Այդ մեծ վերադարձը Հայաստանը պիտի կազմակերպեր․․․
Ամեն ինչ ծրագրված, հեռատես։ Ամեն ինչ կազմակերպվում է այնպես, որ և՛ միջազգային ատյանների բերանը փակի, և մեզ էլ խոսելու տեղ չթողնի։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում նոր հիմնադրված կամ վերականգնված բնակավայրերի վերաբնակեցումն Ադրբեջանն անվանում է մեծ վերադարձ։ Պետական խոշոր ծրագիր է։ Տեսեք ինչ հեռատես քայլ են անում․ «Հարկադիր միգրանտներին մշտական բնակություն է տրամադրվում միայն այն քաղաքում, թաղամասում, գյուղում կամ բնակավայրում, որտեղ նրանք գրանցված են։ Ըստ այդմ՝ Խանքենդիում (Ստեփանակերտ) կվերադառնան միայն այնտեղից տեղահանվածները»,- ասում է Ադրբեջանի փախստականների և ներքին միգրանտների հարցերով պետական կոմիտեն։
Սա ի՞նչ է նշանակում։ Միջազգային կառույցները էլ չեն կարող արձանագրել, որ Արցախում էթնիկ զտում է կատարվել, որ ադրբեջանաբնակ դարձնի։ Չեն կարող արձանագրել, որ Ստեփանակերտը վերաբնակեցվում է՝ հայերին իրենց տներից հանել ու բնակեցնում են ադրբեջանցիներով։ Այնտեղ վերադառնում են «տերերը» , որոնք Ստեփանակերտում կամ մի այլ վայրում մշտական բնակություն են ունեցել, որոնց ժամանակին հանել են իրենց տներից։ Դա անվանում են մեծ վերադարձ իրենց տուն։ Ադրբեջանն ամեն ինչ անում է ոսկերչական ճշգրտությամբ, որպեսզի հետագայում, եթե նույնիսկ հայերը վերադառնալու շանս ունենան, իրենք տիրոջ բոլոր իրավունքները բանեցնեն։
Իսկ Հայաստանն ի՞նչ է անում։ Արցախը մի գդալ շաքարավազի պես լուծում է թեյի մեջ, խմում, որ իզն ու թոզը չերևա։ Ձերբակալում է նրանց, ովքեր հիշում են, որ Արցախ է եղել ու հոգու կանչով իրենց երկիրն են ուզում, իրենց տունը։ Այդ մեծ վերադարձը Հայաստանը պիտի կազմակերպեր։
Կարծիքներ