Երբ կորցրինք պետությունը

Երբ կորցրինք պետությունը

Ո՞ր պահին պետությունը վերացավ մեր երկրում՝ երբ ընտրությունները կեղծվեցի՞ն, եւ իշխանության կարկառուն ներկայացուցիչն ասաց՝ եթե անգամ ընդդիմության ներկայացուցիչը հաղթեր, թույլ չէինք տալու գալ իշխանության։ Գուցե ա՞յն պահին, երբ մի խումբ «ռոմանտիկներ» մտան խորհրդարան ու գլխատեցին իշխանության ներկայացուցիչներին։ Իսկ գուցե այդ պահն ավելի ուշ է եղել, երբ մայրաքաղաքի կենտրոնում իրար դեմ էին ելել զինված եւ անզեն մարդիկ, իսկ արդյունքում 10 մարդ զոհվեց։

Շատ հնարավոր է, որ մենք պետությունը կորցրինք այն օրը, երբ իշխանությունը որոշեց Սահմանադրությունը փոխել եւ նախագահական կառավարումը փոխարինել խորհրդարանականով, բայց մի անձի իշխանությունն այնպես ամրապնդել, որ օձն իր պորտով, հավքն իր թեւով չկարողանա խաթարել այդ մենիշխանությունը։ Սակայն հնարավոր է, որ այդ աղետը մեր գլխին եկավ հենց այն օրը, երբ մենք փողոցներում շամպայն էինք ըմպում՝ մի անձի հրաժարականի առիթով, դա համարելով մեր ժողովրդի փրկության ժամը։

Բայց դրանից հետո էլ մենք դաժան օրեր շատ տեսանք։ Հանգիստ դիտում էինք, թե ինչպես է իշխանությունը դատարանների դռները փակում, գեներալներին ու նախկին նախագահներին ապակեպատ վանդակներում նստեցնում, պետական ողջ համակարգը քանդում՝ առանց տեղը ինչ-որ բան դնելու։ Հետեւում էինք, թե ինչպես են տգիտությունն ու բթամտությունը դանդաղ սողոսկում դեպի պետական կառավարում։ Ծաղրում էինք ու զվարճանում որոշում կայացնողների եւ բուն որոշումների վրա։ Բայց պետությունը վերջնականապես ոչնչացավ թերեւս սեպտեմբերի 27-ից հետո, երբ հաշված օրերի ընթացքում պարզվեց, որ երկիրը դադարել են կառավարելուց եւ մեզ բոլորիս հանձնել բախտի քմահաճույքին։ Ու պարզվեց, որ պետական կառավարումը խաղուպար չէ, ամեն մեկի խելքի բանը չէ։