Բեսպրեդել

Բեսպրեդել

Մեզ թվում էր, թե գոնե որոշ հարցերում փոփոխություններ կան: Օրինակ, կալանավայրերում եւ ոստիկանությունում այլեւս մարդ չեն ծեծում: Պարզվում է` ոչինչ էլ չի վերացել, ոչինչ էլ չի փոխվել: Եվ այսքան օրենքներ ընդունելը, միջազգային կոնվենցիաներին ու տարբեր կառույցներին անդամագրվելը չեն վերացրել բեսպրեդելի այն մթնոլորտը, որը տիրում էր Հայաստանում 90-ականներին, երբ մենք դեռ Եվրախորհրդի անդամ չէինք, Եվրադատարան դիմելու հնարավորություն չունեինք, եւ խոշտանգումների դեմ պայքարի տարբեր հանձնաժողովներ ու կոմիտեներ մեզանում չէին գործում: Ավելին` թվում էր, թե 2018-ից հետո իրավիճակն ավելի բարվոք պետք է լինի, չէ որ մարդու իրավունքների, էկոլոգիայի, գնաճի դեմ պայքարողների մի մեծ խումբ եկավ իշխանության:

Պարզվում է` ճիշտ հակառակն է: Առնվազն երկու պատմություն լսեցի այս օրերին, թե ինչպես են ոստիկանները, պարեկները ոչինչ չարած մարդուն փողոցից բռնել, թեւերը ոլորել ու տարել ոստիկանություն` ճանապարհին խոստանալով, որ «պատրաստվի` բամբակով ջուր ես խմելու»: Մի դեպքում խուզարկելիս պատահաբար աշխատանքային վկայականն են գտել գրպանից եւ իմանալով, որ նախարարներից մեկի խորհրդականն է, բաց են թողել: Իսկ մյուս դեպքն ավարտվել է ողբերգությամբ: Երեւանում հայտնի դիզայներ-նկարիչ, ՀՀ եւ Ֆրանսիայի քաղաքացի Էդիկ Վանեսքեհյանին ոստիկանները տան մոտ վիրավորել են, կնոջը հրել, վերջինս հայհոյանքին հայհոյանքով է պատասխանել եւ հայտնվել ոստիկանական մսաղացում: Տարել են ոստիկանություն եւ այնքան ծեծել, որ ուղեղի ցնցում է ստացել, ականջների թմբկաթաղանթներն են պատռվել, 15 օր ստացիոնար բուժում է ստացել: Իսկ որ օրը հիվանդանոցից դուրս են գրել` կալանքի սանկցիա են տվել, կալանավորել` ոստիկանին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: