Արտակարգ դրությանն «այլընտրանք» փաթեթը մշակման փուլում է

Արտակարգ դրությանն «այլընտրանք» փաթեթը մշակման փուլում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Արդարադատության նախարարությունը օրենսդրական փաթեթ են մշակում, որի փոփոխությունները վերաբերելու են Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին օրենքին:Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

Խոսնակը բովանդակային մանրամասներ չհայտնեց, ասաց նաեւ՝ հայտնի չէ՝ երբ այն պատրաստ կլինի եւ նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում անվերջ հնարավոր չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, սակայն պետք է համապատասխան օրենքներում այնպիսի փոփոխություններ անել, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախների հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել:

Չորրորդ անգամ երարաձգված արտակարգ դրության ռեժիմը, հիշեցնենք՝ ավարտվում է օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ին: Հայաստանում կառավարությունն առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարել 2020թ. մարտի 16-ին:

Խորհրդարանը թեեւ մեկ շաբաթից ավել է արձակուրդում է, սակայն պատգամավորներին զգուշացրել են կազմ-պատրաստ սպասել, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետ կկանչի պատգամավորներին եւ արտահերթ նիստում կանցկացնեն վերոնշյալ փոփոխությունները: «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը մեզ փոխանցեց, որ գոնե իր համար դեռ պարզ չէ՝ հերթական անգամ երկարաձգվելու է արտակարգ ռեժիմը, թե այլընտրանք է մտցվելու.«Իմ կարծիքով՝ սա այն հարցն է, որ պարետատունը պետք է ճիշտ որոշում կայացնի: Ճիշտ է՝ նվազման միտում է նկատվում, բայց միգուցե պատկան մարմինները  ունեն վերլուծություն, որ պետք է երկարացվի այս վիճակը, երբ կբերեն խորհրդարան, կլսենք, կհասկանանք»: