Ժամանակավոր լուծում նախընտրական փուլում՝ բուհերն իրենց ձեռքի տակ պահելու համար

Ժամանակավոր լուծում նախընտրական փուլում՝ բուհերն իրենց ձեռքի տակ պահելու համար

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ: Նախատեսվող նոր կարգավորմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել հիմնադրամի կազմակերպական-իրավական ձեւ ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում, մասնավորապես՝ նվազեցնել կառավարման խորհուրդների անդամների թիվը: Նոր կարգով՝ խորհրդի 20 հոգանոց կազմի 55%-ին կնշանակի կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն՝ 10%, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ 10%, ուսանողական կազմը՝ 25%։ Մինչդեռ, գործող կարգով՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում նույն համամասնությամբ էին՝ 25-ական տոկոս։ 

Նմանօրինակ փոփոխության անհրաժեշտությունը, ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմամբ եւ բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներով: Իսկ իրականում, իշխանությունն ամեն գնով որոշել է ոչնչացնել բուհերի ինքնավարությունն ու կառավարելի դարձնել, եւ այս շտապողականությունը հիմնականում ԵՊՀ-ում ստեղծված վիճակով է պայմանավորված։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել։ Լուծարվել է հոգաբարձուների խորհուրդը: Նոր կարգով իրենց ուզած հոգաբարձուների խորհուրդը կընտրեն եւ ցանկալի թեկնածուին ռեկտոր կդարձնեն, իսկ երբ ՍԴ-ն այս դրույթը հակասահմանադրական ճանաչի, այն հետադարձ ուժ չի ունենա։

ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանն ասում է՝ քանի որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարան է ուղարկել ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը՝ վիճարկելու որոշ դրույթների սահմանադրականությունը, եւ դեռ վերջնական որոշում չկա, իշխանությունն այս ընթացքում հապճեպ որոշում է ուզում կայացնել՝ ըստ երեւույթին, ինչ-որ նպատակ հետապնդելով, ինչի մասով կարող է միայն ենթադրություն անել։

«Իմ ենթադրությունը սա է․ ըստ երեւույթին՝ ունեն մտավախություն, որ հնարավորություն կա վիճարկելու սահմանադրականությունը, եւ սա ժամանակավոր լուծում են բերում՝ նախընտրական փուլում բուհերն իրենց ձեռքի տակ որպես լծակ օգտագործելու համար։ Ու քանի որ խորհրդի կազմի մեծ մասը լիազոր մարմնի կողմից է նշանակվում, սա հենց ուղիղ միջամտություն է բուհերի ինքնավարությանը, ինչը նշանակում է նաեւ, որ ուղիղ ազդեցություն են ունենալու ռեկտորի ընտրության վրա։ Այսինքն՝ քանի դեռ այն նախագիծը վիճարկվում է ՍԴ-ում, սրանով ժամանակավոր լուծում են բերում»,- ասում է նա ու անդրադառնում պաշտոնական այն հիմնավորմանը, որ նախագիծը միտված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը․ «Արդյունավետությունը շատ վերացական հասկացություն է, եւ դա առնվազն հիմնավորում պետք է ունենա, թե որ արդյունավետության մասին է խոսքը՝ ի՞նչն արդյունավետ չէ, եւ ի՞նչն են ավելի արդյունավետ ուզում դարձնել»։ 

Ա․ Կոստանյանը կարծում է, որ այս նախագծի հիմնական թիրախը ԵՊՀ-ն է, որը մինչ օրս ճգնաժամային իրավիճակում է՝ կառավարման տեսանկյունից, եւ քանի դեռ բուհը ռեկտոր չունի, զարգացման որեւէ տեսլական էլ չի կարող ունենալ, որովհետեւ ռեկտորն ուղիղ պատասխանատվություն է կրում բուհի զարգացման համար․ ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքն էլ կարելի է այս համատեքստում դիտարկել, որը բերվում է 1-2 բուհի հարց լուծելու համար, որովհետեւ, եթե դիտարկենք այն զուտ ռեֆորմ, ապա այդ տեսանկյունից որեւիցե կապ չունի իրական բարեփոխումների հետ, որը կլիներ տվյալ օրենքի նախագծի տակ»։ 

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը նոր նախագծի մասին տեղեկացված չէ, ասում է՝ իրեն պաշտոնապես ոչինչ չի ուղարկվել, ու հավելում է, որ այս փոփոխությունը վերաբերում է բուհերին, որոնք ունեն հիմնադրամի կարգավիճակ եւ ՊՈԱԿ-ներ չեն։ Այդ առումով այս փոփոխությունը Կոնսերվատորիային չի վերաբերում, քանի որ այն ունի ՊՈԱԿ-ի կարգավիճակ։ Բայցեւայնպես, համարում է, որ 20 հոգանոց խորհրդի կազմը ճիշտ տարբերակ չէ, հատկապես որ 2 հոգի լինելու են պրոֆեսորադասախոսական կազմից եւ 5 հոգի՝ ուսանողությունից։ 

Համաձայն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի, բուհերի խորհուրդները 9 հոգուց պետք է բաղկացած լինեն․ 5 հոգին՝ լիազոր մարմնից, 4-ը՝ բուհից, որն իր համար ամենաընդունելի կառավարման խորհրդի տարբերակն է։ «Մի փոքր շտկման հարց կար, դա վերաբերում էր նրան, որ որեւէ բուհում ցանկացած պաշտոն զբաղեցնող մարդը չէր կարող կառավարման խորհրդի կազմում լինել»,- ասում է նա ու նշում՝ առաջարկել է, որ գիտխորհրդի կազմում ներգրավված մարդիկ եւս հնարավորություն ունենան ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Իսկ ուսանողների ներգրավվածությունը կառավարման խորհուրդներում ճիշտ չի համարում, որովհետեւ 1-ին, 2-րդ կուրսերի ուսանողներն առայժմ չեն կարող խորհրդում լինել, իսկ ավելի ավագների դեպքում անընդհատ կազմի փոփոխություն են անում։  

Հարցին, թե խորհրդի կազմերը փոխելով պետությունը չի՞ հարվածում բուհերի ինքնավարությանը, Ս․ Հովհաննիսյանը կարծում է՝ քանի որ պետական բուհեր են, պետական պատասխանատվությունն ինչ-որ ձեւով պետք է արտահայտված լինի։ Այն, որ հիմնական մտահոգությունը նաեւ այն է, որ ապահովելով լիազոր մարմնի գերակայությունը խորհուրդներում, իշխանությունը ռեկտորի պաշտոնում կնշանակի իր ուզած մարդկանց, Կոնսերվատորիայի ռեկտորը որեւէ խնդիր չի տեսնում, հատկապես որ ընտրություն է լինելու, այլ ոչ՝ նշանակում։ Ավելին՝ նա նկատում է՝ ռեկտորներից շատերը գտնում են, որ նշանակումով պետք է լուծվի ռեկտորների հարցը․ «Բազմաթիվ են այդպիսի ռեկտորները, որ մտածում են՝ սա է ճիշտը, բայց համագործակցության, բուհի ներգրավվածության առումով ճիշտ է ընտրության տարբերակը պահելը»։