Չորս սիմուլյանտ, երկու դասալիք, ութ խաբեբա՝ դատախազությունը բացահայտում է 44-օրյայի հանցագործներին

Չորս սիմուլյանտ, երկու դասալիք, ութ խաբեբա՝ դատախազությունը բացահայտում է 44-օրյայի հանցագործներին

Կարեւորելով հանրությանն իրազեկված լինելը՝ դատախազությունն օրերս ամփոփ տվյալներ հրապարակեց 44-օրյա պատերազմի ընթացքում բացահայտված հանցագործությունների քննության վերաբերյալ։ Տպավորիչ թվեր․ 800 մեղադրյալ է ներգրավված զինծառայության դեմ ուղղված առերեւույթ հանցագործությունների փաստերով, 55 անձանց գործերը դատարաններում են, 8 հոգու նկատմամբ դատավճիռ է կայացվել:   

Հանցարարքները տարբեր են՝ ապօրինի զենքի կրում-օգտագործումից մինչեւ զենքի հափշտակություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումից մինչեւ լիազորությունների չարաշահում, ծառայությունից խուսափում, հրամանի չկատարում, պետի կամ ստորադասի նկատմամբ բռնություն, զորամասի լքում, դասալքություն, անդամախեղումներ, հայրենիքի դավաճանություն եւ այլն, եւ այլն: 

Տեղեկություններն ընդհանուր են, անանուն եւ մեծ հաշվով չեն բավարարում հանրության իրազեկված լինելու պահանջը: Բոլորիս հուզող դեպքերը, որոնց մասին գրվել եւ խոսվել է, մեծամասամբ ո՛չ բացահայտվել են, ո՛չ էլ այս պահին շահագրգիռ քննությունների ծիրում են։ 
Սկսենք այն 8 դեպքից, որոնց հետ կապված ունենք դատավճիռներ: Ըստ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի՝ «այս բոլոր անձինք դատապարտվել են Արցախից ապօրինի զենք-զինամթերք բերելու, շրջանառելու գործերով եւ այդ արարքները կատարելու համար»: Կարելի է ասել, որ նման «պատերազմական հանցագործները» քիչ են հուզում հանրությանը կամ բոլորովին չեն հուզում: 

Դատարան ուղարկված 48 գործերի վերաբերյալ նույնպես հետաքրքրությունը մեծ չէ:  Դրանցով անցնող 28 անձ հետապնդվում է այս կամ այն կերպ ապօրինի զենքին առնչվելու համար, 8-ը, ըստ նախաքննության, պարզ խաբեբաներ են, որոնք փորձել են գերիների հարազատներից փող պոկել, 8-ն էլ ծառայության վայրն են թողել-փախել: Հասարակ զինվորներ են, թե սպաներ՝ հայտնի չէ: Ըստ դատախազության՝ 4 սիմուլյանտ կա դատվողների մեջ, կանոնագրքային հարաբերություն խախտող մեկ անձ, 2 դասալիք, մեկը, ով հրաժարվել է զինվորական պարտականությունները կատարելուց, եւ մեկ իշխանազանց: 

Ստացվում է, ամբաստանյալները հիմնականում ծառայությունից խուսափողներն են, նրանք, ովքեր տեսնելով, որ օդը բաց է, իրենց ԱԹՍ-ներով խփում են, եւ որ իրենք ոչ թե կռվում են, այլ ուղղակի թիրախ են «նշանակված», այս կամ այլ կերպ խուսափել են ծառայությունից: Արդյո՞ք սա էր 44-օրյա պատերազմի մութ կետը, հանրային իրազեկվածության այն շահը, որի մասին գրում է դատախազությունը: 

Տարածված տեքստում նշվում է, որ քննվում են «Արցախի Հանրապետության հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի եւ ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ եւ դեպի ԱՀ-ի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները»: Արդյո՞ք կան ինչ-որ հիմքեր՝ մտածելու, որ Շուշիի հանձնում է եղել, ոչ թե գրավում: Հարցին  դատախազությունից պատասխանում են. «Ոչ: Այդ գործերը քննվում են գաղտնիության զգալի կոմպոնենտով, եւ որեւէ հավելյալ տեղեկատվության հրապարակում կարող է խոչընդոտել քննության արդյունավետությանը: Միայն կարող եմ հավաստիացնել, որ քննության առարկա է ահռելի քանակի տեղեկատվություն, որը հասանելի է դարձել դատախազությանը լրատվամիջոցների հրապարակումների, ռազմական գործողություններին մասնակցած կամ դրան առնչված անձանց կողմից հրապարակավ կամ ոչ հրապարակավ արված հայտարարությունների, պնդումների միջոցով, ինչպես նաեւ զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից վարույթն իրականացնող մարմնին հայտնելու միջոցով»: 

Կարող ենք արձանագրել, որ պատերազմական հանցագործությունների մասին դատախազության հաղորդագրությունում չտեսանք ոչ մի դեպք, որի մասին այն օրերին ահազանգում էին հենց իրենք՝ պատերազմի մասնակիցները, ինչի մասին խոսում էին սոցցանցերում եւ այլ հարթակներում։ Չգտանք մի դեպք, երբ զինվորներին եւ կամավորներին, առանց համապատասխան պատրաստվածության, տարել են ռազմաճակատ, որ, ասենք, վարորդին ձեւակերպել են հրետանավոր ու տարել  առաջնագիծ, եւ նա անպաշտպան սպանվել է։ Որ երեք օրվա զինծառայողին, որը չի իմացել, թե ինչ է բանակը, տարել են մսաղաց։ Որ սպաները լքել են զինվորներին, որ զինվորներին հրամայել են նստել ավտոբուս, երբ կուտակումներն արգելված էին։

Որ պատերազմի վերջին օրերին հանկարծ դադարեցվել է զենքի տեղափոխումը եւ մատակարարումը, եւ հարյուրավոր զինվորներ մնացել են անզեն, անօգնական: Էլ չենք խոսում անորակ զենքի մատակարարումներից, ՊՆ մեքենաներով խոզերին կեր տանելուց, դրսից եկած օգնութունները՝ սաղավարտներ, այլ հանդերձանք, սարքավորումներ, մեքենաներ թալանելուց ու մսխելուց: Եթե սա է պատկերը, ապա կարող ենք արձանագրել․ լուրջ հանցագործություն` պատերազմի հետ կապված, չի քննվում, իսկ հանրային իրազեկվածության խնդիրը լուծվում է այնքանով, որքանով որ մենք տեղեկանում ենք այդ մասին: Փոխարենը կարծիք է ձեւավորվում, թե 44-օրյայի գլխավոր հրամանատարն անմեղ է, մեր պարտության, դավաճանությունների, կորուստների մեջ մեղավոր են ապօրինի զենք շրջանառողներն ու ծառայությունից խուսափողները:

Հ.Գ. Երեկ օրվա վերջում հուսադրող տեղեկություն ստացանք, որ ձերբակալված է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ նրա, նաև այլ նախկին ու ներկա պաշտոնյաների բնակարաններում խուզարկություններ են ընթանում ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում: Կապրենք, կտեսնենք: