Սթափվե՛ք, պարոնայք

Սթափվե՛ք, պարոնայք

Երկրի ներդաշնակ զարգացման առաջնային նշանակության պայմաններից է  իշխանություն-ժողովուրդ միասնականությունը։ Ընդ որում, առաջընթացը պայմանավորված է կայուն, ժողովրդավար, արհեստավարժ կառավարիչների գործունեությամբ, որը զուգակցված է իշխանության հենարան հանդիսացող ժողովրդի սոցիալ-տնտեսական արդյունավետ գործունեությանը և տնտեսության նյութական ու սպասարկող ոլորտների խելամիտ կառավարման մշակույթին։ Երկրի տնտեսական զարգացման մոդելը ցանկալի է, որ լինի յուրահատուկ (ազգային) կամ որևէ երկրի մոդելին մոտ տարբերակով։ Ոչ մեկը կա, և ոչ էլ՝ մյուսը։ Նկատելի են անկանոն, ներառական տնտեսական գործունեության զարգացման տարածական օջախային դրսևորումներ։

Որպես երկրի զարգացման նախապայման՝ անհրաժեշտ է նաև ժողովուրդ-իշխանություն փոխվստահության մթնոլորտի ապահովումը։ Այդ մշակույթը  նույնիսկ Հայաստան երկրի հայերով բնակեցված այս հատվածում խաթարված է։ Պատճառները տարբեր են։ Նախ մի քանի  հարյուր տարի երկիրը գտնվել է օտար իշխանության տակ, իսկ նախավերջին յոթանասուն ու վերջին երեսուն տարիների ընթացքում մենք հնարավորություն չունեցանք ձևավորելու փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ազգամետ իշխանություն ու նրան հենարան հանդիսացող և սատարող ժողովուրդ։ Չենք հասցնում կամ հնարավորություն չենք ունենում (կամ չեն տալիս) ձևավորել ազգային՝ հայկական ժողովրդավար հասարակական մշակույթ։ Նկատենք նաև, որ այս վերջին երկուսուկես տարիների ընթացքում թվում էր, թե հասել ենք մեր երազած ափին, բայց պարզվեց, որ այն դեռևս մշուշապատ է, լավ չի երևում։ Անընդհատ գտնվել ենք սոցիալական, քաղաքական, տնտեսական, ռազմական, ժողովրդավարական ու դեմոգրաֆիկ օտարամետ նպատակ հետապնդող  ցնցումների դաշտում, որոնց հետևանքով մենք ընդգծված տեմպերով նահանջել ենք, իսկ հարևան երկրներն առաջընթաց են ապրել։ Սա հեռանկարում լուրջ վտանգ է ներկայացնում մեր երկրի պատմական զարգացման հետագա ընթացքը ապահովող ծրագրերի կատարման համար։ Կազմակերպական և կառավարման ու դիվանագիտական բնույթի զանազան սխալներ ենք թույլ տալիս և գտնում արդարացումներ։
 

Տնտեսական զարգացման տեսանկյունից ամեն ինչ չի կարելի կապել «ռեսուրսաանապահովության» հետ։ Արհեստական քարոզը, թե իբր մենք ռեսուրսներով ապահովված չենք, ընդամենը  խաբկանք է, այն էլ՝ նպատակային։ Մենք բավականին ապահովված ենք ոսկու, պղնձի, մոլիբդենի և այլ գունավոր ու թանկարժեք մետաղներով։ Դրանք նավթից ոչ պակաս փողաբեր (տեղում վերամշակելու դեպքում) ոլորտներ կարող են ձևավորել։ Խնդիրը դրանց ազգամետ ու էկոլոգիապես խելամիտ եղանակներով կառավարման՝ արդյունահանման, վերամշակման ու միջազգային շուկաներում իրացման մեջ է։ Իսկ հողային, ջրային և հատկապես բնական շինանյութերի ռեսուրսները հաշվենկատ օգտագործման դեպքում մեր հանրապետությունը կարող է տարածաշրջանում ունենալ մենաշնորհ։

Որպես եզակի ռեսուրս՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր մշակելիս մենք անհասկանալիորեն հաշվի չենք առնում և չենք գնահատում նաև սփյուռքի գործոնը։ Հայաստան-սփյուռք կապը երկկողմանի համագործակցային պետք է դարձնենք։ Նաև քաղաքական բնույթի ազգային կարևոր հարցեր լուծելիս,  պահանջներ ներկայացնելուց զատ անհրաժեշտ է սփյուռքի մասնագետներին ներգրավել մեր ծրագրերում, առանձին գաղթօջախների ցուցաբերել նաև նպատակային աջակցություն։ Ավելին, մարդկային, ինտելեկտուալ ռեսուրսով մեր յուրահատուկ ապահովվածությունը (նաև արագ հմտություններ ձեռք բերելու բնականոն օժտվածությունը) մեզ հնարավորություն է տալիս բոլոր ոլորտներում հասնելու զարգացման մենաշնորհի։ Օտարները մեզանով հիանում են, որովհետև օտար երկրներում ակնառու հաջողությունների ենք հասնում։ Մենք մեր երկրում մեզ թերագնահատում ենք։ Եկեք նախ և առաջ վերջապես տիրապետենք ազգային կառավարման արվեստին, գտնենք, մշակենք մի յուրահատուկ տարբերակված ինքնակառավարման ազգային մոդել, այլապես օտարները պատրաստակամ են (նույնիսկ հերթագրվել են) մեզ «կառավարելու»։ Այս հարցերի պատասխանն է ժողովուրդը ակնկալում։

Մենք հայտնվել ենք երկակիության դաշտում․ շուկայական կառավարման լծակները կամ մշակույթը միախառնել ենք վարչահրամայականին և գործում ենք առավելապես «հիբրիդ» մոդելով։ Վարչական կառավարման մշակույթը բավականին դժվար է նահանջում, որովհետև լիարժեք «նստած» է միջին և ավագ սերնդի մարդկանց հոգիներում, թույլ չի տալիս ժողովրդավար և ինքնակառավարման մշակույթ առաջանա, տարածվի ու արմատավորվի, մարդիկ ցուցաբերեն նախաձեռնելու կարողություններ։ 

Երկրի կառավարման ղեկի մոտ  կանգնած կառավարիչների և ընդդիմադիր բևեռի ղեկավար կազմի ու ընդհանրապես այսօր առաջնորդողների դերակատարությունը կատարողների համար պարտադիր է ազգի առջև պատասխանատվության ստանձնումը և գործելաոճը։ Չնայած ժողովուրդը, միամիտ լինելով հանդերձ, հավաքական իմաստուն  խառնվածք ունի, բայց և այնպես նաև դյուրահավատ է, կարող է և սխալվել։ Չէ՞ որ ղեկավար-առաջնորդները լիարժեք պատասխանատվություն են կրում բոլոր գործընթացների համար։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը այսօրվա իրավիճակի պատասխանատուներն են․ երկու կողմն էլ խուսափելու տեղ չունեն, ցանկացած անհաջողության հիմքում ընկած է կամ մեկի, կամ մյուսի, կամ էլ, որը առավել հավանական է, երկուսն էլ միաժամանակ ու հավասարապես։

Այսօր  հատկապես դժվար է մեղավորներ բացահայտելը։ Համատարած անվստահությունը, դեպքերի և իրադարձությունների վաղեմությունը, իրական տեղեկատվության բացակայությունը կամ էլ խեղաթյուրումը, կեղծիքը, անձնամետ կամ հակառակ մեկնաբանությունները, անհաշտ քաղաքական հակասությունները, զրպարտությունները, անձնայինի տակ քողարկված ազգայինի ու ժողովրդի նկատմամբ «շահագրգիռ» գործողությունները, իշխանատենչությունը կամ պաշտոնասիրությունը և այլն դարձել են ակտիվ գործելաձև, նույնիսկ արդեն արմատացած մշտապես դրսևորվող որակներ։ Նախ ոչ մեկիս ծուռ հայելու օրենքով գործելու իրավունք վերապահված չէ, և ապա պաշտոնը ու հաստիքը սեփականաշնորհման ենթական չեն։ Մեր ժամանակաշրջանը պատմության մեջ կհամարվի որպես մի դեպքում անիծյալ, մեկ այլ դեպքում՝  զավեշտալի ժամանակաշրջան, մեզ կհամարեն դավաճան ու անկարող,ազգակործան։ Մեր սերունդները կամաչեն և կխուսափեն մեր այսօրվա ժամանակաշրջանի ու մեր մասին խոսել, նույնիսկ  Աստծո պատժից էլ չենք  վախենում։ Այնպես որ այնթույլատրելի է այսպես շարունակելը։ Բոլոր պարագաներում հրատապ անհրաժեշտություն է առաջացել կանգնեցնել  ներկայումս երկրի զարգացման հակառակ պտտվող անիվը։ Դրա համար կան բոլոր նախադրյալները, բացի մեր նախատրամադրվածությունից և ամբիցիոզությունից․ մինչև ե՞րբ պետք է այսպես շարունակվի, ե՞րբ պետք է թաց ու չոր միմյանցից զատվեն։

Հարգելի՛ իշխանավորներ և ընդդիմադիրներ, եթե ազգի առջև պարտականություններ եք ստանձնել, ապա բարի եղեք կրել նաև  պատասխաատվություն և զգաստացե՛ք, դուք խաղում եք երկրի ապագայի հետ և նրա լինել-չլինելը դրել եք նժարին,  դուք նման իրավասությամբ օժտված չեք, դուք պատասխանատվություն եք կրում երկրի, մեր ժողովրդի՝ արդեն աշխարհասփյուռ դարձած ազգի հեղինակության, լինելիության հետ։ Բավական է նպաստել արտագաղթին և մեծացնել սփյուռքահայերի թիվը։ Հայ ժողովուրդը, այո՛, արդեն աշխարհում ճանաչում ունի, ազնիվ ու բարեխիղճ աշխատող է, ունի բարձր աշխատասիրություն,  ստեղծարար է, բարի ու քաջարի հատկանիշներով է օժտված։ Հետևաբար, գրեթե բոլոր երկրներում էլ հայ մարդը ընդունելի է։  Հայ ժողովուրդը մոլորակի այս անկյունում լիարժեք ապրելու իրավունքը նվաճել է, բայց․․․։ Ո՞վ և ե՞րբ պետք է մտածի զանգվածային հայրենադարձության կազմակերպման մասին, ինչու՞ համանման պետական ծրագրեր չենք իրականացնում։ Համոզված եմ, որ մայր Հայրենիքը կայուն և շեն երկիր դարձնելու դեպքում շատ-շատերը կվերադառնան։

Զգաստանանք և գործենք ազգամետ։ Ազգովի փակենք անպատասխանատու դերակատարներով թատրոնների վարագույրները։ Ժամանակը շատ թանկ է։ Այսուհետ պարտավոր ենք գործել միմիայն ազգամետ  շահերով ու արժեքներով։ Անկեղծ գործընթացներ իրականացնելու դեպքում իսկապես հանրային փոխվստահության մթնոլորտ կարող է առաջանալ։ Փորձենք նաև ինքնազղջման և ինքնաքննադատության օրինակ ցույց տալ։ Մտածենք այս մասին։ Անցել են երկիմաստ ձևով մտածելու և գործելու ժամանակները, չէ՞ որ  ամեն ինչ ու ամեն բան դարձել են ակնառու ու տեսանելի։ Ժողովուրդը արդեն ամեն ինչի և ամեն մեկի մասին տեղյակ է։ 

Կինոթատրոններում աթոռը ժամային օգտագործման պարագա է, իսկ իշխանության մեջ՝ դարձյալ ժամային օգտագործման, բայց քիչ ավելի տևական։ Պետական կառավարման խնդիրներով կարող են զբաղվել նրանք, ովքեր արհեստավարժորեն աճել և առաջ են գնացել իրենց մասնագիտական աշխատանքում, ովքեր, բնականաբար, ակնառու և  լավ են պատկերացնում ավելի բարձր՝ պետական մակարդակի բավականին բարդ խնդիրների լուծման ուղիները։ Այս պայմանի բացակայության դեպքում գործելու ենք դիլետանտության դաշտում, որի հետևանքով խիստ կասկածելի հետևանքներ կունենանք։

Օգտվելով իմ ավագության և հասարակության մեջ ունեցած համեստ կարգավիճակից՝ առաջարկում եմ՝ իշխանության և ընդիմության կողմից անհապաղ ընտրել բանագնացներ,  կազմակերպել աշխատանքային խմբերի հանդիպում-քննարկումներ, հրաժարվել ամբիցիաներից և փոխզիջումների ճանապարհով համատեղ ուղիներ գտնել երկրի առջև ծառացած քաղաքական բնույթի հրատապ խնդիրները լուծելու համար։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր կողմն էլ ունի հիմնախնդրի լուծման իրական տարբերակներ՝ ինքնահրաժարում, ազգային ժողովի ընտրություններ, անբասիր և արհեստավարժ կադրերով թիմերի համալրում և փոփոխում, երկրի զարգացման և պաշտպանունակության նոր և համակողմանիորեն հիմնավորված ծրագրերի ներկայացում, թարմ, խարիզմատիկ առաջնորդների ներգրավում և այլն։ Ձեր հոգին խորն է։ Դուք հայտնվել եք թատերաբեմում, գտեք և առաջարկեք հիմնախնդրի լուծման ազգամետ՝ իրական փոխզիջումային տարբերակներ, որոնց դեպքում էլ ժողովուրդը համարժեք վերաբերմունք կցուցաբերի։    

Հ․Գ․ Ակնկալում ենք այլ հիմնարկ ձեռնարկությունների, համախոհ ընկերությունների համարժեք արձագանքը այս առաջարկությանը։ Կրավորական պահվածքը մեզ հարիր չէ, իսկ լռելն էլ՝ ոչ բարոյական։  

Սուրեն Օհանյան 
Աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր, 
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր