Ինչպե՞ս ստացվեց, որ «Երկիր մեդիան» անցած անգամ երկրորդն էր, հիմա՝ վերջից երկրորդը

Ինչպե՞ս ստացվեց, որ «Երկիր մեդիան» անցած անգամ երկրորդն էր, հիմա՝ վերջից երկրորդը

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը, որի արդյունքում մրցույթին մասնակցող վեց հեռուստաընկերություններից չորսը ստացան սլոթի օգտագործման լիցենզիա, բացի «Հայկական երկրորդ» հեռուստաալիքից և «Երկիր Մեդիայից»: Լիցենզիա ստացան հետևյալ թիվիները` «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ,-ն «Ա-ԹԻՎԻՆ» և «ՇԱՆԹ» ՍՊ-ն, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻն»: Այս մասին «Հրապարակը» զրուցել է «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի լրատվական բաժնի ղեկավար Շավարշ Գևորգյանի հետ:

- Երկու ընդդիմադիր հեռուստաընկերությունները` «Հայկական երկրորդն» ու «Երկիր Մեդիան» այսօր հանրապետական սլոթի սփռման մրցույթում ստացան ամենաքիչ միավորները, չստանալով համապատասխան լիցենզիա: Ինչո՞ւ է ՀՌՀ-ն թիրախավորել հենց այս երկուսին:

- Արդեն երկու տարի է մենք բարձրաձայնում ենք այդ խնդրի մասին:

- Ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու:

- Երբ ստանանք որոշումը, հիմնավորումներին ծանոթանալուց հետո կորոշենք վիճարկե՞լ այն դատական կարգով, թե՞ համաձայնում ենք: Ինձ համար «Երկիր Մեդիային» այսքան քիչ միավոր տալն էր մի փոքր անհասկանալի: Նախորդ մրցույթում բարձր միավորներով նույն «Երկիր Մեդիան» եղել է երկրորդ տեղում, ինչպես Տիգրան Հակոբյանն է սիրում ասել` բարձր թվանշաններ է ստացել: Ինչպե՞ս է հիմա ստացվում, որ ստացավ վերջից երկրորդ միավորը: Սա աբսուրդի ժանրից է: Մեզ համար Տիգրան Հակոբյանի այս որոշումը շատ սպասելի էր, ինչու, որովհետև մի մարդ, որն ասում է` Հ2-ը «Հայելի» ակումբ է ցուցադրում, ուստի եթեր չպետք է ունենա․․․

- Տիգրան Հակոբյանը փորձում է օբյեկտիվության իմիտացիա ստեղծել, թե իբր հաշվի են առնվում տեխնիկական նորարարությունները և այլն, այլն.... փորձում է պնդել, թե իբրև սա քաղաքական որոշում չէ։

- Նա փորձում է արդարացնել իր որոշումը:

- Ձեր կարծիքով` հանձնաժողովի անդամների հետ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նախապես ունեցե՞լ է պայմանավորվածություն:

- Ես սիրում եմ խոսել փաստերով, բայց կարող ենք ենթադրել, որ կարող է նաև լինել այդպես:

- Ստացվում է, որ ՀՌՀ-ն ցածրորակ սերիալներ ցուցադրող նույն «Աթիվիին» կամ «Արմենիա» թիվիին ավելի բարձր է գնահատում, քան Հ2-ին և «Երկիր Մեդիային»:

- Այդ հարցը պետք է ուղղել հենց Տիգրան Հակոբյանին: Ես այդ հարցին պատասխանելուց ձեռնպահ կմնամ:

ՀԳ 

Մենք զրուցեցինք նաեւ ՀՌՀ անդամ, մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ Հակոբ Մովսեսի հետ, հասկանալու համար, թե ինչպե՞ս է ստացվում, որ հենց ընդդիմադիր հեռուստաընկերություններն են զրկվում լիցենզիայից, եւ ինչ սկզբունքով է ինքը մասնակցել այդ որոշմանը, բանաստեղծը, լսելով մեր հարցերն, ասաց, որ դրանք անտեղի և անիմաստ հարցեր են՝ ինքը չի պատասխանի դրան։

ՀՌՀ անդամ, երգիչ Դավիթ Ամալյանն էլ արդեն երկրորդ անգամ է չի մասնակցում այս վճռորոշ ընտրություններին: Մենք կապ հաստատեցինք նրա հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ չի մասնակցում ՀՌՀ-ի մրցույթներին, քվեարկություններին: Ամալյանը նշեց, որ նախորդ անգամ արձակուրդում է եղել, իսկ այսօր` հորեղբայրն է վատառողջ, «Իմ գնալն այդքան կարեւո՞ր է», - ասաց նա: Մենք հետաքրքրվեցինք, թե հա՞շտ է ՀՌՀ-ի այսօրվա կազմի, Տիգրան Հակոբյանի հետ, վերջինս ասաց՝ այո, շատ հաշտ է:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կազմը հետևյալն է` Տիգրան Հակոբյան- նախագահ, Հակոբ Մովսես, Դավիթ Ամալյան, Ռոլանդ Շառոյան, Գոհար Մամիկոնյան, Արթուր Մանուկյան, Վլադիմիր Օհանյան: