Մեր ճակատագիրը Նիկոլով

Մեր ճակատագիրը Նիկոլով

Ես սկսում եմ արդեն զարմանալ ոչ թե Նիկոլի, այլ նրան տանել չկարողացողների վրա: Նկատի ունեմ հայաստանյան հանրության գրագետ ու հայրենասեր հատվածին: Եվ այդ թվում՝ ոչ իշխանամետ լրագրողներին: Անընդհատ Նիկոլին նույն հարցը տալով՝ ակնկալում են այլ պատասխան, քան ստացել էին նախորդ հարցադրումներին: Կարծեմ Ալբերտ Այնշթայն է ասել, որ այլ արդյունք ստանալու համար պետք է հրաժարվել նախկինում կատարված գործողությունից: Նույնը, բնականաբար, վերաբերում է նաև նույն հարցը տալուց այլ պատասխան ակնկալելուն: Ինչ մնում է ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձին, ապա նա պետք է ավարտի իր սատանայական «առաքելությունը»: Այն է՝ մի քանի հազար զինվորի մահվան գնով շոկ առաջացնել հասարակությունում ու դրա ծածկույթի ներքո Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղը: Որպեսզի «տեր-պետրոսյանական սերգոջաները» վերջապես լավ ապրեն: Եվ ունենալով հայրենիքի զգացողությունից զուրկ զանգվածի ու արտաքին ուժերի աջակցությունը՝ նա ավարտին է հասցնելու դեռևս 15 տարի առաջ իր գրքում արտահայտված գաղափարը՝ ազատվել «արցախյան բեռից»: 

Ի դեպ, որքան էլ հարգեմ Կոռնիձորում հանրահավաքի և Երևանում զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի կալանավորման դեմ բողոքի նստացույցի մասնակիցներին, կյանքը ցույց տվեց, որ նման ակցիաներն ի վիճակի չեն Նիկոլին հեռացնելու պաշտոնից: Ուրիշ հարց, որ այդ ակվիաները տեսականորեն կարող են վերածվել Նիկոլին հեռացնելու շարժման: Բայց եթե այդ շարժումը սահմանափակվեց դիմադրական նախկին շարժումների ձևաչափով, ապա կունենանք նույն արդյունքը: Իսկ եթե այդ շարժման ընթացքում հայտնվեց իրական առաջնորդը, ով պատրաստ է անձնազոհության, ապա կարող է և այլ արդյունք գրանցվել: Ի վերջո, ամեն ինչ կախված է առաջնորդի անձից: Իսկ եթե դա տեղի չունեցավ, ապա Նիկոլը կգնա խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ որքան էլ այն լինի կապիտուլյացիոն: Իսկ որ դա լինելու է այդպիսին՝ բազմիցս խոստովանել է հենց ինքը: Ասելով, որ ինքը կգնա այնպիս քայլի, որ դժվար թե (մեղմ ասած) արժանանա ժողովրդի մեծամասնության հավանությանը: 

Եթե զարգացումները տեղի ունենան նշված ուղղությամբ, ապա որոշ ժամանակ անց կկնքվի կապիտուլյացիոն խաղաղության պայմանագիր: Այնուհետև արևելյան սահմանով կիրականացվի սահմանազատում և սահմանագծում՝ բացառությամբ ինչ-ինչ խնդիրներ ունեցող մի նեղ հատվածի: Եվ շատ չանցած՝ արևելյան խանը կհայտարարի, որ թերի է մնացել եռակողմ հայտարարության 9-րդ կետը և կպահանջի «Զանգեզուրյան միջանցքը»: ՀՀ «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանը» երևի սկզբում կհրաժարվի կատարել ադբեջանցիների պահանջը: Նրանք էլ, անընդհատ սադրանքների դիմելով վերը նշված նեղ գոտում, մի օր էլ կորոշեն վերջնականապես լուծել միջանցքի հարցը: Ո՛չ ՀԱՊԿ-ը և ո՛չ էլ առանձին Ռուսաստանը (հատկապես եթե շարունակվի ռուս-ուկրաինական պատերազմը) չեն միջամտի, քանի որ սահմանային այդ հատվածի հարցը, նրանց ասելով, փակված չի լինի: Բնականաբար, չի միջամտի և ագրեսորին չի կանգնեցնի արևմտյան ոչ մի երկիր: Որովհետև Եվրամիությունը չի պատերազմի հուսալի գործընկեր Ադրբեջանի դեմ: Իհարկե, կկատարվեն դատապարտող հայտարարություններ, և դրանով հարցը կհամարվի փակված: Իսկ հետո արդեն կգա Սևանա լճի և այլ տարածքների հերթը:

Իսկ ի՞նչ կարող է դրան պատասխանել Հայաստանի Հանրապետությունը. բացարձակ ոչինչ: Եվ եթե այդ ժամանակ էլ մենք չկարողանանք պաշտոնից հեռացնել Նիկոլին, ապա կյանքի կկոչվի 1920 թվականի Ալեքսանդրոպոլի պայմանագիրը: Եվ մի քանի տասնամյակ անց Հայաստանի Հանրապետությունից կմնա միայն ձևական անունը: Կամ նույնիսկ դա էլ չի մնա՝ Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությամբ Թուրքիան կվերածվի Հայաստանի պրոտեկտորատի: Իսկ որպեսզի այդ ամենը տեղի չունենա՝ Նիկոլը պետք է հեռացվի: Հայաստանում պետք է հաստատվի մերիտոկրատիա (արժանիների կամ խելացիների իշխանություն): Հայաստանը չպետք է խաղեր տա արտաքին կողմնորոշման առումով. դա չի ներվում: Դրա փոխարեն պետք է բուժի «նիկոլիզմի» վերքերը և պատրաստվի պատերազմին: Որը լինելու է դաժան, բայց դրա այլընտրանքը պետության կործանումն է: Եվ մեր ժողովրդի վերջնական հեռացումն իր հայրենիքից: Իսկ եթե մենք դա չենք ցանականում, ապա միայն ագրեսորին արմատապես խեղճացնելու դեպքում կկարողանանք ակնկալել երկարատև իրական խաղաղություն մեր տարածաշրջանում: