Ալեն Սիմոնյանը ստանձնել է դասատուի ու ժանդարմի դերը

Ալեն Սիմոնյանը ստանձնել է դասատուի ու ժանդարմի դերը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն ի պաշտոնե վարում է խորհրդարանի նիստերը, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, սահմանափակ իրավասություններ ունի։ Նա ընդամենը կազմակերպում է ԱԺ նիստերը եւ կանոնակարգում խորհրդարանի աշխատանքը։ Այսինքն, կարող է ընդամենը քվեարկություն հայտարարել, պատգամավորներին ձայն տալ, նախազգուշացում անել ԱԺ նիստը կոպտորեն խանգարողներին, եւ առավելագույնը՝ զգուշացնել ելույթ ունեցող պատգամավորներին, որ օրակարգից շեղվել չի կարելի։ Վերջ։

Նա ոչ դասատու է, որ նախադպրոցական տարիքի երեխաներին սաստող տոնով բղավի՝ «լռություն», ոչ ժանդարմ է, որ հարկադրանքի միջոցներ կիրառի իրավախախտների դեմ, ոչ Քաղպայմանագիր կուսակցության ԱԺ նախագահն է եւ ոչ էլ վարչապետի վարձու աշխատողը, որի պարտականությունների մեջ մտնի վարչապետի իրավունքների պաշտպանությունը։
Սակայն ի՞նչ ենք մենք տեսնում այս մեկ ամսից պակաս ժամանակահատվածում։ ԱԺ նորընտիր նախագահը ՔՊ շահերի ու ՔՊ-ական կառավարության շահերի պաշտպանն է եւ ընդդիմության ոխերիմ թշնամին։ Եւ ԱԺ նիստն էլ վարում է՝ ըստ այդմ։

Իրականում՝ ԱԺ նախագահն իրավունք չունի միջամտել պատգամավորների գործունեությանն ու խոսքին։ Իրավունք չունի դիտողություն անել նրանց եւ հուշել կամ քննադատել նրանց ելույթները։ Իրավունք չունի միջամտել պատգամավորների ելույթների բովանդակությանը, առավել եւս՝ հարցեր տալ, ռեպլիկներ թողնել, հակադրվել խոսողներին, հաշիվ պահանջել, ակնարկներ անել, հեգնել։ Նման պահվածքը նրա իրավասությունների մեջ չի մտնում եւ դա ԱԺ նախագահի իրավասությունների կոպիտ խախտում է։

Երբ նա միջամտում է Վահե Հակոբյանի ելույթին եւ ասում է՝ «անհասցե բաներ մի ասեք, անուն տվեք․․․մենք էլ կասենք՝ դուք եք արել․․․»։ Սա ավելի արտառոց քայլ է, քան տեղից բղավող ուսապարկերի աղմուկն ու ռեպլիկները։ Այն, որ ԱԺ նախագահը չի տիրապետում իր իրավասությունների շրջանակներին, երեւում է ամեն ինչից։ Մասնավորապես դրա մասին է խոսում նաեւ այն, որ նա մեկ օրվա մեջ երկու անգամ օգտվում է արտահերթ ելույթի իրավունքից՝ չարաշահելով իր լիազորությունները։

Իսկ լրագրողների տեղաշարժի սահմանափակումները, լրագրողներին օթյակից հեռացնելը, տեսանկարահանումն անջատելը լրացնում է այս պատկերը։
Հասկանալի է, որ ԱԺ նախագահը երիտասարդ է, դեռ սովորելու, նոր կարգավիճակին հարմարվելու խնդիր ունի, բայց նա լավ «օրինակ» ունի աչքի առաջ եւ, ըստ ամենայնի, ոչ թե ԱԺ նախկին նախագահներ Բաբկեն Արարքցյանի, Կարեն Դեմիրճյանի, Տիգրան Թորոսյանի, Արա Բաբլոյանի օրինակից է օգտվում, այլ սեփական կուսակցական առաջնորդի։