Արցախից առաջ ոգին ենք հանձնել

Արցախից առաջ ոգին ենք հանձնել

Շեքսպիրյան հերոսի «լինե՞լ, թե՞ չլինել» անլուծելի խնդրի պես հարցնում ենք իրար, թե ինչ կատարվեց պատերազմի 44 օրերին եւ ինչ է կատարվում դրան հաջորդող ամիսներին, որ խորքում համարժեք է մեր լինել-չլինելուն: Ինչո՞ւ է այսպես, կամ ինչպե՞ս եղավ, որ այսպես է: Որտե՞ղ մնացին մեր ընդվզող ու պայքարող ոգին, մեր ինքնությանն ու արժեքներին տեր լինելու կամքը: Ինչպե՞ս է, որ այդքան հանդուրժող ենք ու հաշտվող, համակերպվող ու զիջող, հանձնվող: Պահի՞ մեջ հանկարծ կոտրվեց մեր ոգին, թե՞ տեւական թմրեցումները մեզ հասցրին ոգեղեն անկյալության:   

Մենք համաձայնեցինք, երբ Հայաստանը բաժանվեց հնի եւ նորի, հասարակությունը` սեւերի եւ սպիտակների: Մենք դարձանք հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ, թշնամի ու մեկմեկու չխնայող խրամատներ փորվեցին դեմդիմաց: Մենք 2018-ից առաջ Հայաստանը համարեցինք հին եւ այնտեղ թողեցինք ամեն ինչ` մերժելիի հետ նաեւ ձեռք բերածը, արժեքներն ու անգամ խորհրդանշականը: Նոր Հայաստան` նոր արժեքներ: Սկսում ենք նոր կետից, սկսում զրոյից` որպես նորագույն թվարկություն: Մինչեւ անգամ Հայաստանի չորրորդ հանրապետությունը դրվեց շրջանառության մեջ, որ մի պահ թարմացավ նաեւ պատերազմից հետո. Հայաստան՝ առանց Արցախ, առանց նախկին հաղթանակի, ներկա պարտությամբ: 

Մենք նորմալ ընդունեցինք, երբ քաղաքում սկսեցին սատանա փնտրել, սատանա` մեր մեջ, սատանա` մեզնից մեկը: Մենք էլ սկսեցինք հայացքով սատանա փնտրել փողոցներում, ամեն մեկը կասկածեց ցանկացածին, բացի ինքն իրենից: 

Մենք լռեցինք, երբ որպես առանձին միավոր՝ կառավարության մաս չկազմեց մշակույթի նախարարությունը` մշակութային համարվող եւ մշակույթն առաջնային համարող երկրում: Գյուղատնտեսության նախարարությունը` գյուղատնտեսությունը տնտեսության հիմնական ճյուղ համարող եւ ագրարային համարվող, թեկուզ թույլ զարգացած, երկրում: Սփյուռքի նախարարությունը` գրեթե երեք քառորդ աշխարհասփյուռ հայրենակից ունեցող, դրանով իսկ եզակի եւ սփյուռքն իր ուժը համարող երկրում: 

Մենք համերաշխ էինք, երբ անարգվեց Էջմիածինը, երբ Վեհարանում` նստած հատակին, չստիկ ու շորտիկով, անթրաշ մի խումբ երիտասարդներ քաբաբ ու երշիկ էին ուտում: Մենք նույն համերաշխությամբ ընդունեցինք ոչ պակաս անարգանքը, երբ փողոցում քաշքշում էին վեհափառին եւ վիրավորում:

Մենք գրեթե աջակից էինք ՀՔԾ-ին եւ ԱԱԾ-ին, երբ մեկուսարաններում ու դատարաններում տեսնում էինք արցախյան առաջին պատերազմի հերոսներին, որոնց անունն ահ ու սարսափ էր տարածում թշնամու բանակում, որոնց դատելն ու ոչնչացնելը թշնամու երազանքն էր, անկատար իղձը: Չընդվզեցինք, երբ լսեցինք` Նժդեհը ֆաշիստ է, հակառակ դեպքում ասողը չէր մնա պաշտոնին: Նժդեհին ֆաշիստ նաեւ Ալիեւն է ասում:

Սա տգիտություն եւ վրեժխնդրություն չէր, ոչ էլ պատուհասի քմահաճույք, սա մանրամասն ու ոսկերչական նրբությամբ մշակված նախագիծ էր, որ իրագործվեց հետեւողական ու հմտորեն: Սա մեզ մեր ինքնութունից զատելու, մեզ օտար ու խորթ դարձնելու հաշվարկ էր` կատարված ու կատարվող: Անտարբերության թուրմ, որպեսզի Արցախը ցավով հանձնենք եւ անցավ հաշտվենք: Հանձնելուց հետո էլ հարմարվենք, որ Շուշին Շուշա է եւ ադրբեջանական է, որ Քարվաճառն ադրբեջանական է, որ Սյունիքի նախկին սահմաններն ադրբեջանական էին: Հաշտվենք այն ամենի հետ, որ վաղն է լինելու` նույն ոգով ու ոճով, անկախ նրանից, թե ինչ կարժենա. մենք հլու-հնազանդ կվճարենք:

Հուսիկ Արա