Տեղորոշման մասին եւ ոչ միայն

Տեղորոշման մասին եւ ոչ միայն

«Իմ քայլն» ապացուցեց, որ ոչ թե խորհրդարանական խմբակցություն է, այլ անբարոյական երեւույթների հավաքածու: Զոռբայություն եւ զրո պառլամենտարիզմ: Ուրիշ բան պետք էլ չէր սպասել այդ մարդկանցից, որոնք այսօր տաքսի կքշեին կամ ուրիշի տանը մաքրարարություն կանեին, եթե 2018թ․ ավանտյուրայի շնորհիվ չարթնանային խորհրդարանում:

Երբ պարզ դարձավ, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության ներկայացրած քաղաքացիների զանգերի վերահսկման եւ տեղորոշման նախագիծը, մտածեցինք՝ լավ է, համատեղ ուժերով տապալեցին դրսից պարտադրված հերթական էշությունը: Բայց ոչ, ընդամենը երկու ժամ հետո իմքայլական ոհմակը հավաքվեց եւ առանց ընդդիմության ու ավելորդ ձեւականությունների ընդունեց նախագիծը: Սա ի՞նչ է, եթե ոչ պետության իսպառ բացակայություն, արհամարհանք ընտրողների նկատմամբ, զոռբայություն: Ո՞վ նրանց դրդեց այդ քայլին:

Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանը, որ, ամենայն հավանականությամբ, սպառնաց քայլոներին՝ թաթիկներն ու ականջները կտրել, եթե նախագիծը չանցնի: Եվ անցկացրին վախկոտաբար, գաղտագողի, նենգորեն՝ թքած ունենալով Սահմանադրության ու քաղաքացու վրա: Ասենք՝ «ո՞ւր է ընդեղ քաղաքացի»՝ պողոսների զանգված է, բուսածածկույթ, որ այսօր, ջերմոցային պայմաններում մեկուսացած, միայն ծամում ու զուգարան է գնում:

Մարդ արդեն չգիտի ինչ անի սրանց հետ: Թե կոչ անես՝ դուրս գալ փողոց, էս կառավարության յոթն ու քառսունքը մի օրում անել եւ առանց դիահերձման թաղել, պիտի ասեն խուճապ ես գցում: Պարետը՝ թե բա՝ 20 հոգուց ավել չի կարելի հավաքվել: Մտածում ես՝ պարետ մարդ է, մի բան գիտի, որ ասում է: Գնում ես հացի, տեսնում ես սուպերմարկետում լիքը մարդ: Իմ հարեւանները մրգավաճառ Խաչիկի վրա գրոհում են կրկնակի եռանդով եւ կրկնապատկված քանակով: Բա պարետն ո՞ւր է, խստացված ռեժիմն ո՞ւր է, գլխավոր համաճարակաբան Նիկոլն ո՞ւր է: Կարելի է, չէ՞, այսպիսի բաներից եզրակացնել, որ 20 հոգի ասելով՝ նրանք նկատի ունեն նույն խնդրով ոտքի ելած 20 ցուցարարի, նույն գաղափարի տեր 20 այլախոհի, 20 դժգոհի, 20 սեւի… Այսինքն՝ այդ 20-ն էլ իշխանության վախերի մասին է խոսում: Ու պատկերացրեք, թե այսուհետ ինչ է սպասվում այն խմբերին, որոնք ամենօրյա ռեժիմով ցույց ու միտինգ էին անում կառավարության տան մոտ: Կգան դիմակավոր ոստիկանները, քլորաջրով կախտահանեն հավաքվածներին, կկարանտինացնեն ու կգույքագրեն նրանց՝ հայտարարելով կորոնավիրուսով վարակվածների հերթական խմբաքանակի մասին:

Տեղաշարժման թերթիկ լրացնելուց ենք բողոքում: Շուտով դրա կարիքը չի լինի, Փաշինյանն ու կառավարությունը հոգ են տարել, որ մեզ «տեղորոշեն» միանգամայն կողմնակի մարդիկ՝ հատուկ ծառայություններից: Այսինքն՝ մենք տեղաշարժվում ենք, իսկ նրանք հսկում են մեր անդորրը, հոգ են տանում, որ բարով տեղ հասնենք, ինչ անելու ենք՝ անենք ու վերադառնանք տուն: Հեռախոս ունե՞ս, վերջացավ: Էլեկտրոնային հասցե, ֆեյսբուքյան հաշիվ, բանկային քարտ ունե՞ս, վերջացավ, նրանց ափի մեջ ես այլեւս՝ ի՞նչ գաղտնաբառ, ի՞նչ պառոլ, ի՞նչ կոդ: Նրանք ամեն ինչ գիտեն, նրանք քո ընտանիքի անդամն են, քո ընկերը, քո բարեկամը, ավագ եղբայրը՝ վերջապես, որի խիստ հայացքի ներքո պետք է անցնի կյանքդ: Հո չվախեցա՞ք: Վախենալու կարիք չկա, ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: Մորքուրիդ զանգելու համար այլեւս կարիք չի լինի հեռախոսիդ հարյուրավոր համարների մեջ փնտրել նրա համարը: Կզանգեք ԱԱԾ կարճ համարին, եւ քեզ կմիացնեն մորքուրիդ հետ, որովհետեւ մորքուրդ էլ է տեղորոշված: Այո, նույն Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Վախեցած է մարդը, ռեյտինգը «давно тю-тю», հետ բերելու հնար էլ չկա: Եվ այստեղ, այ քեզ հաջողություն՝ կորոնավիրուս:

Չգիտեմ, քանի՞ մարդ բուժվեց նրա անհատական զանգերից, բայց պոպուլիզմի հայրերը հո տեսան, թե ի դեմս Նիկոլի ինչպիսի արժանավոր հետեւորդ ունեն: Չէի ասի, թե վիրուս չկա: Ամբողջ աշխարհն է բռնել համաճարակը, բայց ոչ մի երկրում համաճարակն այնպես չի օգտագործվում իշխանություն պահելու համար, ինչպես Հայաստանում: Ինչքան քիչ մարդ, այնքան քիչ խնդիր: Մենք տներում նստած՝ իրենք ինչ ուզում, անում են: Վաղն էլ կհայտարարեն, որ կորոնավիրուսի պատճառով քանդվեց ամեն ինչ, կորավ բյուջեն, աշխատատեղերը կրճատվեցին, ներդրումները չեկան: Նախապես կորոնավիրուսով հիվանդացածների թիվը միավորներով էր աճում, մի քիչ խստացրին՝ սկսեց 10-10 աճել, տեսան ձեռնտու է՝ սկսեցին 50-50 ավելացնել: Ծանր դեպքերը 1-2 էին: Այդ մարդիկ մահացան: Ծանրերի թիվն իսկույն դարձրին 9: ԱԺ-ում սկսեցին հանդերձյալ կյանքի հարցեր քննարկել՝ ո՞նց թաղենք մեռելին՝ հերձա՞ծ, թե՞ առանց, բայց առողջապահության նախարարը դիակի շնչել-չշնչելու հարցի վրա «կայֆավատ» է լինում ՖԲ-ում: Իմ ուղեղը հրաժարվում է հասկանալ այս ամենը, բունտ է անում, անընդհատ հուշում է, որ մարդկանց ներշնչվող վախի չափաքանակն ու կորոնավիրուսի վտանգը խիստ անհամաչափ են, եւ այդ անհամաչափության տիրույթում միլիարդավոր դրամներ են յուրացվում:

ՀԳ. Սա էլ հետգրությամբ ասեմ: Եթե ձեզ կալանավորել են, էական չէ՝ ինչ հարցով, կորոնավիրուսը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Ինչո՞ւ, որովհետեւ դատավորն էլ է մարդ եւ կորոնավիրուս կպնելու հատկություն ունի: Կպավ՝ կպավ, ամիսներով կմնաս կալանքի տակ, մինչեւ կա՛մ դատավորը կսատկի, կա՛մ՝ կորոնավիրուսը: Ահա, այսպիսի բաներ: