Հանրային խորհուրդը չի համալրվում, այդ պատճառով էլ ՀԽ նախագահ չի նշանակվում

Հանրային խորհուրդը չի համալրվում, այդ պատճառով էլ ՀԽ նախագահ չի նշանակվում

Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովն արդեն 2-րդ անգամ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ կառավարությունը չի կարողանում նշանակել Հանրային խորհրդի նախագահ։ Ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի՝ կառավարությունը կարող է ՀԽ նախագահ նշանակել միայն այն դեպքում, երբ նշանակված են խորհրդի բոլոր 45 անդամները, որոնցից 15-ը հենց հանձնաժողովի նախագահներն են, մինչդեռ պետաիրավական հարցերի հանձաժողովը չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահ՝ քվորումի բացակայության պատճառով։

Հիշեցնենք, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը փաստաբան Կարեն Զադոյանն էր, որը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ առանց որեւէ պարզաբանման, թե ինչու է հեռանում։ Դրանից հետո այդ հանձնաժողովի ավելի քան 60 անդամներից միայն 9-ն են ներկայանում նիստին։ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ՀԽ-ն պատրաստվում է այս թեմայով արտահերթ նիստ անցկացնել, քանի որ օրենքով նման դեպքեր նախատեսված չեն․

«Դուք հիմա անդրադարձաք այն հարցին, որը կարգավորվում է հընթացս, կամ ո՛չ օրենքը, ո՛չ կանոնակարգը չեն նախատեսել այդպիսի դեպքեր, այնինչ դրանք պիտի նախատեսվեին։ Նախեւառաջ պետք է ասեմ, որ այլ հաստատությունների դեպքում նախատեսվում է։ Օրինակ՝ հայտարարվել է այդ հանձնաժողովի անդամների գրանցումը, եւ դա արգելված չէ այս օրենքով էլ։ Այսինքն՝ չկա այն նորմը, որը պետք է, օրինակ, ասի՝ եթե 2-3 անգամ չեն հավաքվում, ապա նոր կազմ է ստեղծվում։ Այս խնդիրն է, եւ այդ խնդրի համար հրավիրվել է արտահերթ նիստ։ Քանի որ Հանրային խորհրդում կան փորձառու իրավաբաններ եւ փորձառու ՀԽ անդամներ, կարծում եմ՝ կգտնեն մի նորմ, որը կպահանջի կանոնակարգի փոփոխություն։ Ես պետք է հիշեցնեմ, որ այն գլխից ես գտնում էի, որ շատ կոշտ նորմ է օրենսդրության մեջ, որ կանոնակարգը եւս պետք է հաստատվի կառավարության կողմից, բայց, ըստ երեւույթին, այդ ճանապարհով պետք է գնա այս գործընթացը»։

Ալավերդյանի խոսքով՝ Հանրային խորհրդին առաջադրված օրենսդրական պահանջներն ավելի խիստ են, քան մյուս պետական մարմիններինը․ «Մինչեւ չլինեն բոլոր 45 անդամները, վարչապետը չի կարող նշանակել ՀԽ նախագահ։ Ես պետք է հիշեցնեմ, որ 2 անդամ, որոնք նշանակվել էին վարչապետի կողմից, իրենք էլ են հրաժարական տվել, այսինքն՝ վարչապետը պետք է նշանակի 2 հոգի, պետք է ընտրվի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, նոր այս 45 հոգուց, վարչապետի առաջարկությամբ, կառավարությունը նշանակի Հանրային խորհրդի նախագահ։ Ես պետք է իմ կասկածամտությունը Ձեզ հայտնեմ, ես կարծում եմ, որ օրենքն ավելի կոշտ սահմաններ է դնում ՀԽ նախագահի դեպքում, քան, օրինակ, Ազգային ժողովի․ ԱԺ-ն է ընտրում իր նախագահին, իսկ ՀԽ-ի պարագայում, որքան էլ զարմանալի է, նշանակում է կառավարությունը։ Դա ինքնին կրճատում է փորձագիտական եզրակացություններ ու խորհուրդներ տալու անաչառությունը կամ անկախությունը՝ կառավարության կամ վարչապետի վերաբերմունքից։ Ես կարծում եմ, որ եթե մենք ասում ենք՝ «ստեղծված իրավիճակ», ապա դա բացատրվում է ե՛ւ օրենքի, ե՛ւ կանոնակարգի ոչ լիարժեք ընդգրկումը բոլոր այդ դեպքերի։ Ես կարծում եմ՝ դա լավ չէ, որովհետեւ, օրինակ, «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքը փոփոխվել է ինչ-որ դեպքերի շնորհիվ։ Այսինքն՝ աշխատանքի ընթացքում երեւում է, որ այս կամ այն բանը լավ չէ կանոնակարգված, պակաս կա այդտեղ, եւ դրանից հետո մշակվում է այդ օրենսդրական փոփոխությունը։ Ես կարծում եմ՝ ՀԽ նիստում այս բոլորը կքննարկվի»։

Ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 14-րդ կետի՝ Հանրային խորհրդի անդամների եւ նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրանց նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եւ նշված անդամներին նշանակած կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ: Ընդ որում՝ սահմանվում են կոնկրետ դեպքեր, որոնց պարագայում ՀԽ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նշանակումից հետո ի հայտ են եկել փաստեր, որոնք հավաստում են նրա սահմանված պահանջներին անհամապատասխանությունը. եթե նշանակվել կամ ընտրվել է պետական մի շարք պաշտոններում, վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Հանրային խորհրդի երկու անընդմեջ կամ, ընդհանուր առմամբ, երեք նիստերին, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած եւ այլն։ Այսինքն՝ եթե ՀԽ անդամը հրաժարականի դիմում չներկայացնի, ապա նրան հեռացնելը բավականին դժվար է։

Լարիսա Ալավերդյանին հարցրինք՝ կանոնակարգով նախատեսվա՞ծ է ՀԽ-ի լուծարում, եթե նրա անդամները հրաժարականի դիմումներ ներկայացնեն՝ նկատի ունենալով, որ արդեն իսկ հրաժարականի դիմումներ են ներկայացրել Կարեն Զադոյանը, Բաբկեն Պիպոյանը եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Եթե դա ենթադրություններ են, ապա ես այդ ենթադրությունները միշտ որպես ծրագրված գործընթաց եմ տեսնում, դրա համար չէի ցանկանա, որ այդ ճանապարհով գնար, որովհետեւ դա վատ է բնութագրում կառավարությանը։ Եթե մենք տեսնում ենք, որ Հայաստանում որոշ ազդակներ նույն կենտրոնից են գնում, եւ տեղի են ունենում հրապարակային նման ենթադրություններ, ապա դա լավ չէ, որովհետեւ ստացվում է, որ ոչ միայն պետական մարմինների կամ իշխանությունների բոլոր թեւերի հանդեպ կառավարությունն ունի հավակնություն՝ տեսնել իր քիմքին հաճելի, այլեւ ստացվում է, որ քաղաքացիական հասարակության եւ կառավարության միասնական ուժերով  ստեղծված այդ մարմինը եւս  դուր չի գալիս կառավարությանը։ Թեեւ այն իր օրոք է ստեղծվել, բայց կառավարությունն ուզում է ավելի կառավարելի մի հաստատություն ունենալ։ Ես ափսոսում եմ, որովհետեւ ժամանակակից կառավարման մոդելները զարգացած երկրներում ուղղակի ենթադրում են այնպիսի հաստատություններ, որոնք տալիս են փորձագիտական եզրակացություններ, խորհուրդներ, եւ դրանք կարող են բավականին շատ տարբերվել կառավարության կողմից ներկայացված փաստարկներից։ Դրա մեջ է կառավարման համակարգի ուժը եւ հասարակության ուժը»։

Մենք զրուցեցինք նաեւ ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանի հետ։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահները հեռանում են՝ առանց բացատրությունների, իսկ անդամները չեն էլ ներկայանում նիստերի. «Եթե ճիշտն ասեմ՝ չեմ կարողանում հասկանալ, թե այդ մարդիկ, որոնք հանձնաժողովի անդամ են եւ ժամանակին դոշ ծեծելով եկան ու դարձան հանձնաժողովի անդամներ, ընտրեցին Կարեն Զադոյանին, հիմա այդ տղան հրաժարվել է, չգիտեմ՝ ինչի համար է հրաժարվել, ինձ համար շատ տարօրինակ է, որ հրաժարվել է, որովհետեւ առանց պատճառ ասելու հրաժարվում են, նեղանում են կամ չեն նեղանում, չգիտեմ։ Հիմա չեն էլ գալիս նիստի, դա իրենց քաղաքացիական պատասխանատվության մասին է խոսում։ Հանրային խորհուրդը վճարովի չէ, հանրային բարձր գիտակցության վրա գտնվող մարմին է, որը ողջ աշխարհն ունի, շատ կարեւոր բան է։ Հիմա չեն գալիս։ Մենք էլ ասացինք՝ լավ, եթե չեն գալիս, երկուշաբթի օրը բերեք Հանրային խորհրդի մեծ նիստ հրավիրենք, թող ամեն մարդ իր կարծիքն ասի, կարող է մեկը մի խելոք բան ասի։ Ճիշտն ասած՝ հանձնաժողովի նիստ էր, դրա համար մենք հանրային մեծ իրազեկում չարեցինք, որ նիստ պետք է հրավիրվի, բայց յուրաքանչյուր անդամի հատ առ հատ զանգել ենք, այս անգամ երեւի մամուլով հայտարարություն անենք»։

Տեր-Տաճատյանին հարցրինք՝ հնարավո՞ր է ՀԽ-ի լուծարում, եթե նրա անդամների որոշակի տոկոս հրաժարական ներկայացնի։ Տաճատյանը նշեց, որ չի կարող նման բան լինել, քանի որ 15 հոգուն առաջարկում է կառավարությունը, մյուս 15-ին ընտրում են հանձնաժողովները, իսկ 3-րդ 15 անդամին ընտրում են Հանրային խորհրդի արդեն իսկ ընտրված անդամները։