք դիրք էիք գրավել, բայց իրականում ավելի շատ ընդդիմությանը, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքին եք կողմ եղել։

- Չեզոք դիրք եմ բռնել, բայց ավելի շատ իշխանությանն եմ աջակցել։  

- Դուք քաղաքական հարցերի չեք ցանկանում պատասխանել, բայց նաեւ պարտադրված եք պատասխանել նման հարցերի: Դուք քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի կողմից եք, չէ՞, առաջադրվելու։

- Եթե օրենքը տենց ա, հա՝ ՔՊ-ի կողմից, մեծ հավանականությամբ, կամ կտեսնենք՝ ինչ որոշում իրենք կկայացնեն։