«Հեղափոխություն» բառն ընդամենը կաղապար է

«Հեղափոխություն» բառն ընդամենը կաղապար է

Հունվարի 19-ին ավարտվեց ՀԱՊԿ առաքելությունը Ղազախստանում, եւ բոլոր խաղաղարարները, այդ թվում՝ հայկական ջոկատը, մեկնեցին երկրից: ՀԱՊԿ անձնակազմը՝ ի դեմս Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ուժայինների, խռովության ամենաթեժ կետ Ալմաթիում, ապա նաեւ մայրաքաղաք Նուրսուլթանում տեղակայվել էր հունվարի 6-ին: Սա, բնականաբար, ո՛չ Էրդողանին դուր եկավ, որի մասին վերջինս արտահայտվեց, ո՛չ էլ ԱՄՆ պետդեպարտամենտին, որը մեղադրեց ռուսներին, որ «մի տեղ գալով, նրանք այլեւս դուրս չեն գալիս այդտեղից»: 

Այս հայտարարությունից մի քանի օր անց հայտարարվեց ՀԱՊԿ առաքելության ավարտի մասին, գրվեց, թե ՀԱՊԿ զորքերին «խնդրել» են դուրս գալ ղազախական իշխանությունները, եւ դա կապված է երկրում գործող ամերիկյան կենսալաբորատորիաների գաղտնազերծման վտանգի հետ: ԱՄՆ-ից «Ֆենիքս» ինքնաթիռով հատուկ զորախումբ ուղարկվեց Ալմաթի՝ հսկելու բիոլաբորատորիան, որն ամերիկացիների օգնությամբ է կառուցվել եւ որը, իբր, հարձակման էր ենթարկվել թեժ օրերին: Ի դեպ, Ղազախստանը թույլ չտվեց, որ ՀԱՊԿ ուժերը հսկողություն սահմանեն այդ լաբորատորիաների նկատմամբ:

Ամփոփ հիշենք դեպքերը․ հունվարի 2-ին Ղազախստանի արեւմուտքում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին՝ գազի թանկացման պատճառով, հունվարի 4-ին հասան Ալմաթի, եւ ցուցարարների պահանջները դարձան քաղաքական: Հունվարի 5-ին կառավարությունը հրաժարական տվեց: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարեց, որ ինքն է ղեկավարելու Անվտանգության խորհուրդը՝ նախկին նախագահ Նազարբաեւի փոխարեն: 7 հազարից ավելի մարդ ձերբակալվեց, որոնց կասկածում էին պետական դավաճանության եւ անկարգությունների մեջ։ Հենց հատուկ ծառայությունների հին աշխատակիցներն են համարվում ընդվզման կազմակերպիչները: Իշխանությունը հայտարարեց 20 հազար զինյալ ահաբեկիչների մասին, իսկ վերլուծաբանները թուրքական հետք տեսան: Ղազախական դասերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ: 

- Վարկածներ կան, որ ՀԱՊԿ զորախմբերը դուրս բերվեցին Ղազախստանից իրենց իշխանությունների խնդրանքով, ու դա կապում են ամերիկյան բիոլաբորատորիաների գաղտնազերծման վտանգի հետ: Որոշ ռուսական պարբերականներ հենց բիոլաբորատորիաների դեմ պայքարով են պայմանավորում ղազախական իրադարձությունները: Սա արժանահավա՞տ է, Ձեր կարծիքով: 

- Դժվար: Նման բան կարդացել եմ, բայց ոչինչ ասել չեմ կարող այդ մասով: Չեմ կարծում, թե դա է զորք հանելու պատճառը: 

- Որո՞նք էին ղազախական չկայացած «հեղափոխության» դասերը: Ի՞նչ պետք է լիներ, որ չեղավ, եթե, իհարկե, իրոք, այդտեղ թուրքական կամ բրիտանական հետք կար: 
 

- Չեմ կարծում, ամեն ինչ երեւի ավելի պարզ է: Աշխարհաքաղաքական պայքար է գնում՝ թուրք-բրիտանական մրցակցություն ռուսների ու չինացիների հետ՝ Միջին Ասիայի ռեսուրսների համար: Դա է, երեւի, հիմնական պատճառը, նաեւ՝ Ռուսաստանի եւ Չինաստանի արանքում սեպ խրելը: Ղարաբաղի կռվի շարունակությունն է: 

- Փաստորեն, չստացվեցին Թուրքիայի պլանները… Հիմա ո՞ր երկրում հաջորդ «հեղափոխությունը» կբեմադրեն: 

- Դա պրոցես է, շարունակվելու է: Հետո՝ Չինաստան-Ռուսաստան հարաբերություններն էլ անկեղծ չեն: Ամերիկացիները, անգամ բրիտանացիները կնախընտրեն, որ ռուսները վերահսկեն Միջին Ասիան, քան չինացիները, ու երեւի նաեւ աջակցում են ռուսներին այդ հարցում: Չինացիները «կուտեն» Միջին Ասիան, իսկ ռուսները թույլ են, կապահովեն իրենց ներդրումները: 

- Եթե դա թուրքական պլան էր, մերոնք լավ չարեցի՞ն, որ մասնակցեցին ՀԱՊԿ առաքելությանը:

- Կարծում եմ, որ ճիշտ արեցին, պետք էր մասնակցել: Հիմա որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստան չեն մտնում, Ռուսաստանի ռազմական ներկայության շնորհիվ է: Անգամ Իսրայելն է իր անվտանգությունը կապում ռուսների՝ Սիրիայում ներկայության ու Իրանի վրա ազդեցության հետ: Առավել եւս՝ մենք: Մի խոսքով, զորք տանելը Ղազախստան այլընտրանք չուներ: 

- Ղազախստանի դեպքերը, ի վերջո, կարելի՞ է թեկուզ ձեւական անվանել հեղափոխություն: Նազարբաեւից զզված, գազի գնից դժգոհ ժողովրդի ընդվզո՞ւմ էր, թե՞ ուղղորդված գործողություն: 

- Ղազախստանում սոցիալական անարդարությունների դեմ ընդվզումներ էին, սկզբնական փուլում՝ խաղաղ: Մարդկանց պահանջն արդարացի էր ու խաղաղ տեսք ուներ: Երրորդ օրը հայտնվեցին մարդկանց խմբեր, որոնք սկսեցին ուժային գործողություններ իրականացնել: Նաեւ սկզբնական շրջանում ոստիկանությունն անհայտացել էր, հետո սկսեցին մարդկանց վրա կրակել, որոշ խմբեր էլ սկսեցին անկարգություններ հրահրել: Տարբեր վարկածներ կան, որ սոցիալական ընդվզումը որոշ ուժեր օգտագործեցին ներկլանային պայքարում եւ սկսեցին դրանք ուղղորդել դեպի անկարգություններ։ Հաջորդ փուլում արդեն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ խաղի մեջ մտան, յուրաքանչյուրը՝ իր նպատակներով: Սա էր, իսկ «հեղափոխություն» բառն ընդամենը կաղապար է, պրոպագանդայի համար, ով ինչպես օգտագործի:

ՀԳ. Արտակարգ դրության ռեժիմը Ղազախստանում հանված է: Երեկ զոհվածների թիվ հրապարակվեց՝ 225 հոգի: Իրավապահները զանգվածային անկարգությունների մասնակիցների դեմ քրեական գործեր են հարուցում: Փոխվել են կառավարությունն ու նախարարները, աշխատանքից ազատվում են բոլոր նրանք, ովքեր թեթեւ առնչություն կարող էին ունենալ նախկին նախագահ Նազարբաեւի եւ նրա նախկին աշխատատեղի՝ Ղազախստանի անվտանգության խորհրդի հետ: Որպես ազատման պատճառ՝ հաճախ նշվում է «ճգնաժամային իրավիճակում թուլություն դրսեւորելը»: Օրինակ, պաշտպանության նախարար Մուրատ Բեկտանովին ազատել են պաշտոնից բանակը ցուցարարների դեմ չհանելու համար: Բիզնեսը կորուստներն է հաշվում՝ երեկվա դրությամբ մոտ 217 մլրդ դոլար: