Փորձել է ցույց տալ, որ «Մակբու՞ք» ունի

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրապարակավ մեղադրել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներին՝ սուտ տեղեկություններ տարածելու համար։
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Մամիջանյանը արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ԱԺ ելույթին, որի ժամանակ վերջինս ցուցադրել է տեսանյութ, որտեղ իբր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում կոչ է արել չճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ըստ Մամիջանյանի՝ այս հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև խեղաթյուրում է պատմական փաստերը։
«Այդ տեսանյութը դեռ 2010 թվականին հերքվել է նախագահի մամուլի խոսնակի կողմից։ Հայկական կողմը ոչ միայն նման կոչ չի արել, այլև իր համաձայնությունն է տվել խոսակցության գաղտնազերծմանը, իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ հայտարարել է, որ նման քննարկում ընդհանրապես չի եղել»,- ընդգծել է Մամիջանյանը։
«Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից որոշեց սուտ տարածել կամ ցույց տալ, որ «Մակբուք» ունի, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդտեղ»,- ասել է նա Մամիջանյանը:
Նա նշել է, որ նման վարքագծով ՔՊ-ն փորձում է սեփական պիտակները «փակցնել» ուրիշների վրա։ «Ես հասկանում եմ, որ դավաճանի ու ուրացողի պիտակը, որ արդեն դարձել է ՔՊ-ի հոմանիշը, փորձում են փոխանցել այլոց։ Բայց դա իրենց մոտ չի ստացվի։ Նրանք արդեն վաստակել են իրենց տեղը պատմության մեջ՝ որպես խաբեությամբ և խեղաթյուրված տեղեկություններով գործող քաղաքական ուժ»,- նշել է Մամիջանյանը։
Կարծիքներ