Մարզպետարանից խոստացել են Շամիրամ գյուղը վաղվանից 400լ ոռոգման ջրով ապահովել

Մարզպետարանից խոստացել են Շամիրամ գյուղը վաղվանից 400լ ոռոգման ջրով ապահովել

Այսօր ի նշան բողոքի՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի բնակչները մտադիր էին փակել Երևան-Գյումրի մայրուղին, սակայն հարցը չի հասել դրան։

Եզդիաբնակ գյուղի բնակիչների բողոքի պատճառը ոռոգման ջրի խնդիրն է, որի հետևանքով դաշտերը, այգիները չորանում են։ «Եզդիների տուն» ազգային շարժման ղեկավար, իրավապաշտպան Այսեր Իսայանը, ով երեկ հայտարարություն էր տարածել բնակիչների մտադրության մասին, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, թե ինչու հարցը չհասավ ճանապարհ փակելուն։

«Առավոտյա ժամը 08։30-ից արդեն Արագածոտնի փոխմարզպետը, մարզպետարանի աշխատակիցները, ջրայի կոմիտեի ներկայացուցիչները Շամիրամ գյուղում էին։ Ժողովուրդը հավաքվեց, կոնկրետ հարցեր դրվեցին, գնացին դաշտերը նայեցին։ Նշանակացվեց Շամիրամ գյուղը սպասարկող նոր տեղամասի պետ», - մանրամասնեց Իսայանը։

Նրա խոսքերով՝ վնաս են գրել թե՛ ծառապտուղների այգիները, թե՛ առվույտի դաշտերը, թե՛ տնամերձ այգիների ծառները, մշակաբույսերը, հատապտուղները։

Շամիրամի բնակիչ Խալիլ Ալիյանն ասաց, որ մարզպետարանից խոստացել են վաղվանից 400 լիտր ջուր տրամադրել գյուղին։ «Ասեցին, իբր «400 լիտր ջուր է հասնում, կապահովենք այդ 400 լիտրը»։ Չգիտեմ՝ կապահովե՞ն, թե՞ չէ, վաղվանից կերևա։ Շատ տարածքներ ունենք, չենք մշակում, որովհետև քանի տարի է, մեզ ջուր չեն տալիս։ Մենք էլ կամաց-կամաց հրաժարվում ենք էդ հողերից», - ասաց նա։

Ալիյանն ասաց, որ ոռոգման ջուրը տրամադրվելու է Շամիրամ-Արզնի ջրանցքով։

Իսկ թե որքա՞ն վնաս են կրել շամիրամցիները, Խալիլ Ալիյանն ասաց, որ 40 օր կլինի, որ առվույտի դաշտերը չեն ջրվել։ «40 օր է արդեն, քաղել ենք, չենք ջրել։ Ջուր չեն տալիս, որ ջրենք։ [Տնամերձ] Այգիները վառվել են [չորացել են]։ Արուճ, Կոշի գյուղերի համեմատ այգիները, ծառները լրիվ վառած են»։  

Ըստ նրա՝ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որևէ պարտավարություն մարզպետարանը չի ստանձնել։ «Ասացին՝ «ճանապարհ չփակեկ, մենք ձեր ջուրը կապահովենք»», - եզրափակեց Շամիրամի բնակիչը։